Իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ այս կարծիքին է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունները միջազգային հարաբերությունների ասպարեզում իրենց դրեցին այնպիսի խոցելի դրության մեջ, որ ղարաբաղյան հարցում առաջացրին միջազգային ճնշումներ. «Ինչպես եւ զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապեց եւ կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարողանալու այնպիսի ճնշումներ գործադրել, որոնք կփոխեն այդ դիրքորոշումները»: Պարոն Զուրաբյանի խոսքով, «Ցյուրիխյան ուրացման» քաղաքականության արդյունքում ձախողվեց այն հաշվարկը, թե ղարաբաղյան հարցում կթուլանան ճնշումները. «Իրականում ղարաբաղյան հարցում ճնշումները տեղափոխվեցին Հայաստանի վրա, որի հետեւանքով Հայաստանը ստիպված առաջին անգամ համաձայնեց խնդիրը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչը հաստատվեց աթենքյան հայտարարությամբ եւ, ըստ որոշ տեղեկությունների, ներառված է Սոչիում համաձայնեցրած նախաբանի մեջ»: ՀԱԿ-ի համակարգողն ասաց նաեւ, որ այդ քաղաքականության շնորհիվ Թուրքիայի դերը ղարաբաղյան կարգավորման խնդրում նորից աննախադեպ բարձրացավ. «Այս գործընթացի շնորհիվ Թուրքիան այսօր ձեռք է բերել դե ֆակտո Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, ինչը բացասական հետեւանք է ունենալու խնդրի կարգավորման հարցում: Այն, ինչ պետք է լիներ հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, վերածվել է հայ-թուրքական հակամարտության, կարգավորված հարաբերությունների փոխարեն ունենք ավելի թշնամացած հարաբերություններ»: Պարոն Զուրաբյանի խոսքով, արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների ձախողումը՝ նրանց երկընտրանքի առաջ է կանգնեցրել. «Կամ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, կամ էլ բախվել տնտեսական ճգնաժամի այնպիսի խորացմանը, որը հղի է սոցիալական բունտերով»:
Պարոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ արտաքին քաղաքականության ձախողումները ցայտուն են նաեւ Հայաստան-Վրաստան հարաբերություններում. «Խախտելով ավելի քան 15 տարվա լռությունը՝ Վրաստանի նախագահը հայտարարեց, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, նա նաեւ դրական է համարում, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ»: ՀԱԿ համակարգողը բացասական դիրքորոշում է համարում նաեւ այն, որ Վրաստանի վարչապետի՝ Հայաստան վերջին այցելության ժամանակ ոչ մի լուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. «Այսպես կարելի է ձախողված համարել Երեւանից մինչեւ Բաթում՝ ճանապարհի կառուցման ծրագիրը, չկարգավորվեց հայ ուսուցիչների՝ Հայաստանում վերապատրաստվելու խնդիրը, չկա ոչ մի համատեղ նախաձեռնություն Ջավախքում, այնտեղ արմատացած բազում խնդիրներ չեն ստացել լուծումներ, չի լուծվել հայկական եկեղեցու կարգավիճակը, կողմերը չունեն որեւէ առաջընթաց նաեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում: Մենք երբեք չենք ունեցել Վրաստանի հետ հարաբերությունների նման ցածր մակարդակ»: Պարոն Զուրաբյանը շրջանցեց այն հարցը, թե ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կատարել է ՀԱԿ-ի պատվերը. «Ես չգիտեմ՝ ի՞նչ է արել Զարուհի Փոստանջյանը այնտեղ, ես գիտեմ մի բան, որ թեեւ ազգային կոնգրեսը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բայց ՀԱԿ-ը ներկայացված չէ: Եթե կան այնպիսի պատգամավորներ, որոնք կարող են ներկայացնել ճշմարտությունը մարտի 1-ի իրադարձությունների եւ ժողովրդավարական ազատությունների ոտնահարման վերաբերյալ, մենք միայն շնորհակալ կլինենք»:
ՀԱԿ համակարգողի կարծիքով, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկման դատապարտելը՝ պատանդին թանկացնելու ժեստ էր. «Նրանք ունեն պատանդի առեւտուր իրականացնող միջնադարյան բարբարոսական հոգեբանություն, որով առաջնորդվում են»: