Ֆայլաբազարում կանգնող բանվորներն իրենց համեմատում են մարմնավաճառների հետ. երկուսն էլ սկզբում գործն են անում, հետո էլ խոստացած գումարը կա՛մ ստանում են, կա՛մ չեն ստանում:
«Հայաստանում տնտեսական կրիզիսը ամենաշատը մեզ վրա է ազդել, թե առաջ օրական գոնե 1000-2000 դրամի մի գործ կպնում էր, հիմա էդ էլ չի կպնում: Մարդիկ փող չունեն, որ շինարարություն անեն, մեզ էլ գան բանվոր տանեն: Էսօր իշխանությունները դրել-մտածում են, թե ոնց անեն, որ սրա-նրա բիզնեսը զարգացնեն, տարածք վերցնեն՝ սուպերմարկետ բացեն, բայց ոչ մեկը չի մտածում՝ էս ֆայլաբազարի ժողովուրդը ո՞նց ա ամեն օր մատը ուտելով ապրում, մենակ հայտարարում են, որ շինարարությունը Հայաստանում մեռել ա՝ կրիզիսի պատճառով, բա մեկի մտքով չի՞ անցնում, որ շինարարության հույսին ապրող մարդիկ կան, որ իրանք էլ հեսա կմեռնեն: Թե՞ իրանք մտածում են մենակ իրանց փողերը ուր դնեն, որ շահ ստանան. ես ամեն օր մտածում եմ՝ ինչ ասեմ իմ երեխեքին, ոնց համոզեմ, որ էդ օրն էլ սոված քնեն, մինչեւ մի գործ կկպնի՝ տունը հաց կտանեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց ֆայլաբազարի բանվորներից մեկը՝ 55-ամյա Վազգենը: Դեկտեմբերից մինչ օրս նա ոչ մի գործ չի ունեցել. «Դեկտեմբերի սկզբին մի հատ փոքր գործ եղավ՝ 5 հոգով գնացինք, մարդա 1200 դրամ ստացանք: Տունը 6 նաֆար ունեմ, դե պատկերացրեք, թե էդ 1200 դրամը ոնց եմ կիսել էդ 6-ի մեջ»:
Հարութը նույնպես վերջին երկու ամսվա ընթացքում ոչ մի գործ չի ունեցել, թեեւ ձմռան ցրտին ամեն օր վաղ առավոտից ֆայլաբազարում կանգնած է: Երբ հարցրինք՝ եթե գործ չկա, ինչո՞ւ եք ամեն օր գալիս, նա պատասխանեց. «Գալիս եմ՝ հույսով, եթե տունը նստեմ՝ ոչ մեկն ինձ փող չի տա, ստեղ գոնե հույս կա, որ կարող ա մի գործ լինի»: Հարութը ֆայլաբազարում է աշխատում արդեն 10 տարուց ավելի: Նա շինարար է. «Անցյալ տարի ես գաջը քաշում էի 1 քմ-ն 1500 դրամով, էս տարի թանկացրել եմ, որովհետեւ տավարի միսը թանկացել ա»: Մեր հարցին՝ գաջի գործը տավարի մսի գնի հետ կապ ունի՞, նա պատասխանեց. «Բա սաղինը ստամոքս ա, մերը ստամոքս չի՞, գոնե ամիսը 2 կիլո միս չտանե՞մ տուն, էն 1500 դրամով ես էլի մի քանի բան առնում էի, իսկ էսօրվա 1500 դրամով ես պիտի մի քանի գրամ միս տանեմ, որ գոնե դրա համը տնեցիները չմոռանան»: Հարութի պատմելով՝ վերջին անգամ միս կերել է Նոր տարվա տոներին, այն էլ՝ հյուրերի տանը: Ֆայլաբազարցիները կատակում էին. «երբ սառնարանը բացում ենք, բան չի լինում ուտելու, ստիպված սառույց ենք ուտում»:
32-ամյա Արսենի մազերը ֆայլաբազարում են ճերմակել: Չնայած սիրած աղջիկ ունի, բայց դեռ չի ամուսնացել. «Հույս էլ չկա, որ մի օր կամուսնանամ; Ինձ հազիվ եմ պահում, էդ աղջկա՞ն ոնց եմ պահելու: Ամսական 15 հազարով տուն կպահե՞ն, որ մի հատ էլ ամուսնանամ: Կոնկրետ հունվար ամսին 14 հազար դրամ եմ աշխատել՝ 4 հոգանոց ընտանիք եմ պահում»: Երբ հարցրինք՝ այդքան քիչ գումարով ինչպե՞ս եք կարողանում գոյատեւել, Արսենը կատակով պատասխանեց՝ «Սրան-նրան խաբրտելով, քցելով ապրում ենք, բա հո սոված չե՞նք մեռնելու: Խանութից պարտքով էնքան հաց եմ առել ու փողը չեմ տվել, որ մենակ իմ նիսյաների համար մի ամբողջ տետր են պահում: Հա ուտելիք եմ վերցնում, ասում եմ՝ վաղը չէ մյուս օրը կտամ ու ըտենց էլ չեմ տալիս: Էն օրը խանութի տերը ինձ տենալով ասում ա՝ էս 9-րդ մասիվում վաղը չէ մյուս օրը չի՞ գալիս»:
Ֆայլաբազարում ամենաէժան աշխատուժն է: Եթե մի բնակարանի գույքը տեղափոխելու համար բանվորներին 60 հազար դրամ են տալիս, ֆայլաբազարցիների հետ 40 հազարով «բարիշում» են. «Մենք մի 10 հոգով գնում ենք, որ գոնե ամեն մեկս մի 4000 դրամ տուն տանի»: 74-ամյա Մուշեղ պապը ամսական հազիվ կարողանում է 10 հազար դրամ աշխատել՝ բանվորություն անելով. «Պառավիս հազիվ եմ պահում, տունը հիվանդ էլ ունենք, սաղ օրը ստեղ կանգնում եմ, գոնե 500 դրամ աշխատելու համար, եթե մի հատ ցրտին հիվանդացա՝ ուղիղ գերեզման կգնամ»:
Ֆայլաբազարի բանվորները վստահեցնում էին, որ իրենք հասարակության ամենաանպաշտպան խումբն են. «Մեր գործը կարելի ա համեմատել մարմնավաճառության հետ. իրանք էլ կլիենտի հետ պայմանագիր չեն կնքում, բանավոր են պայմանավորվում ու քաշվում: Երկուսս էլ սկզբում գործն ենք անում, հետո փողը վերցնում: Պատահում ա, որ գնում ենք, բանվորությունն անում ենք, սկզբում մի թիվ ա ասում, գործն անելուց հետո հանում ա 1000 մանեթ ա տալիս ու վռնդում: Ոչ կարանք մի տեղ բողոքենք, ոչ էլ կարանք ստանանք էդ փողը: Ինչ տալիս են՝ սուսուփուս վերցնում ենք ու գալիս, մեկ ա՝ արդեն գործն արել ենք»:
Երբ ֆայլաբազարի մոտ մեքենա է կանգնում, բանվորներն այնպես են իրար հրմշտելով լցվում մեքենան, որ հաճախ մեքենայից դուրս մնացողների միջեւ իսկական ծեծկռտուք է սկսվում՝ համեմված հայհոյանքներով, ինչին ականատես են լինում անցորդները: «Գոյության պայքար է,- ֆայլաբազարցիներն այսպես են արդարացնում իրենց,- պատահում ա, որ մի հատ հոգնած, որ սկի գործ անել էլ չգիտի, ընենց ա թախծոտ աչքերով նայում խազեինին, որ հենց իրան են տանում: Էս անտեր գործն էլ բախտի ու սիմպատիայի հարց ա»: