Բայց նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում, որովհետեւ չի դիմել
«Մարտի 1»-ի գործով անցած եւս մեկ քաղբանտարկյալի առողջական վիճակն անհանգստացնող է: Միայն երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «ապօրինի կերպով», իբր, «սառը զենք» պահելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Դրանց մասին Սաղաթելյանն ինքը չի բարձրաձայնում, բայց հարազատների պնդմամբ, վերջին մի քանի օրերի ընթացքում նա գանգատվում է ստամոքսի ցավերից եւ արյան ճնշման պարբերական դարձած տատանումներից: Սաղաթելյանի որդու՝ Սեւակի ասելով՝ նա առողջական խնդիրներ միշտ էլ ունեցել է, բայց դրանք բանտային պայմաններում էլ ավելի են սրվել: Մ. Սաղաթելյանը, որն իր պատիժը կրում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, օրերս բժշկական հետազոտության է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Դրա արդյունքում քաղբանտարկյալի մոտ ախտորոշվել է ստամոքսի էռոզիա, լյարդի մեծացում, խոլեստերինի բարձր մակարդակ եւ արյան ճնշման տատանումներ: Նրա հարազատների ասելով, բժիշկները մեծ քանակությամբ դեղեր եւ «սիստեմաներ» են նշանակել: Այդ բուժումը նա ներկայումս ստանում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: Մեր հարցին, թե՝ արդյոք այնտեղ հնարավո՞ր է որակյալ բուժօգնություն եւ արդյունավետ բուժում ստանալ, Սաղաթելյանի որդին ասաց, թե հայրը նշանակված դեղերից հիմնականում հրաժարվել է ու հիմա ավելի շատ ինքնաբուժությամբ է զբաղված՝ առաջին հերթին ինքն իրեն դիետայի է «դատապարտել», նաեւ դեղաբույսեր է օգտագործում՝ հիմնականում իրեն ավելի շատ անհանգստացնող ճնշումը կարգավորելու, նաեւ ստամոքսի հետ կապված խնդիրները, գոնե մասամբ, լուծելու համար: «Ճնշումը մեկ օրվա մեջ մի քանի անգամ տատանվում է՝ բարձրանում է ու հետո դեղերի ազդեցության տակ կտրուկ իջնում: Այս պահի դրությամբ էլ ՔԿՀ-ի բուժմասի բժիշկների հսկողության տակ է»,- պատմեց Սեւակ Սաղաթելյանը: Իսկ ինչո՞ւ քաղբանտարկյալին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում: Պարզվում է՝ նախեւառաջ այն պատճառով, որ ինքը՝ Սաղաթելյանը, չի դիմել նման պահանջով եւ, թերեւս, չի էլ դիմի, որովհետեւ նվնվալ չի սիրում: Դե, ՔԿՀ-ում էլ, երեւի, մտածում են՝ պահեն որքան կարող են, ու երբ կալանավորի վիճակն առավել անմխիթար կլինի, ու հարցն էլ հասարակական հնչեղություն կստանա, կլինի նաեւ համապատասխան միջնորդությունների շարք, նոր կմտածեն՝ տեղափոխե՞ն «ցեբե», թե՞ ոչ: Իսկ Սաղաթելյանի հարազատներն առանց նրա թույլտվության ու համաձայնության չեն էլ կարող նման խնդրանքով ՔԿՀ-ին դիմել:
Ինչ վերաբերում է Մ. Սաղաթելյանի գործին, ապա նրա պաշտպան Սեդա Սաֆարյանի ասելով, իրենք արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Սաղաթելյանի գործը թեեւ մաս-մաս, բայց արդեն ամբողջական տեսքով փոխանցվել է ԵԴ: Այդ ատյանին ուղղված մեր հայցում վիճարկել ենք Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումները, որոնք թույլ են տրվել Սաղաթելյանի նկատմամբ դեռ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտից սկսած՝ Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ օրինաչափության խնդրից մինչեւ Սաղաթելյանի ապօրինի կալանավորման, նրա գործով դատաքննության ընթացքում տեղի ունեցած ակնհայտ եւ կոպիտ օրինախախտումները»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Վերջինիս համոզմամբ, Հայաստանում իր պաշտպանյալի նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի բոլոր հնարավոր եւ միջազգային իրավունքով երաշխավորված սկզբունքնեորը՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածները:
Ավելի մատչելի լեզվով ասած, Սաղաթելյանի ներկայացուցիչները ԵԴ-ում բարձրացնելու են քաղբանտարկյալի նկատմամբ կիրառված խոշտանգման, ապօրինաբար կալանավորման, նրա նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի, անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության, արդար դատաքննության ու արդյունավետ պաշտպանության իրավունքի ոտնահարման փաստերը:
Տիկին Սաֆարյանի ասելով, Սաղաթելյանի նկատմամբ ՀՀ դատական ատյանների եւ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման փաստեր պարունակող փաստաթղթի վերջին՝ 30 էջանոց փաթեթը եւս վերջերս փոխանցվել է ԵԴ: Պաշտպանի փոխանցմամբ, Սաղաթելյանի նկատմամբ դրսեւորված խախտումները շարունակական բնույթ են կրել՝ սկսած 2008թ. մարտի 1-ից: Ուստի՝ ինքն ու իր պաշտպանյալը օրինախախտման յուրաքանչյուր դեպքի օրինականությունը հայաստանյան դատական ատյաններում հընթացս վիճարկելուց եւ բոլոր հնարավորությունները սպառելուց հետո այդ պահին եղած գործերը բողոքարկել են ԵԴ-ում:
«Ես իմ բողոքում հիշատակել եմ, որ դատարաններն արդար չեն եղել ի սկզբանե՝ սկսած գործի նախապատրաստական փուլից մինչեւ դատաքննությունը լրացնելու կապակցությամբ իմ միջնորդությունները մերժելը: Դրանք իմ պաշտպանյալի իրավունքի խախտումներ են, որոնք ենթակա են վիճարկման՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող ակնհայտ խախտումներ»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Պաշտպանն այս ընթացքում ԵԴ-ի հետ նամակագրական կապի մեջ է, եւ Ստրասբուրգից ստացված վերջին տեղեկությունն այն է, որ գործն ուսումնասիրման ընթացքում է: