Խորհրդարանականները բավականին ակտիվ էին բացառիկ միջազգային համաձայնագրի քննարկման ժամանակ
Խորհրդարանում միջազգային պայմանագրերը կամ ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաձայնագրերը սովորաբար քննարկվում են ձեւականորեն, եւ կառավարության կողմից ներկայացվելուց հետո դրանք կարծես մեխանիկորեն քվեարկվում են եւ ընդունվում: Սակայն ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը եւ նաեւ երեկ բացառիկ էին նրանով, որ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) քննարկվեց աննախադեպ երկար: Ելույթ ունեցողների թիվը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխին թափված հարցերի տարափն աննախադեպ էին: Ներկայացնելով համաձայնագիրը՝ նախարարն ասել էր, որ ծրագրի ընդհանուր արժեքը 2009-2017 թթ.-ի համար կազմելու է ավելի քան 1,453 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Առավելագույն ֆինանսավորման չափը 500 մլն դոլար է, որը կարող է տրամադրվել առանձին տրանշերով՝ ԱԶԲ սովորական կապիտալ միջոցներից եւ հատուկ հիմնադրամի միջոցներից, համապատասխանաբար՝ 60 եւ 440 միլիոն: Ակնկալվում է, որ ֆինանսավորման վերջին տրանշը պետք է ուժի մեջ մտնի ոչ ուշ, քան 2017 թ. դեկտեմբերի 31-ը: Ներառված ծրագրերն են՝ Հայաստանի պետական սահմանների ներսում ճանապարհների շինարարության, բարենորոգման եւ վերականգնման իրականացումը, Հայաստանի սահմանների եւ մաքսային ենթակառույցների արդիականացումը եւ վերականգնումը, ինստիտուցիոնալ աջակցությունը ճանապարհային ենթաոլորտի զարգացման ծրագրի իրականացմանն ուղղված քաղաքականությանը, սահմանային եւ մաքսազերծման արդյունավետ գործընթացներին:
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը երեկ հարց տվեց՝ իսկ ինչպե՞ս ենք վերադարձնելու այդ վարկերը. «Ընդ որում, ոչ միայն այս վարկերը, այլեւ անցած տարի ավելացած 1 միլիարդը եւ ընդհանրապես՝ մեր բոլոր պարտքերը: Սրա մասին ոչ մի խոսք չկա, ոչ մի հաշվարկ չկա, ոչ մի հիմնավորում չկա: Դժբախտաբար, վերջին մեկ տարվա եւ այս տարվա սկզբի քայլերը ցույց են տալիս մեկ բան՝ կտրուկ փոփոխություն է արվել տնտեսական քաղաքականության մեջ, որի հիմքում դրված է ընդամենը մեկ սկզբունք՝ պարտք վերցրու եւ ծախսիր, թե ինչ կլինի, ովքեր հետագայում կլինեն՝ նրանք էլ թող մտածեն: Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ իհարկե, շատ կարեւոր է Հյուսիս-Հարավ ճանապարհ ունենալ, շատ կարեւոր է ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ենթակառուցվածքներ ունենալ: Այս ամենն, իհարկե, կարեւոր է, բայց ուղղակի երազանքը ոչինչ չի տվել ոչ ոքի եւ՝ երբեք: Եթե մենք վճռական ենք վարկեր վերցնելու եւ վերադարձնելու, ապա պետք էր այստեղ հստակորեն ներկայացվեր, թե ինչպես են հավաքվելու եկամուտները, որովհետեւ ի վերջո այդ եկամուտներից է, որ մենք պետք է հոգանք մեր երկրի ծախսերը, մեր ժողովրդի համար անհրաժշետ միջոցները եւ մի բան էլ ավելին, որ կարողանանք վարկերը վերադարձնել»: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խոստացավ, որ ծրագրի իրականացումը լինելու է թափանցիկ: Հակադարձելով «ընդդեմ» ելույթներին՝ ասաց. «Ինչ վերաբերում է պարտքերին, ես խնդրում եմ, փորձեք որեւէ միջազգային բանկից պարտք վերցնել: Եթե կկարողանաք, էն ժամանակ կհասկանաք, թե կառավարությանը այդ պարտքերը հենց էնպե՞ս են տվել, մենք գնացել ենք՝ էս ժողովրդին պարտքի տա՞կ ենք մտցրել, թե՞ ունենք ապագայի հիմնավոր պատկերացում եւ կարողացել ենք համոզել, որ այդ պատկերացումների ներքո ինստիտուցիոնալ հսկաներ մտնեն եւ մեզ օժանդակեն: Եթե մենք մինչեւ վերջ չհիմնավորեինք, թե ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից, երբեք չէին ֆինանսավորի, ես ձեզ հավատացնում եմ»:
Արտահերթ ելույթի կարգով խոսեց ԱԺ հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Ի դեպ, երեկ եւս նիստերի դահլիճում հանրապետության տարբեր դպրոցներից աշակերտներ էին նստած եւ ուշադիր լսում էին ավագների լեզվակռիվը, եւ իրենք իրենց համար հետեւություններ էին անում: Եվ գրեթե բոլոր հռետորները այդ երեխաների մասին մի բան էին ասում, հիմնականում այն շեշտադրմամբ, որ ցանկացած պարտքը մնալու է երեխաների ուսերին: Սամվել Նիկոյանը եւս բացառություն չէր: Նա հայտարարեց. «Կառավարությունն առաջին անգամ ասում է՝ ուզում ենք ճանապարհ կառուցել շատ լավ եւ շատ թանկ: Մինչեւ հիմա մենք որեւէ նորմալ ճանապարհ չենք կառուցել: Պետք է հիշենք ժողովրդական հայտնի ասացվածքը, որ թանկից էժանը չկա»: Սամվել Նիկոյանն ասաց, որ ինքը եւս կիսում է հնչած մտահոգությունները. «Բայց, կարծում եմ, միջազգային մրցույթ հայտարարելը, միջազգային ընկերություններին ներգրավելը ճանապարհներից մեկն է»: ՀՀԿ-ական պատգամավորը եւս այն կարծիքին է, որ պետք է լինի հստակ վերահսկողություն. «Այդ խնդրի մասին իմ ընկերները խոսեցին՝ խորհրդարանական վերահսկողության մասին, եւ ինչու միայն վարկերի կամ կոնկրետ այս վարկի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ բյուջեի եւ վարկերի խորհրդարանական վերահսկողության մասին է խոսքը»:
Համաձայնագիրը ընդունվեց 117 «կողմ» ձայնով: Երկու օր շարունակ ընդդեմ այս համաձայնագրի խոսելով՝ Դաշնակցությունը «կողմ» քվեարկեց: Միակ «դեմը» Տիգրան Թորոսյանը եւ «Ժառանգությունն» էին: