Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է

Փետրվար 03,2010 00:00

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք Թուրքիայի պաշտոնյաների վերջին հայտարարություններն ապացո՞ւյց են, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը ձախողվում է՝ ասաց. «Քաղաքականության մեջ լինում են անդառնալի եւ երկար գործընթացներ: Օրինակ, երբ որ մենք ասում ենք, թե Հայաստանը տանուլ է տվել, պարտվել ԼՂ գործընթացում՝ դա չի նշանակում, որ հենց վաղը պետք է վերադարձվեն ազատագրված հողերը եւ այլն: Գործընթացը երկարատեւ է, եւ շատ դժվար է կռահել, հասկանալ այն պահը, երբ որ դու արդեն ինչ-որ բան կորցրել ես: Ու այդ պատճառով մենք այսօր չենք տեսնում ըմբոստություն: Իմ կարծիքով, նաեւ այդ պատճառով են իշխանությանը սպասարկող ու քծնող գործիչներն ու փորձագետները շարունակում այս ամենը ներկայացնել իբրեւ դիվանագիտական հաղթանակ: Բայց չեմ կարող ասել, թե արդեն որոշ անշրջելի բաներ են տեղի ունեցել ու հնարավոր չէ վերադառնալ նույնիսկ զրոյական տարբերակին: Այսօր մենք ուղղակի պետք է խոսենք իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու եւ, ինչու չէ, նաեւ մեղավորների թեկուզ քաղաքական պատասխանատվության մասին»:
Հովհաննես Իգիթյանը նաեւ նկատեց. «Արձանագրության որոշ կետեր այնքան ոչ հստակ են ձեւակերպված, որ կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում էր իր շահերից ելնելով: Ցյուրիխում հնարավորություն կար, որ Թուրքիան պաշտոնապես՝ Դավութօղլուի ելույթի տեսքով, ներկայացներ իր տեսակետն ու սպասելիքները: Բայց Հայաստանի ԱԳ նախարարի ջանքերով մենք զրկվեցինք Թուրքիայի մեկնաբանությունները լսելու հնարավորությունից: Ես գտնում եմ, որ դա դիվանագիտական սխալ էր. հայկական կողմը հնարավորություն կունենար միջնորդների ներկայությամբ լսել Թուրքիայի սպասելիքները, որոնք իմ կարծիքով՝ կհնչեին որպես նախապայման, եւ դա կտեսնեին բոլորը»:

Հ. Գ. ԵԽԽՎ-ում ընդդիմության երկու հատվածների վեճի առնչությամբ Հովհաննես Իգիթյանի գնահատականները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել