Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կներգրավվեն ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքներում

Փետրվար 03,2010 00:00

Հայաստանի համալսարանների շրջանավարտների համար այս տարի նոր ծրագիր կմեկնարկի. նրանք հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալ Եվրամիության քաղաքականությանն ու լավագույն փորձին: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան երեկ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբում երիտասարդ մասնագետների (պրակտիկանտների) ընդունման մասին:
Ա. Բաղդասարյանի խոսքով՝ հուշագրի ստորագրմամբ Հայաստանի բուհերում լավ առաջադիմություն ունեցող երիտասարդներին հնարավորություն է տրվում ներգրավվել ՀՀ-ԵՄ համագործակցությունը խթանող խորհրդատվական խմբի աշխատանքներում. «Մեր երիտասարդները կկարողանան ներգրավվել եվրոպական կառույցների աշխատանքներում եւ մասնակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Լայնածավալ բարեփոխումները ներառում են կրթության, բնապահպանության, առողջապահության, սոցիալական ապահովության, ազատության, անվտանգության եւ այլ բնագավառներ: Այսօր գործում են շուրջ 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են Հայաստանի պետական կառավարման բոլոր մարմինների ներկայացուցիչները: Բարեփոխումները չեն շրջանցում որեւէ ոլորտ: Դրանց հիմնական նպատակն է՝ մեր երկրում ներդնել եվրոպական միության չափորոշիչները՝ առավել մերձենալով ԵՄ-ին»:
Ըստ Ռ. դե Լյուցենբերգերի՝ հուշագիրը նոր գործիք է, որը հնարավորություն կտա Հայաստանի խելացի ուսանողներին աշխատանքի եւ բարեփոխումների իրականացման անմիջական փորձ քաղել միջազգային աշխատանքային միջավայրում՝ անմիջականորեն աշխատելով ԵՄ-ի փորձագետների եւ խորհրդականների հետ. «Համակարգը նախագծված է այնպես, որ փորձի կուտակումը մնա Հայաստանում, ԵՄ-ից Հայաստանին գիտելիքների ու փորձի փոխանցման լրացուցիչ մեխանիզմ ստեղծվի: Հույս ունեմ՝ երիտասարդ մասնագետներն այս ծրագրից օգուտ կքաղեն եւ աշխատանքային շուկայում առավելություն ձեռք կբերեն»:
Դ. Գերչեւան էլ ուրախալի է համարել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր ուղղություններ է թեւակոխում. «Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի ե՛ւ ՀՀ կառավարությանը, ե՛ւ ԵՄ-ին, ե՛ւ Հայաստանի մյուս գործընկերներին՝ խուսափելու տեղական կարողությունները արտասահմանյանով փոխարինելու ծուղակում հայտնվելուց: Փոխարենը՝ մենք կկարողանանք ապահովել ԵՄ-ի փորձագետների փորձի եւ գիտելիքների հարթ փոխանցումը երիտասարդ մասնագետներին: Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի հայ երիտասարդներին լիարժեք օգտվել այդ մեխանիզմից, բուհն ավարտելուց հետո անցնել քաղաքացիական ծառայության համակարգ եւ նպաստել երկրի զարգացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել