Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է

Փետրվար 03,2010 00:00

\"\"Խոստովանում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն

Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ՝ ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Աղբյուրը, վկայակոչելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հաղորդագրությունը, փոխանցում է, որ Դավութօղլին հունվարի 29-ին, Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում, «Նոր համաշխարհային աշխարհաքաղաքականություն. ի՞նչ է ներդնում Թուրքիան համաշխարհային խաղաղության եւ անվտանգության ոլորտներում որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ» թեմայով զեկույց է ներկայացրել, որում նշել է, թե Հարավային Կովկասում կան սառը պատերազմներ, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանքներ վարելու կարիք կա, եւ այդ դերը իր վրա է վերցնում Թուրքիան: Որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ՝ Թուրքիան իր վրա է վերցնում բոլոր հարեւանների, այդ թվում՝ նաեւ Հունաստանի հետ հարաբերությունները լավացնելու խնդիրը: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նա ասել է, որ վերջին տարիների ընթացքում կատարվել են լուրջ աշխատանքներ, եւ արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները:
ԵՀՄՖ-ի ներկայացուցիչներից մեկը հարցրել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններում չկար որեւէ նախապայման, չնայած Հայաստանը կարող էր եւ իրավունք ուներ որպես նախապայման առաջ քաշել 1915թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրիը: Հայաստանը դա չարեց:
Հակառակ դրան՝ Թուրքիան ոչ միայն սկսեց ձգձգել արձանագրությունների վավերացումը, այլեւ ինքը դրեց նախապայման, որը նույնիսկ վերաբերվում էր երրորդ երկրին՝ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված: Ավելին, պատճառաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը միայն հաստատում է արձանագրությունների վավերացման օրինականությունը, Թուրքիան սկսեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, չնայած ՍԴ-ի որոշումը չի կարող իրականում արգելք հանդիսանալ գործընթացը շարունակելու համար: Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր դիրքորոշումը, թե՞ անկեղծ չի եղել հենց սկզբից»: Պատասխանելով այս հարցին՝ Ա. Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիայի համար կարեւոր է Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը եւ քաղաքական երկխոսության վարումը բոլոր երեք պետությունների հետ: «Այսօր Թուրքիային մեղադրում են արձանագրությունների հաստատումը միտումնավոր ձգձգելու մեջ: Իրականում Թուրքիան ցանկություն ունի հարաբերություններ հաստատել ե՛ւ աշխարհասփյուռ հայերի ու թուրքերի միջեւ, ե՛ւ Հայաստանի հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե Թուրքիան մերժում է «Հայոց ցեղասպանության գաղափարը»: Թուրքերը, ըստ նրա, հակահայկական հայացքներ երբեք չեն ունեցել եւ հակահայկական քայլեր չեն արել: Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության ֆունդամենտալ լուծում, որպեսզի անվտանգություն հաստատվի ողջ տարածաշրջանում: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, եւ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ու սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը: Չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ Թուրքիան չի կորցնում իր հույսը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել