Հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները
Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն՝ անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկման մասին: Մտքերի փոխանակումից հետո համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն (ի դեպ, նա ներկա չի եղել հանձնաժողովի այդ նիստին) եզրակացրել են. «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ձգձգումների իրականացնեն 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները՝ ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւերի հանձնարարականների հետ միասին, բարեխղճորեն իրականացվելու դեպքում թույլ կտան համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք հանգեցրին 2008-ի մարտի 1-2-ի դեպքերին»: Համազեկուցողներն ընդգծել են, թե առանց հապաղումների պետք է իրականացվեն հատկապես այն առաջարկները, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության բարեփոխմանը՝ ներառյալ անկախ վերահսկող ու բողոքարկող մարմնի ստեղծմանը, եւ «Ընտրական օրենսգրքի», ինչպես հաղորդագրության մեջ է նշված՝ «վաղուց հասունացած» բարեփոխմանը:
Համազեկուցողներն ազդարարել են, որ նամակով դիմելու են Հայաստանի խորհրդարանին՝ Մոնիտորինգի հանձնաժողովին մինչեւ Փարիզում մարտի 17-ին կայանալիք նիստն այդ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույց տրամադրելու խնդրանքով. «Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունենալիք քննարկումների հիման վրա մենք այսուհետ գարնանը կայցելենք Երեւան՝ քննարկելու նշված բարեփոխումների իրականացման հստակ ճանապարհային քարտեզի ստեղծման հարցը»:
Բացի այդ՝ համազեկուցողները մտադիր են անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցին, ինչպես նաեւ այլ գործերի, որոնց վերաբերյալ համազեկուցողները պարզաբանումներ են խնդրել իշխանություններից: «Մարտի 1-2-ի դեպքերի զարգացումների շուրջ մի շարք խնդիրներ դեռ կարիք ունեն հստակեցման ու լուծման»,- ասել են համազեկուցողները՝ ըստ ԵԽ հաղորդագրության՝ ընդգծելով, թե շարունակվում է կարեւոր եւ անհրաժեշտ մնալ, որ Վեհաժողովն ու ԵԽ համապատասխան այլ մարմինները դիտարկեն քաղաքական զարգացումները:
ԵԽ մամուլի ծառայությունը նաեւ հրապարակել է այն տեղեկատվական հաղորդումը, որը հունվարի 6-ին ներկայացրել են Պրեսկոտն ու Կոլոմբիեն: Շուրջ 12 էջանոց այս փաստաթուղթը (13-րդ էջը հավելված է, որում ամբողջությամբ մեջբերված է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի դաշնակցական անդամներ Արծվիկ Մինասյանի եւ Արտյուշա Շահբազյանի հատուկ կարծիքը հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ) նույնն է, ինչ այն զեկույցը, որը պիտի քննարկվեր Մոնիտորինգի հանձնաժողովի 2009-ի դեկտեմբերի 17-ի նիստում, եւ չնայած իր խորհրդապահական բնույթին՝ դեկտեմբերի 21-ին հրապարակվեց հանձնաժողովի որոշման համաձայն:
Հիշեցնենք, որ համազեկուցողները մասնավորապես հետեւյալ կարծիքն էին հայտնել «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ. «Քաղաքական ճգնաժամի պատճառների նման միակողմանի տեսակետը, իշխանությունների նկատմամբ քննադատության ապշեցնող բացակայությունը, ինչպես նաեւ բեւեռացած քաղաքական մթնոլորտի համար մեղավորությունը բացառապես ընդդիմությանը, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերին վերագրելը ցավալի է, քանի որ դա խարխլում է հանձնաժողովի զեկույցի արժանահավատությունը: Միեւնույն ժամանակ, զեկույցի առաջարկություններից պարզ է, որ իրականում հանձնաժողովը կատարել է ճգնաժամն առաջացրած պատճառների շատ ավելի ամբողջական եւ, ըստ երեւույթին, ավելի հավասարակշռված վերլուծություն, քան այն, ինչ հարկ է համարել հրապարակել իր զեկույցում»: Նաեւ ցավալի էր համարվել այն փաստը, որ ԱԺ հանձնաժողովը հարցականի տակ չի դրել քննչական մարմինների այն պնդումը, թե հնարավոր չէ նույնականացնել մարտի 1-ի զոհերի պատճառ դարձած փամփուշտներից որեւէ մեկը՝ նշելով, թե այդ պնդումը «հարուցում է մի շարք լուրջ հարցեր, եւ հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես ոստիկանության կողմից պարտակում»: Համազեկուցողները նաեւ նկատել են, որ այն, թե «ինչպես են շեշտել որոշակի հարցերը կամ նրանցից խուսափել՝ տպավորություն է ստեղծում, որ հանձնաժողովը ջանացել է ամեն գնով խուսափել իրադարձությունների պաշտոնական վարկածը շատ բացահայտորեն վարկաբեկելուց կամ իրադարձությունների ժամանակ իշխանությունների պահվածքը շատ խիստ քննադատելուց: Նման ինքնագրաքննությունը ցավալի է, քանի որ խարխլում է այս ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունը»: