Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԱՅՍՔԱՆ ԱՂՄԿՈՒՄ»

Փետրվար 03,2010 00:00

Ասում է ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը

– Ձեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական անդամ դառնալը իրարանցում առաջացրեց պատվիրակության ներսում, ինչպե՞ս եք զգում այս իրավիճակում:
– Ես պատվիրակության անդամ հիմա չեմ դարձել, այլ 2009-ի հունվար ամսից: Մինչեւ այս նստաշրջանը եղել եմ փոխարինող անդամ, այժմ` հիմնական: Նրանց, ովքեր մոռացել են ամբողջ պատմությունը, հիշեցնեմ, որ պատմությունը հետեւյալն է: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը ներկայացնում էին «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Եվ այդ ժամանակ մեր փոխադարձ համաձայնության արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հիմնական անդամ, իսկ նախագահական ընտրություններից եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից եւ դարձավ ընդդիմություն, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը դարձավ կոալիցիայի մաս, ԵԽԽՎ պատվիրակության հիմնական չորս անդամներից երեքը ներկայացնում են կոալիցիան, իսկ չորրորդ անդամը ընդդիմության ներկայացուցիչն է: Եվ քանի որ ՀՅԴ կուսակցության պատգամավորների թիվը երկու անգամ ավելի է, քան «Ժառանգությանը», հիմնական անդամ դարձավ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Բացի այդ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ոմանք այսքան աղմկում, մանավանդ՝ հիմնական եւ փոխարինող անդամի աշխատանքներում տարբերությունները մեծ չեն, նրանք օգտվում են նույն իրավունքներից, այդ թվում՝ նաեւ ելույթ ունենալու իրավունքից: Միակ բացառությունը քվեարկությունն է, քվեարկելու իրավունք ունեն միայն հիմնական անդամները: Չեմ կարծում, որ մեկ ձայնի քվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ի հիմնական անդամ 318 ձայնի մեջ:
– Ժամանակին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հորդորում էր, որ մեր երկրի «կեղտոտ լվացքը դրսում չցուցադրենք»: Չե՞ք կարծում, որ այն, ինչ այսօր կատարվում է հայաստանյան պատվիրակության շուրջ եւ ներսում, նման է «լվացքի ցուցադրման»:
– Հայաստանը 2001 թ. հունվարի 25-ից Եվրոպայի խորհրդի անդամ է: Մենք ունենք իրավունքներ եւ ստանձնել ենք որոշակի պարտավորություններ: Այս տարիների ընթացքում Հայաստանը ինտեգրվում է եվրոպական կառույցներին, իր մասնակցությունն է բերում նրանց աշխատանքներում: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ներսում իրականացվող յուրաքանչյուր գործընթաց կամ իրադարձություն պետք է լսելի դարձնել Եվրախորհրդին: Կամ եթե որեւէ հարցի շուրջ կա տարաձայնություն իշխանության եւ ընդդիմության միջեւ, անիմաստ է ապատեղեկացնել Եվրախորհրդի պատվիրակներին եւ հարցը դարձնել ԵԽԽՎ-ի հատուկ քննարկման նյութ: Ինչ խոսք, դա պատիվ չի բերում մեզ: Պետք է բարձր պահել Հայաստանի պատիվը Եվրոպայում:
– Դուք նախորդ օրը մամուլի ասուլիսում ասել էիք, որ չեք կարող մասնակցել EPP խմբակցության աշխատանքներին, քանի որ ձեր դիմումը մերժել են: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել:
– Նախ ուզում եմ նշել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը քրիստոնեա-դեմոկրատական ինտերնացիոնալի անդամ է: ԵԽԽՎ-ում եվրոպական ժողովրդական եւ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները միասին կազմել են մեկ խումբ, որի անդամ են այդ կուսակցությունների պատվիրակները: Մինչեւ իմ՝ պատվիրակության կազմում ընդգրկվելը, եւ Մհեր Շահգելդյանը, եւ Արտաշես Ավոյանը, եւ Իշխան Խաչատրյանը մասնակցել են խմբի աշխատանքներին: Ես եւս, սկսած 2009 թվականի հունվար ամսից, արդեն 5-րդ նստաշրջանն է, մասնակցել եմ խմբի բոլոր նիստերին, ելույթներ ունեցել, նստաշրջաններից հետո խմբի աշխատակազմը մշտապես ինձ է ուղարկել խմբին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը:
Այժմ, երբ EPP խմբում Հայաստանի փոքրաթիվ պատվիրակությունից աշխատանքներին մասնակցում են երկու պատգամավոր, անդամակցության վերաբերյալ ստեղծված աշխատանքային խումբը քննարկում է նպատակահարմարությունը՝ խմբում ունենալ նույն պատվիրակությունից երկու անդամ: Պետք է նշեմ, որ աշխատանքային խմբի եզրակացությունը կրում է խորհրդատվական նշանակություն: Ի գիտություն բոլորին՝ նշեմ, որ ԵԽԽՎ-ի խմբակցությունների աշխատանքը բաց է, որին կարող է մասնակցել պատվիրակության ցանկացած անդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել