Դեռ հունվարի 30-ին միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը՝ «Amnesty International»-ը, Մոսկվայի իշխանություններին կոչ էր արել արտոնել ընդդիմության՝ հունվարի 31-ին նշանակված ավանդական հանրահավաքը, հարգել ազատ խոսքի եւ խաղաղ հավաքների իրավունքն ու չխոչընդոտել հանրության նախաձեռնած ցույցը: Ավանդույթի համաձայն, ամեն ամիս այդ օրը ռուս իրավապաշտպաններն ու ընդդիմությունը փորձում են հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն ՌԴ Սահմանադրության՝ հավաքների ազատությունը երաշխավորող 31-րդ հոդվածի: Նախորդ ամիս՝ 2009թ. դեկտեմբերի 31-ին ռուսական իշխանություններն այդ հանրահավաքը չէին արտոնել եւ ցրել էին:
Այդուհանդերձ, հունվարի 31-ին էլ Մոսկվայի իշխանությունները ոչ միայն արգելել ու ցրել են ընդդիմության բողոքի ցույցը, այլեւ՝ կալանավորել են «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Օլեգ Օրլովին (նկարում) եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Համերաշխություն» շարժման առաջնորդներց մեկին՝ ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովին: BBC-ի փոխանցմամբ, նրանց սպառնում է դատական գործընթաց: Մասնավորապես Նեմցովի դատավարությունը նշանակված է փետրվարի 4-ին, իսկ Օրլովինը՝ փետրվարի 25-ին:
BBC-ին տված հարցազրույցում Օրլովը հայտարարել է, թե ոստիկանն արձանագրության մեջ նշել է, թե իրավապաշտպանը Տրիումֆալնայա հրապարակում գոռացել է՝ «Ազատություն: Կեցցե սահմանադրության 31 հոդվածը»: Մինչդեռ իրավապաշտպանը դրա հետ համաձայն չէ, եւ իր բացատրության մեջ գրել է, թե գոռացել է ոչ թե ազատություն, այլ՝ ամոթ:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Մոսկվայում, ի թիվս Օրլովի եւ Նեմցովի, ձերբակալվել էր նաեւ բողոքի ակցիայի ավելի քան 100 մասնակից, բայց նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել: