Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

Փետրվար 02,2010 00:00

Ձորաղբյուրցիների ճանապարհը դեռ փակ է

Ձորաղբյուրի ամառանոցներն ունեն պետականորեն նախատեսված եւ նախագծված ընդհանուր օգտագործման ճանապարհներ, որից մարդիկ օգտվել են երկար տարիներ։ Բայց մի քանի տարի առաջ ոմն Ժորա փակում է ճանապարհի մի հատվածը, միացնում իր հողակտորին, միաժամանակ հայտարարում, թե՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է  հանձնարարել մեծացնել հողակտորը՝ բանակին կերակրելու համար ինչ-որ բան ձեռնարկելու նպատակով։ Մարդիկ մի կերպ շրջանցում էին այդ հատվածը, բայց չպատժված վատ օրինակը խիստ վարակիչ էր, եւ ճանապարհի մյուս հատվածն էլ փակվեց Վանցյան եղբայրների կողմից, միացվեց իրենց հողակտորին, ու մարդիկ զրկվեցին օրինական ճանապարհներից:
«Առավոտը» ժամանակին անդրադարձել է այս խնդրին: Հիշեցնենք, որ ընդհանուր օգտագործման ճանապարհը եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջով Ձորաղբյուրի ամառանոցային տնտեսության մի խումբ սեփականատերեր 2007թ.  դիմել են Կոտայքի մարզի  առաջին ատյանի դատարան: Դատարանը կայացրել է արդարացի վճիռ. քանդել ապօրինի կառույցը եւ վերականգնել ճանապարհը։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2008 թ. վճիռը թողել է ուժի մեջ եւ մերժել Արմեն եւ Վահագն Վանցյանների բողոքը։ Վանցյանները դիմել են նաեւ վճռաբեկ դատարան, որը նույնպես կայացրել է ճանապարհը վերականգնելու վճիռ եւ  նշել, որ հարցը ենթակա չէ բողոքարկման։
«Առավոտին» դիմած ձորաղբյուրցիները հայտնեցին, որ արդեն երկրորդ տարին է՝ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Ա. Անտոնյանը տարբեր անհիմն ու անհեթեթ պատճառներով կասեցնում է եւ չի կատարում դատարանի վճիռը։ Գործը հասել է զավեշտի. բաժանմունքի պետը հայտարարել է, որ գոյություն ունեցող բազմաթիվ կնիքներով հատակագիծը, որը կազմվել է նախորդ պետության ժամանակ, չի կարելի համարել իրական, որովհետեւ այդ պետությունն արդեն գոյություն չունի։ «Հարց է ծագում. Սովետական Միության կառուցած բազմաթիվ ճանապարհները, թաղամասերը, ունիկալ կառույցները կարելի՞ է համարել իրական,  թե՞ Հրազդանում նստող պարոնի որոշմամբ՝ նույնպես օրինական չեն»,- հարցնում են ամառանոցների սեփականատերերը։ Նրանք պատմեցին նաեւ, որ ամիսներ առաջ, հերթական հարցմանն ի պատասխան՝ Աբովյանի ԴԱՀԿ ծառայությունում իրենց ներկայացուցիչներին պատասխանել են՝ «քանի որ մենք միջոցներ եւ տեխնիկա չունենք, դուք ինքներդ քանդեք պարիսպը», խոստանալով, որ ծախսված միջոցները կվերականգնեն՝ գանձելով Վանցյաններից։ Պատասխանից զարմացած ձորաղբյուրցիները հարցնում են՝ «այդ դեպքում պարոն Անտոնյանը եւ իր ղեկավարները ինչի՞ համար են զբաղեցնում պետական այդ պոստերը»։
«Բազմաթիվ բողոքների արդյունքում մի քանի անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կադաստրից  մասնագետներ հրավիրելու, ճանապարհահատվածը ճշտելու համար, սակայն հարկադիր կատարողները նախապատրաստում են Վանցյաններին, ներկայացնում կասկածելի «փաստաթղթեր» եւ հայտարարում, որ ճանապարհը մեկ ուրիշի սեփականությունն է։ Եթե այդպես է, ապա Աբովյանի կադաստրը ի՞նչ հիմունքներով է սեփականացրել հասարակական պետական ճանապարհը»,- հարցնում են այգեգործական ընկերության անդամները։
Ի դեպ, նրանք  նամակով դիմել են ՀՀ նախագահին, նրան ուղարկել բոլոր փաստաթղթերը, բազմաթիվ կնիքներով քարտեզը, որտեղ հստակ նշված են բոլոր ճանապարհների չափերը եւ հույս ունեն, որ «մեղավորները կստանան ուսանելի եւ ցուցադրական դաս, որը կստիպի զգաստանալու այդ օղակներում աշխատող նման անբարեխիղճ մարդկանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել