Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 30,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնվեցերորդ

ՏԱՔ ԴԵԿՏԵՄԲԵՐ

Եվ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «Ալեքսանդր Ռոդիոնովի կենացը» եւ մի շնչով խմեցի, եւ Կլիմը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասում ես Ալեքսանդր Ռոդիոնով, էդ անվան ու ազգանվան տակ շատ բան ա ասվում», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ ա ասվում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ էլ դուք կասեք», եւ Դիման ասաց՝ «Պետրովիչը շատ ճիշտ ա ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Դիման ասաց՝ «ճիշտ ա ասում, որ անփորձ թամադա ես», եւ Անդրյուշան Դիմային ասաց՝ «նոր դու էիր ասում, որ երկարբարակ կենացներ չես սիրում», եւ ես ասացի՝ «ես էլ երկարբարակ կենացներ չեմ սիրում», եւ Կլիմն ինձ ասաց՝ «բայց դու թամադա ես», եւ ես ժպտալով ասացի՝ «զոռով նշանակեցիք», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա զոռով նշանակել», եւ Անդրյուշան իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ես», եւ Կլիմն Անդրյուշային հարցրեց՝ «բա խի՞ զոռով նշանակեցիր», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «որ Արմեն Ակոպովիչին թամադա չնշանակեինք, մենակ դուք էիք խոսելու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ըսենց էլ են մենակ իրանք խոսում», եւ Կլիմն ինձ ասաց՝ «քեզ ոչ ոք չի խանգարում, որ դու էլ կարծիքդ ասես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կարծիք», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «էդ պատմվածքի մասին կարծիք չունե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «սպասում եմ՝ հասունանա», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչը հասունանա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կարծիքս», եւ Անդրյուշան ասաց՝ «Արմեն Ակոպովիչը կենաց առաջարկեց. հիմա խմելո՞ւ ենք, թե՝ չէ», եւ Դիման բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես էլ եմ Սան Սանիչի համար խմում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Անդրեյի ծննդյան օրը գրական դիսպուտի չվերածենք», եւ Անդրյուշան ասաց՝ «ընդամենը մեր ավագ ընկերոջ կենացն ենք խմում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմեն Ակոպովիչի առաջարկով», եւ Դիման նորից բաժակը բարձրացնելով ասաց՝ «Սան Սանիչի համար» եւ խմեց, եւ ես ժպտալով հարցրի՝ «էդքան կա՞րճ», եւ Դիման ասաց՝ «ես երկարբարակ կենացներ չեմ սիրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ ասել եմ սիրում, ոչ էլ լսել», եւ Կլիմն ասաց՝ «մենք թամադա ունենք. սովորաբար թամադաներն են երկարբարակ կենացներ ասում», եւ Անդրյուշան ասաց՝ «Վանուշի ծնունդին համ թամադան էր երկար կենացներ ասում, համ էլ՝ մյուսները», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ բոլորն էլ հայեր են էղել», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «բացի ինձանից», եւ Կլիմն ասաց՝ «Արմենն էլ ա հայ, բայց շատ կարճ կենացներ ա ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «հայերն էլ են իրարից տարբեր լինում», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «չգիտեի», եւ ես ասացի՝ «թամադայության համար էլ ա տաղանդ պետք», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ մենակ արձակի մեջ ա տաղանդ պետք», եւ ես ժպտալով ասացի՝ «անտաղանդ թամադան ավելի անտանելի ա, քան՝ անտաղանդ գրողը», եւ Անդրյուշան բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես էլ եմ ուզում խմել մեր ավագ ընկերոջ՝ Ալեքսանդր Ռոդինովի կենացը», եւ Կլիմը փռթկացնելով ինձ ասաց՝ «անտաղանդ գրող ասեցիր՝ Սանյային հիշեց», եւ Անդրյուշան Կլիմին թարս նայելով ասաց՝ «խմում եմ մեր տաղանդավոր ընկեր Ալեքսանդր Ռոդիոնովի համար», եւ Կլիմը ժպտալով Անդրյուշային հարցրեց՝ «փոքր բաժակով, բայց մեծ սրտո՞վ», եւ Անդրյուշան առանց Կլիմին նայելու ասաց՝ «ճիշտ այդպես» եւ խմեց, եւ ես Կլիմին ասացի՝ «մնացիր դու», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ասացի՝ «բոլորս Սանյայի կենացը խմեցինք՝ բացի քեզանից», եւ Կլիմը հարցրեց՝ «պարտադի՞ր ա, որ ես էլ իրա կենացը խմեմ», եւ ես ասացի՝ «պարտադիր չի, բայց ցանկալի ա», եւ Կլիմը ժպտալով ինձ ասաց՝ «շա՜տ դեսպոտ թամադա ես», եւ ես ժպտալով ասացի՝ «դեսպոտ ու անտաղանդ», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «բախտներս բերել ա, որ արձակ չես գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի հատ գրել եմ», եւ Կլիմը հարցրեց՝ «մի քանի հատ ի՞նչ», եւ ես ասացի՝ «պատմվածք», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «բախտներս բերել ա, որ էդ պատմվածքներդ հայերեն են», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմ բախտն էլ ա բերել», եւ Անդրյուշան ժպտալով ինձ ասաց՝ «ձե՛ր բախտն է բերել, որ Կլիմ Պետրովիչը հայերեն չգիտի», եւ Կլիմն ասաց՝ «ասում են՝ հայերենը շատ բարդ լեզու ա», եւ ես ասացի՝ «ճիշտ են ասում», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «ձեր տառերը ճանճերի նման են», եւ ես ժպտալով ասացի՝ «վրացերենի հետ ես շփոթում», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «վրացերենն ու հայերենը տարբերում եմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ձեր տառերը ճանճերի նման են, վրացիներինը՝ ճիճուների», եւ ես հարցրի՝ «մեր տառերը որտե՞ղ ես տեսել», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «գրասեղանիդ վրա միշտ ձեռագրերդ թափված են», եւ ես ասացի՝ «իմ ձեռագիրը շատ տգեղ ձեռագիր ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «բայց հայերեն տառերը շատ սիրուն են», եւ Կլիմը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «մեր ռուսական տառերից էլ ե՞ն սիրուն», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի ռուսներն էլ տառեր ունե՞ն», եւ Դիման զարմացած ինձ հարցրեց՝ «բա Պուշկինն ու Գոգոլն ի՞նչ տառերով են գրել», եւ ես ժպտալով հարցրի՝ «նույն լատիներեն տառերը չե՞ն», եւ Անդրյուշան ներողամտորեն ինձ ժպտալով ասաց՝ «մեր կիրիլիցան լատիներեն տառերի հետ ոչ մի կապ չունի, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «դու նույնիսկ թամադայի քո պարտականությունները չգիտես», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզո՞ւմ ես՝ էդ պարտականություններս քեզ զիջեմ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «շա՜տ շնորհակալ եմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «որ լավ բան ըլներ՝ դժվար թե զիջեիր», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «Կլիմ Պետրովիչը թող դեռ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի կենացը խմի, հետո նոր թամադայության մասին երազի», եւ Կլիմը հեգնանքով ասաց՝ «մանկուց եմ երազել թամադա դառնալ, Անդրյուշկա», եւ ես Կլիմին ասացի՝ «քեզ ենք սպասում», եւ Կլիմը հարցրեց՝ «այսինքն», եւ ես ասացի՝ «էդ կենացը մենակ դու չես խմել», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ ես ասացի՝ «Սանյայի կենացը», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «իրան որ Սանյա ես ասում, Անդրյուշը կարող ա նեղանա», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «միայն՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ», եւ Անդրյուշան ասաց՝ «կարեւորն անունը չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորը մարդու էությունն ա», եւ Կլիմն անսպասելի ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց ու հանդիսավոր ասաց՝ «այս փոքրիկ բաժակով ու մեծ սրտով ուզում եմ խմել Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռոդիոնովի էության համար» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «մեր Սանյան «Լիտգազետայի» էս պատմվածքով միանգամայն նոր հորիզոններ բացեց ռուս գրականության համար», եւ մինչ Անդրյուշան ապշահար կնայեր Կլիմին, Կլիմը նախ առաստաղին նայեց, հետո գլուխն իջեցրեց, մի շնչով բաժակը դատարկեց եւ ժպտալով Անդրյուշային հարցրեց՝ «էդ խի՞ ես մի տեսակ նայում, Անդրյուշ դժան. ելույթս չհավանեցի՞ր», եւ ես ժպտալով Կլիմին հարցրի՝ «էդ կենա՞ց էր, թե՞ ելույթ», եւ Դիման Կլիմի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «համ կենաց էր, համ էլ՝ ելույթ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «բայց Անդրյուշը չհավանեց», եւ ես ասացի՝ «կենացը հավանելու կամ չհավանելու համար չի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կենացն ասում են ու անցնում են առաջ», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «անցնենք առաջ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «առաջ անցնելու համար որոշ դժվարություններ կան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ դժվարություններ», եւ Կլիմը խորամանկ ժպտալով ասաց՝ «ինչքան զգում եմ՝ մեր արաղը քչություն ա անելու», եւ Դիման ասաց՝ «նոր ենք սկսել, բայց մի շիշն արդեն գնաց», եւ Անդրյուշան ասաց՝ «մի շիշ էլ ունենք», եւ ես ժպտալով ասացի՝ «էրկու շիշ», եւ Անդրյուշան ինձ ասաց՝ «մեկն արդեն խմել ենք», եւ ես ասացի՝ «մի շիշ էլ իմ սենյակում կա», եւ Կլիմը ժպտալով ինձ հարցրեց՝ «քո սենյակի շիշը մե՞զ ինչ», եւ ես ասացի՝ «հիմա կգնամ՝ կբերեմ», եւ Անդրյուշան ասաց՝ «դեռ մի ամբողջ շիշ ունենք, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «գնամ բերեմ, որ Կլիմը չանհանգստանա», եւ Անդրյուշան ասաց՝ «ինձ որ մնա՝ էս մի շիշն էլ ա լրիվ հերիք», եւ Կլիմը հանդիմանանքով Անդրյուշային ասաց՝ «ըտենց համեստ խոսում ես, բայց մեզ հավասար խմում ես», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «ուղղակի անհարմար եմ զգում, որ ծննդյանս օրվա օղին Արմեն Ակոպովիչը պիտի բերի», եւ Կլիմը ժպտալով Անդրյուշային ասաց՝ «որ էդքան անհարմար ես զգում, պիտի մի շիշ ավել առնեիր», եւ ես ասացի՝ «ես էլ անհարմար եմ զգում, որ Անդրյուշի ծնունդին առանց նվերի եմ ներկայացել», եւ Կլիմն ասաց՝ «որ նախօրոք չի ասել՝ ո՞նց նվեր կառնեիր», եւ Դիման ասաց՝ «ես ու Կլիմն էլ չգիտեինք», եւ Անդրյուշան կարմրելով ասաց՝ «ճիշտն ասած՝ ծնունդս նշելու մտադրություն չունեի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «երեւի մտածել ես՝ առանց Սանյայի ի՞նչ ծնունդ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ամոթխած ասաց՝ «որոշ ֆինանսական դժվարություններ էլ կային» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «դրա համար էլ օղին քիչ ստացվեց», եւ Դիման Անդրյուշային ասաց՝ «որ նախօրոք տեղյակ պահեիր, ֆինանսապես էլ կաջակցեինք», եւ Անդրյուշան կարմրելով ասաց՝ «ճիշտն ասած, մտքովս չանցավ, որ երկու շշից ավել կխմենք», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «Սանյան որ չկա, մտածել ես՝ ո՞վ պիտի խմի», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «իմ փոխարեն էլ ե՞ս մտածում», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «էն էլ ո՜նց եմ մտածում», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմ փոխարե՞ն ինչ ես մտածում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տարբեր բաներ», եւ ես ժպտալով հարցրի՝ «վերջին անգամ ե՞րբ ես իմ փոխարեն մտածել», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «հիմա՝ հենց էս պահին էլ եմ քո փոխարեն մտածում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ես մտածում», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «մտածում եմ՝ խի՞ չես գնում արաղը բերես. ո՞ւմ ես սպասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «գնամ բերեմ» եւ երբ միջանցք դուրս եկա, միջանցքի պատի ժամացույցն ուղիղ ինն էր ցույց տալիս եւ չնայած քսանվեց տարի է անցել, ժամն անսխալ եմ հիշում, որովհետեւ էդ պահին էդ ժամը տեսնելով՝ շատ զարմացա, եւ մի պահ ինձ թվաց, թե չորրորդ հարկի էդ ժամացույցը կանգ է առել, բայց երբ մի հարկ բարձրացա ու տեսա, որ հինգերորդ հարկի միջանցքի ժամացույցն էլ է նույն ժամը մատնանշում, հասկացա, որ ոչ թե ժամացույցներն են կանգ առել, այլ՝ ժամանակը, եւ, հիշում եմ, էդ պահին շատ ուրախացա, որ ընդամենը ինն է, որովհետեւ էդ պահին ուշքումիտքս ոչ թե օղին էր, այլ՝ Նինան, ու մեր հարկ բարձրանալով՝ նախ շատ ուրախացա, որ Սոկոլովը միջանցքում չէր, այնուհետեւ շատ ուրախացա, որ Նինան սպասում էր ինձ, որովհետեւ իր սենյակի դուռը ներսից չէր փակել, եւ ինքը շորերով ու շալվարով իր երկտեղանոց մահճակալին պառկած ու քնած՝ հաստատ ինձ էր սպասում, այլապես ներսից առնվազն սողնակը գցած կլիներ, եւ երբ իրեն արթնացնելով համբուրեցի, կիսախուփ աչքերով նայեց ինձ, սիրալիր ժպտաց ու սիրալիր ժպտալով հարցրեց՝ «երկար ե՞մ քնել», եւ ես իր ձեռքի ժամացույցին նայելով ասացի՝ «ահագին», եւ ինքը մեղավոր ժպտալով ասաց՝ «կներես» եւ մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «երեւի շատ հոգնած եմ եղել. քնելս էլ չեմ զգացել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «գիշերն էլ համարյա չենք քնել», եւ Նինան կիսաբաց աչքերով սիրալիր նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «բայց դու առանձնապես հոգնած չես երեւում», եւ ես ասացի՝ «շա՜տ երկար օր էր», եւ Նինան ասաց՝ «համ գիշերն էր երկար, համ էլ՝ ցերեկը», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «գիշերվա երկարությունը չեմ զգացել», եւ Նինան դեռեւս կիսափակ աչքերով ինձ ժպտալով ասաց՝ «գոնե դուռը փակենք», եւ ես իրեն համբուրելով ասացի՝ «ես կփակեմ» եւ երբ սողնակը գցեցի, Նինան շալվարը հանելով հարցրեց՝ «էդ Սոկոլովի հետ մի ժամ ի՞նչ էիք խոսում», եւ ես ասացի՝ «ավելպակաս հարցեր էր տալիս», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ էր հարցնում», եւ ես ասացի՝ «անասունը ոնց որ մեր հաշվով գլխի ա ընկել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ էլ էր մի տեսակ նայում», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ», եւ Նինան ասաց՝ «որ տուալետ էի գնում, դեմս դուրս եկավ», եւ ես ասացի՝ «դու որ տուալետ մտար, ինքն իմ հետ էր կանգնած», եւ Նինան կարմրելով ասաց՝ «դրանից հետո մի անգամ էլ տուալետ գնացի» եւ ժպտալով ավելացրեց՝ «փորս ոնց որ մի քիչ թույլ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «խոտերի վրա շատ թավալվեցիր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «երեւի դրանից ա», եւ ես ասացի՝ «Սոկոլովը մեր հաշվով մի գլուխ նամյոկներ էր անում», եւ Նինան ծաղկամանի միջի ծաղիկները ցույց տալով ասաց՝ «էս ծաղիկները որ ձեռքիս տեսավ, երեւի մտածեց՝ դու ես առել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմ մասին շատ մեծ կարծիքի ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ապուշի մտքով չի էլ անցնի, որ էս ծաղիկներն իմ ձեռքով եմ հատիկ-հատիկ քաղել», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «էնքան խոտերին նստեցիր, որ ցռիկ կպար», եւ Նինան շորերս հանելով ու ինձ սիրելով շշնջաց՝ «շա՜տ անամոթն ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Նինան կիսափակ աչքերով ժպտալով ասաց՝ «սիրած էակին էդ տեսակ կոպիտ բաներ չեն ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ եմ ասել», եւ Նինան փռթկացնելով ասաց՝ «ցռիկ», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «դու ես ասում, որ էրկու անգամ տուալետ ես գնացել», եւ Նինան մեղավոր ժպտալով ասաց՝ «իրականում երեք անգամ եմ գնացել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ուրեմն, հաստատ ցռիկ ես», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «շա՜տ եմ խնդրում, էդ բառը մի՜ ասա», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «էդ բառի հոմանիշները չգիտեմ» եւ ժպտալով ավելացրի՝ «ռուսերեն լավ չգիտեմ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «եթե ինձ սիրեիր, հազար ու մի հոմանիշներ կգտնեիր», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «կյանքը դեմներս ա», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «էդ ապուշ Սոկոլովն էլ կարծում ա՝ իսկական ջենտլմեն ես», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «ջենտլմեն չե՞մ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «մենակ էս պահերին ես ջենտլմեն», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «կարեւորն էս պահերն են», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «բոլոր պահերն էլ կարեւոր են» եւ ինձ սիրելով ավելացրեց՝ «էս պահերն, իհարկե, մի քիչ ավելի կարեւոր են», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «մի քի՞չ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «իսկական կյանքն էս ա, բայց առավոտից իրիկուն ուրիշ բաներ ենք կարեւորում», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «իսկական կյանքը թողած՝ առավոտից իրիկուն Սոկոլովի անոնիմկեքն ես կարդում», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «արդեն ոչ էլ կարդում եմ» եւ ինձ սիրելով ավելացրեց՝ «էդ ծրարներն իրենից վերցնում ու գցում եմ էս գրասեղանիս դարակը. էլ հետս ինստիտուտ չեմ տանում», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «բա չես կարդո՞ւմ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «մի ժամանակ կարդում էի, բայց հիմա էդ ծրարները նույնիսկ չեմ էլ բացում», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «էդ կարդացածներդ ո՞ւմ մասին էին», եւ Նինան ինձ սիրելով պատասխանեց ու ասաց՝ «հիմնականում Սաշա Ռոդիոնովի», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «իմ մասին բան չի գրե՞լ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «քո մասին շա՜տ մեծ կարծիքի ես», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «մենակ Սանյայի մասին ա՞ գրել», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «ուրիշների մասին էլ որոշ բաներ կան, բայց հիմնականում Ռոդիոնովի մասին են», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «փաստորեն, Սանյան իրա գլխավոր հերոսն ա», եւ Նինան ինձ սիրելով հարցրեց՝ «լույսը չհանգցնե՞նք», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «պարտադիր ա՞», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «ցանկալի ա», եւ ես ձգվելով ու լույսը հանգցնելով ասացի՝ «լույսով ավելի լավ էր», եւ Նինան մթության մեջ ինձ հարցրեց՝ «ի՞նչն էր ավելի լավ», եւ ես մթության մեջ Նինային վերագտնելով ասացի՝ «լույսով ավելի սիրուն էիր», եւ Նինան ինձ ամուր գրկելով ասաց՝ «էսպես ավելի խորհրդավոր ա» եւ ինձ սիրելով ավելացրեց՝ «գեղեցկությունը տեսնողը մթության մեջ էլ կտեսնի», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «չեմ տեսնում, բայց զգում եմ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «մի՛ գոռա. Սոկոլովը կլսի», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «ո՞նց պիտի լսի», եւ Նինան մթության մեջ ինձ սիրելով ասաց՝ «մոռանում ես, որ ինքն իմ պատկից հարեւանն ա», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «ականջ ա՞ դնում», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «էսօրվանից սկսած՝ երեւի արդեն ականջ կդնի», եւ ես մթության մեջ Նինային սիրելով ասացի՝ «հիմա արդեն իմ մասին էլ կգրի», եւ Նինան ինձ սիրելով հարցրեց՝ «քո մասին ի՞նչ պիտի գրի», եւ ես մթության մեջ Նինային սիրելով պատասխանեցի ու ասացի՝ «իմ ու քո էս հարաբերությունների մասին», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «ինչ էլ որ գրի՝ էդ գրածն ինձ ա տալու», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «դու էլ դարակդ ես գցելու», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «թող գրի՝ կկարդանք», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «որ մեր մասին գրի, ես մեծ հետաքրքրությամբ կկարդամ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «ինքը շատ ապուշ մարդ ա, ճիշտ ա, բայց էնքան ապուշ չի, որ իմ մասին վատ բաներ գրի ու տա ինձ», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «բայց խի՞ ես իրա էդ գրածները պահում. խի՞ աղբարկղը չես գցում», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «հիմար չեմ, որ էդ կլյաուզնիկի գրածները դեն գցեմ. մեկ էլ տեսար՝ մի օր պահանջեց», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «կտա՞ս իրա էդ գրածները կարդամ», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝ «հիմա՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հետո», եւ Նինան ինձ սիրելով հարցրեց՝ «տարօրինակ ա, չէ՞», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «ի՞նչը», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «փոխանակ իրար սիրո քնքուշ խոսքեր ասենք, մի գլուխ էդ անասունից ենք խոսում» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «փոխանակ իրար սիրենք, մի գլուխ էդ ապուշից ենք խոսում», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «մի գլուխ էդ ապուշից ենք խոսում, բայց լավ էլ իրար սիրում ենք», եւ Նինան ինձ սիրելով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ ինձ սիրո՞ւմ ես», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ էդ անասունը հեչ չի խանգարում, որ իրար սիրենք», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «շա՜տ քծիբն ես», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «խի՞ եմ քծիբ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «լեզուդ չի բռնում ասես, որ ինձ սիրում ես», եւ ես ամբողջ ուժով Նինային ինձ սեղմելով ասացի՝ «քծիբ չեմ», եւ Նինան ամբողջ ուժով ինձ գրկելով ճչաց՝ «հե՜չ քծիբ չես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մի՛ գոռա», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «ինչի՞ չգոռամ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հարեւանդ կլսի», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հարեւան», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մոռանում ես, որ Սոկոլովը պատկից հարեւանդ ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «եթե սիրում ես, ամեն ինչ մոռանում ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ուզում ես ասես՝ ինձ սիրո՞ւմ ես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ սիրո պահերին ամեն ինչ մոռանում ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շա՜տ քծիբն ես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «մեր քծիբությունը փոխադարձ ա» եւ նորից համբուրելով ավելացրեց՝ «իբր ինձ սիրում ես, բայց էս ամբողջ ընթացքում մի հատիկ քաղցր խոսք չասեցիր», եւ ես Նինային համբուրելով՝ հայերեն ասացի՝ «մեղր», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ ա նշանակում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շա՜տ քաղցր բառ ա», եւ Նինան հարցրեց՝ «մե՞գր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հայերեն ամենաքաղցր բառն ա», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ ա նշանակում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մեղր նշանակում ա մյոդ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ բառը խի՞ հանկարծ հիշեցիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու էիր ուզում, որ քաղցր բան ասեմ», եւ Նինան ինձ հարցրեց՝ «բայց մեղրն ի՞նչ կապ ունի», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «մեղրը քաղցր չի՞», եւ Նինան ասաց՝ «մեղրը քաղցր ա, բայց՝ առավոտյան» եւ ինձ հրելով ավելացրեց՝ «էս կեսգիշերին ի՞նչ մեղր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու իմ մեղրն ես. հիմա քեզ կուտեմ», եւ Նինան ինձ հրելով ասաց՝ «ինչքան կերար՝ հերիք ա», եւ հիմա, երբ իմ ու Նինայի էդ գիշերվա խոսակցությունը հիշելով գրում եմ, հասկանում եմ, որ էդ գիշեր Նինային ասածս չափազանց նման է Շպռօտի երգի տողին՝ «ես քո մեղրն եմ. արի ինձ կեր», եւ Շպռօտի էս տողերին վերջերս մամուլում բացասաբար վերաբերվեցին՝ ճիշտ այնպես, ինչպես ութսուներկուսի դեկտեմբերյան էդ գիշեր մեղրի մասին իմ էդ ասածը Նինայի կողմից բացասական վերաբերմունքի արժանացավ, եւ, չգիտես ինչու, էս պահին նաեւ Ֆրունզիկ Մկրտչյանի ասածը միտս եկավ. Երեւանի ռեստորաններից մեկում հարբած լավ տղերքը Ֆրունզիկին տեսնելով ասում են՝ «Ֆրունզ ջան, մի հատ տափակ բան ասա՝ խնդանք», եւ շիվարած ու անակնկալի եկած Ֆրունզիկը մի քիչ մտածելուց հետո ասում է՝ «կորժիկ», եւ երբ ութսուներկուսի դեկտեմբերյան էդ գիշեր Նինային ասացի՝ «դու իմ մեղրն ես. հիմա քեզ կուտեմ», Նինան ինձ հրելով ասաց՝ «ինչքան կերար՝ հերիք ա», եւ ես չիմանալով ինչ ասեմ՝ ոչինչ չասացի, եւ երբ Նինան ասաց՝ «առավոտ շուտ աշխատանքի եմ», ես էլի լռեցի, որովհետեւ էլի չգիտեի՝ ինչ ասեմ, եւ երբ Նինան հոգոց հանելով ասաց՝ «հոգնած եմ», ես էլի չիմացա ինչ ասեմ ու էլի լռեցի, եւ երբ Նինան ասաց՝ «քնենք», ես էլի ոչինչ չասացի, եւ երբ Նինան հորանջելով հարցրեց՝ «դու էստե՞ղ ես քնելու», ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ իմաստ ունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հո քեզ մենակ չե՞մ թողի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «թողնես չթողնես՝ մենակ եմ», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «չես ուզո՞ւմ մոտդ մնամ», եւ Նինան հառաչելով պատասխանեց ու ասաց՝ «ոնց հարմար ես գտնում՝ էդպես էլ արա», եւ ես ասացի՝ «դու քնի, ես դուռը դրսից կփակեմ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց դրսից», եւ ես ասացի՝ «էսօր Անդրյուշայի ծնունդն ա. իջնեմ՝ տղերքի հետ մի քիչ նստեմ», եւ Նինան հոգնած ասաց՝ «գնա»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել