Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլի ցուցահանդեսը

Հունվար 30,2010 00:00

«Մշակութային կյանքն այսօր շոուի է վերածված, անլրջությունը համատարած է, ու մշակույթի սանդղակը շատ է իջել»- «Առավոտի» հետ զրույցում ասում է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ում անհատական հերթական ցուցահանդեսը բացվեց երեկ՝ Մոսկվայի տանը: Նկարիչը գտնում է, որ նման իրավիճակում գրողները, երաժիշտներն ու արվեստի իրական ներկայացուցիչները շատ անելիք ունեն, որովհետեւ, նրա խոսքով՝ «Այս երկիրը մեր երկիրն է, այլ ոչ շոումեններինը, որոնցով ողջ հեռուստաեթերն է ողողված: Նրանք պատնեշում են լուրջ մշակույթը ներկայացնելու ճանապարհը, ինչի պտուղները վաղը մենք ենք քաղելու»: Ըստ նկարչի, կարեւոր է արվեստագետների հաճախակի շփումը հասարակության հետ, ինչը եւ մեր զրուցակիցն անում է. անցյալ տարի ցուցահանդեսներով հանդես է եկել Ալավերդու, Վանաձորի պատկերասրահներում, իսկ այս տարի հասցրել է ներկայանալ նաեւ Ջերմուկի արվեստասեր հանրությանը. «Ավելի շատ մարզերում եմ բացում ցուցահանդեսներ, քան Երեւանում, որովհետեւ Հայաստանը միայն Երեւանը չէ»:

25 աշխատանքից կազմված այս ցուցահանդեսը նկարիչը նվիրել էր օրերս կյանքին հրաժեշտ տված Գայանե տատի հիշատակին: Ցուցահանդեսը խորհրդանշում էր հայ-ռուսական բարեկամությունը: Ներկայացված աշխատանքների մոտ կեսը առաջին անգամ էր ցուցադրվում: Ներկա էին ոչ միայն նկարիչներ, երաժիշտներ, այլեւ մի շարք պաշտոնատար անձինք:

Նկարիչ, հրապարակախոս Արեւշատ Ավագյանին գրավում են հատկապես նկարչի արտահայտչամիջոցները. «Գեղանկարչական պատկերամտածողության զանազան տարրերի մեջ Նիկոլը միանգամից կարողանում է իր սերն արտահայտել դեպի բնությունը, մարդը, նկարների էներգիան գործում է, եւ նկարիչը արվեստասերին փոխանցում է ասելիքը»:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով. «Նիկոլը միշտ սիրահարված է Հայաստան աշխարհին ու բնությանը: Նա շարունակում է դասական եւ ժամանակակից նկարչության ուղին, հիմնականում բնապատկերների վարպետ է, ցուցահանդեսից ցուցահանդես՝ անպայման մի նոր քայլ է անում եւ այսօր արդեն գործ ունենք հրաշալի պեյզաժի վարպետ նկարչի հետ»:

«Նիկոլի աշխատանքներում օդ, թարմություն, կյանք կա, նրա մաքուր, պարզ գույներով՝ մարդ շնչում է»,- ասում է վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը: Կոմպոզիտոր Գարի Քեոսայանի խոսքով էլ՝ արվեստագետի համար ցուցահանդեսը, համերգը յուրօրինակ քննություն է, որը պետք է անպայման ներկայացվի: «Նիկոլի նկարներում մեծ էներգիա, ուժ կա, այստեղ Հայաստանի ամբողջ գույներն են, կա փիլիսոփայություն, այն գեղեցիկը, որ մարդու հոգում միշտ պակասում է»,- «Առավոտին» ասաց երաժիշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել