Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թույլ պատրիարքը ձեռնտու է թուրքական իշխանություններին»

Հունվար 30,2010 00:00

Համոզված է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրությունների հետ կապված՝ առաջ են եկել որոշ խոչընդոտներ: Պատճառը Ստամբուլի նահանգապետարան՝ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու երկրորդ դիմումն է:

«Թուրքական իշխանությունները նպատակ ունեն թույլ պատրիարք ընտրելու միջոցով կործանել թուրքահայ եւ ստաբուլահայ համայնքը, դրա համար էլ Թուրքիան ձգձգում է հայ համայնքի աթոռակից պատրիարքի ընտրությունները»,- երեկ ուրբաթ ակումբում հայտարարեց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Պատրիարքի ընտրության համար, ըստ օրենքի, պետք է հայ համայնքի պատրիարքությունը դիմում ներկայացնի Ստամբուլի նահանգապետարան եւ թույլտվություն խնդրի ընտրություն անցկացնելու: Առաջին դիմումը ներկայացվել է դեռեւս անցյալ տարի, որտեղ խոսվել է աթոռակից պատրիարքի ընտրության մասին: Երկրորդը՝ մեկ շաբաթ առաջ, կրկին դիմում է հղվել Ստամբուլի նահանգապետին, այս անգամ դիմումում նշվելով ոչ թե աթոռակից, այլ պատրիարք ընտրելու հայցով: Սա բուռն զարգացումներ եւ լուրջ քննարկման առարկա է դարձել Պոլսո հայոց համայնքում, քանի որ դա խախտում է պատրիարքության օրենքը եւ դրանից առաջ տված դիմումը: Ըստ պատրիարքության կանոնադրության, պատրիարք ընտրված անձը ցմահ մնում է պատրիարք, անկախ հիվանդությունից եւ այլ հանգամանքներից»,- ասաց թուրքագետը:

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրությունն անցկացվում է պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի պատճառով: Նա տառապում է անբուժելի հիվանդությամբ, այդ պատճառով էլ ծառացել է աթոռակից պատրիարք ընտրելու հարցը: «Թուրքիայի հայ համայնքը, մասնավորապես՝ Ստամբուլինը, առավելապես կրոնական համայնք է, եւ ներկայումս հովվապետի բացակայությունը համայնքում ստեղծել է մի փոքր գլխատված վիճակ: Թուրքական իշխանությունները նույնպես այս հարցում ունեն որոշակի շահագրգռություն: Պատրիարքությունը եւ պատրիարքը գլխավորում է համայնքը՝ ե՛ւ իրավական առումով, ե՛ւ բարոյական: Այնպես որ, համայնքը, ունենալով մի շարք խնդիրներ եւ չունենալով հովվապետ, չի կարողանալու գտնել դրանց լուծման ճանապարհները: Դրա համար թուրքական իշխանություններին՝ պատրիարքարանի նման պասիվ կեցվածքը եւ համայնքի ոչ կազմակերպված վիճակը միայն ձեռնտու է»,- ասում է բանախոսը:

Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններին առաջադրվել է երեք թեկնածու՝ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ու Գերմանիայի հայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը:

Հարցին՝ կա՞, արդյոք, երեք թեկնածուների միջեւ հակասություն՝ կապված աթոռակից եւ ընդհանուր պատրիարք ընտրվելու հետ, Ռ. Մելքոնյանի հավաստմամբ, մինչեւ առաջին դիմումը՝ ոչ. «Բացահայտ որեւէ խնդիր չկար, բոլոր երեքն էլ հայտարարել էին, որ կողմ են արդար ընտրությունների եւ այլն: Սակայն վերջին օրերին վիճակը փոխվել է: Մինչեւ առաջին դիմումը մեկ կարծիք էր հնչում, թե պետք է լինի աթոռակից պատրիարք: Երկրորդ դիմումում, չգիտես ինչու, նշվել է ընդհանուր պատրիարք ընտրելու խնդիրը, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել»: Թե նժարն ավելի շատ ում կողմն է թեքված, Ռ. Մելքոնյանի բնութագրմամբ՝ բացահայտ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի. «Արամ սրբազանն ասում է՝ մեզ մի նույնացրեք հայաստանցիների եւ սփյուռքահայերի հետ, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք… Այս շրջանում նա հանդիպումներ է ունենում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի դեպ, Արամ սրբազանը կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք իմ՝ թուրքագետիս մեկնաբանությամբ, ի շահ թուրքական իշխանությունների են: Ինչպես արդեն ասացի, թուրքական իշխանություններին ձեռնտու է թույլ պատրիարքի, համայնքի ու ազգային խնդիրներով քիչ մտահոգ թեկնածուի ընտրությունը, որն է՛լ ավելի կխորացնի թուրքահայ եւ ստամբուլահայ համայնքում առկա եւ ճահճացած վիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել