Կամ անճաշակ «կենացներ» ու քյաբաբա-խորովածային մթնոլորտ՝ Հայոց բանակի տոնին
Հունվարի 28-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակին նվիրված հանդիսություն՝ «Մեր անունն է Հայկական բանակ» խորագրով: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տոնական համերգին մասնակցում էին ՀՀ պետական ջազ նվագախումբը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների երգչախումբը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը, «Սարդարապատ», «Բարեկամություն» համույթները եւ այլք:
Այս համերգը, ինչպես նաեւ հանրապետությունում անցկացվող բոլոր փողոտ միջոցառումները, կազմակերպել էր «Շարմը»: Բանակին նվիրված համերգը ենթադրում է ոգին բարձրացնող համարներ, հերոսականության զգացողություն, սակայն այդ ամենի փոխարեն դահլիճում տիրում էր քյաբաբա-խորովածային մթնոլորտ: Գավառամտությամբ աչքի ընկնող այս միջոցառումը թույլ էր եւ բեմադրական մասով, եւ ընտրված համարներով, այն ակամայից ի ցույց էր դնում հայկական շոու-բիզնեսի ցածր նշաձողը, իսկ «գնդապետ» Աշոտ Ղազարյանի ու «կապիտան» Հրանտ Թոխատյանի մաշված հումորն անհամությամբ ուղղակի հոգնեցնում էր:
«Դե արի մի հատ մտովի բաժակ բարձրացնենք հայոց բանակի համար»,- առաջարկում էր բարձրաստիճան զինվորականի համազգեստով Աշոտ Ղազարյանը, որը նաեւ կենացի վրա երգեց «Ջան գնդապետ» նույնքան պարզունակ՝ «Մեր բանակի նման աշխարհում չկա» տողերով երգը: Հրանտ Թոխատյանն էլ, ըստ «շարմ»-ական սցենարի, գիրկն առավ զինվորներից մեկին, թե՝ «Տեսե՛ք, երեխու պես ենք պահում տղաներին բանակում»: Ծիծաղելի է՝ զինվորը երեխա չէ, որ նանիկ ու «բայուշկի» երգես նրա համար, զինվորը հայրենիքի պաշտպանն է, տղամարդ, ու վերջապես բանակի տոնի հետ անհամատեղելի են նման խղճուկ հումորները:
Գուցե երգչուհի Շուշան Պետրոսյանին շատերը սկսել են ավելի քիչ հավանել՝ նրա ոստիկան ամուսնու՝ Արման Հարությունյանի «քաջագործությունների» պատճառով, բայց, միեւնույն է, Շուշանը հրաշալի երգչուհի է, եւ հենց նրա հայրենասիրական երգերը տեղին կլինեին այս համերգին: Հետո նա համապատասխան տրամադրության ու ոգու կրողն է, վերջապես խորք ու ինտելեկտ ունի ու շատ տարբերվում էր համերգի մասնակիցների մեծամասնությունից: Ցավոք, Շ. Պետրոսյանը հետին պլանում էր. նա ընդամենը մեկ երգ կատարեց՝ Սամվել Մուսախանյանի՝ «Էլ չպարտվել»-ը, եւ հանդես եկավ խմբակային համարում: Առաջին պլանում էին «Շարմի» հովանավորությունը վայելող Արշակյան քույրերը, որոնց երգի ժամանակ բեմի վրա հանկարծ հողմաղաց ու ճոճանակներ հայտնվեցին, թե ի՞նչ խորհուրդ ունեին դրանք եւ ինչ աղերս՝ բանակի տոնի հետ, միայն «Շարմին» ու աղջիկներին էր հայտնի: Փայլեցին «Ռանչպարների կանչը» խորագրով ազգային հայրենասիրական երգերի շարքը կատարող Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արմեն Թովմասյանը, Արմեն Ադամյանը, Արսեն Գրիգորյանը եւ Անդրանիկ Մանուկյանը: Գեղեցիկ էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ասմունքը, սրտանց ու կրակոտ՝ Լեյլա Սարիբեկյանի ելույթը: Ինչքա՜ն տեղին կլիներ, եթե համերգին մասնակցեր նաեւ Վանուշ Խանամիրյանի «Վանուշ» պարախումբը ու մի խրոխտ ելույթ ներկայացներ: Կամ ո՞վ է ասել, որ միայն «թեթեւ» ժանրի ներկայացուցիչները պիտի հանդես գան բանակի տոնին, իսկ, օրինակ, Բարսեղ Թումանյանը՝ ոչ: Եվ ինչո՞ւ պիտի նման կարեւորագույն հանդիսությունները վստահվեն հենց «Շարմին», որ մի քանի հարյուր հազար դոլարով, բայց դպրոցական «վերջին զանգի» մակարդակի համերգ հրամցնի: