ԱՄՆ Սենատը պաշտպանել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման ընդլայնման վերաբերյալ օրինագիծը: Նոր պատժամիջոցներն առաջին հերթին առնչվելու են նրանց, ովքեր վառելիք են արտահանում Իրան:
Օրենքը վերաբերելու է նաեւ այն ընկերություններին, որոնք զբաղվում են Իրան՝ վառելիքի մատակարարմամբ կամ մեծացնում են իրանական նավթավերամշակման գործարանների հզորությունը: BBC-ի մատուցմամբ, այս նոր առաջարկի համաձայն, այդպիսի ընկերությունները ԱՄՆ-ի կողմից վարկ կամ ֆինանսական օգնություն ստանալ այլեւս չեն կարող:
Ավելի վաղ համանման օրինագիծ էր ընդունել նաեւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը: Այն բանից հետո, երբ երկու նախագծերի բովանդակությունը համաձայնեցվի՝ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին դրույթներն օրենքի ուժ կստանան:
Հիշեցնենք, որ հունվարին Թեհրանը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտարարել էր, թե չի կարող ընդունել միջազգային հանրության կողմից առաջարկված պայմանները, այդ թվում՝ արտերկրում ուրանի հարստացման առաջարկը: