Երեկ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ցուցմունքներ է տվել Իրաքում պատերազմ սկսելու հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում: BBC-ի մատուցմամբ՝ Բլերը շուրջ 6 ժամ պատասխանել է հիշյալ հանձնաժողովի անդամների հարցերին: Այդ հարցաքննությունն ուղիղ եթերով երեկ հեռարձակվել է նաեւ BBC-ի պաշտոնական կայքէջի միջոցով: Գործակալության միջազգային քաղաքականության մեկնաբան Պիտեր Բայլսի մատուցմամբ՝ Բլերը հանձնաժողովի առաջ հանդես է եկել որպես իրաքյան պատերազմի անհրաժեշտությանը իսկապես հավատացող մարդ: Այլ փորձագետներ շեշտել են այն փաստը, որ Բլերի հարցաքննության ժամանակ չի հնչել «ո՛չ «ներողություն» բառը, ո՛չ էլ զղջալու ակնարկ»: Այլ մեկնաբանների դիտարկմամբ՝ երկրի նախկին վարչապետը փորձում է հանձնաժողովի անդամներին հասկացնել տալ, որ Սադամ Հուսեյնի ձեռքում զանգվածային ոչնչացման զենք ունենալ-չունենալու փաստն այնքան էլ կարեւոր չէր: Ավելի կարեւոր էր այն, որ Իրաքի նախկին բռնապետը արհամարհում էր ՄԱԿ-ի բանաձեւերն ու հրաժարվում էր համագործակցել միջազգային տեսուչների հետ:
Բլերը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե վարչապետներին մնում է ապավինել հետախուզական փորձագետների տրամադրած ապացույցներին, իսկ որ այդպիսիք եղել են՝ Բլերը պնդել է: Ավելին, նա ասել է, որ եթե հիմա լիներ վարչապետ, Հետախուզության միավորված կոմիտեին թույլ կտար առանց կառավարության հետ համաձայնեցնելու՝ հրապարակել իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, որոնք ապացուցում էին, որ մինչեւ Իրաք ներխուժումը՝ Սադամը շարունակում էր քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրությունը: Բլերը նաեւ հայտարարել է, որ եթե ժամանակին երկրի գլխավոր դատախազ լորդ Գոլդսմիթը ֆորմալ եզրակացություն տար, որ Իրաքում ռազմական գործողությունը անօրինական է, այն պարզապես չէր լինի:
Բլերի հարցաքննության ողջ ընթացքում «Կոնֆերանս կենտրոնի» մուտքի մոտ գտնվող հրապարակում բրիտանացիները բողոքի ցույց են անցկացրել՝ Բլերին անվանելով ռազմական հանցագործ եւ պահանջելով նրա դեմ միջազգային դատական գործընթաց սկսել: Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեցել են «Իրաքի դեմ Արեւմուտքի ահաբեկչությունը» դադարեցնելու կոչեր պարունակող պաստառներ:
Վերլուծաբանները չեն բացառում, որ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ սըր Ջոն Չիլկոտը Բլերին հարցաքննության կհրավիրի երկրորդ անգամ: