Ուկրաինական ընդդիմության առաջնորդ եւ նախագահական ընտրությունների 1-ին փուլի ֆավորիտ Վիտոր Յանուկովիչը ուժգին հարված է հասցրել իր մրցակից՝ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Ստանալով այդ երկրի Գերագույն Ռադայի մեծամասնության աջակցությունը, Յանուկովիչի գլխավորած խորհրդարանական խմբակցությունը պաշտոնանկ է արել ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին (նկարում՝ աջից)՝ կառավարության ղեկավար Տիմոշենկոյի մերձավոր զինակցին:
Տիմոշենկոն իր հերթին, փետրվարի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ուժային կառույցների նկատմամբ իր վերահսկողությունը չկորցնելու համար, Լուցենկոյին նշանակել է ՆԳ նախարարի տեղակալ եւ միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Reuters-ի փոխանցմամբ, դա նշանակում է, որ առնվազն մինչեւ ընտրությունների ավարտը Լուցենկոն, միեւնույն է, գլխավորելու է երկրի ոստիկանությունը: «Նա կգլխավորի նախարարությունն ու ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա»,- հայտարարել է Տիմոշենկոն:
Նրա ընդդիմախոսները կարծում են, որ ՆԳ նախարարի պաշտոնանկությունը վարչապետին «կզրկի վարչական ռեսուրսն ընտրությունների ընթացքում օգտագործելու հնարավորությունից», ինչի մեջ ընդդիմությունն այսօր էլ մեղադրում է Տիմոշենկոյին: