Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի դառնալու ճանապարհին

Հունվար 30,2010 00:00

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մենք՝ հայերս, կարող էինք գլուխ գովել՝ «այդ մենք ենք առաջինն ընդունել քրիստոնեությունը», «երբ մենք թատրոն ունեինք, այդ եվրոպացիները դեռ ծառերի վրա էին թռչկոտում», «Գառնիի տաճար ունենք՝ աշխարհը չունի», «Դիլիջանի անտառների ու բնության նմանը չկա»: Բոլորս էլ մեծացել ենք այս ամենը լսելով, բոլորիս էլ շրջապատել են «գլուխ գովան» հայերը, ովքեր ցնցող ոգեւորությամբ կերտում են այն առասպելը, թե մենք միակն ենք եւ անկրկնելին, թե աշխարհը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ մեզ նման պատմություն ու մշակույթ ունենա… Եվ հանկարծ, մի գեղեցիկ օր, կամա թե ակամա, բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվում ենք Փարիզում կամ Լոնդոնում, տեսնում ենք Հռոմի կոլիզեումը, անցնում ենք Գերմանիայի կամ Ավստրիայի անտառների միջով… Կարծում եմ՝ բոլորիս ռեակցիան նույնն է լինում՝ ապուշ ենք կտրում եւ աչքներս չորս արած նայում այդ գեղեցկություններին, համոզվում, որ աշխարհը չի սահմանափակվում ոչ Գառնիի անզուգական տաճարով, ոչ էլ Դիլիջանի չքնաղագեղ բնությամբ: Հայաստանի մասին կազմած հեքիաթային միֆը հօդս է ցնդում, եւ սկսում ենք ավելի օբյեկտիվ դատել, իրերն իրենց անուններով կոչել:

Այսօր մենք այնքան հեռու ենք քաղաքակրթությունից, որ արդեն 15 տարի չենք կարողանում գոնե մի քանի քայլ մոտենալ այդ նույն՝ «պատմությունից ու մշակույթից խեղճ» Եվրոպային, այդ նույն «երկար ժամանակ ծառերի վրա թռչկոտող» եվրոպացիներին, չենք կարողանում նախագահ կամ խորհրդարան ընտրել, չենք կարողանում հասկանալ, որ խաղաղ մարդկանց վրա չի կարելի կրակել, չենք կարողանում տարբերել սեփական գրպանը՝ պետականից, չենք կարողանում… ու հիմա այդ նույն Եվրոպան, որը պետք է «շատ հաց ու պանիր ուտի», մեզ դիտողություններ է անում, բանաձեւեր ընդունում, եւ ամեն կերպ հասկացնում, որ մենք շատ-շատ հեռու ենք իրենից, թեեւ Եվրախորհրդի անդամ ենք, ու Եվրամիությունն էլ համարում ենք մեր հեռակա հանգրվանը: Ու մեր այդ չկարողանալը բացատրում ենք մեր յուրահատուկ մտածելակերպով՝ մենտալիտետով: Իբր, մենք Արեւելքի ու Արեւմուտքի ճամփաբաժնում ենք ու կրում ենք երկուսի ազդեցությունն էլ:

Շատերս ենք սիրում Արեւելքը՝ իր բազում վառ ու խայտաբղետ գույներով, իր չափից դուրս կպչուն քաղցրությամբ, իր շողոմությամբ ու իր ջերմությամբ: Բայց այդ ամենը սիրում ենք որպես դիտորդ, որպես տուրիստ, ով ճամփորդելով էկզոտիկ վայրերում, փորձում է ամեն կերպ կլանել այն ամենը, ինչ հատուկ չէ իրեն. աչքերը չորս արած նայում է այսուայնկողմ, հոտոտում է, լսում, շոշափում: Այ, այդպես պետք է սիրել Արեւելքը: Իսկ Եվրոպան պետք է որ մերը համարենք: Զգանք մեզ մի մասնիկ այն քաղաքակրթության, որին հավատում, վստահում եւ ձգտում են մեր ընտանիքներում, մեր շրջապատում: Ցանկանանք, որ մեր վաղվա օրը լինի եվրոպական Հայաստանում եւ ոչ թե՝ «արեւելյան»: Բայց դրա համար պետք է ոչ միայն վստահենք ինքնաբուխ ու գուցե ոչ այնքան գիտակցված ցանկություններին, այլեւ տեսնենք, զգանք, համեմատենք ու հասկանանք այդ ամենը մանրամասնորեն, կաթիլ-կաթիլ, գրամ-գրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել