Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ «ԶԶՎԵԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ»

Հունվար 30,2010 00:00

Գուցե նրանց պարզապես աշխատանքից հեռացնե՞լ

Անցյալ շաբաթ Վերահսկիչ պալատ կատարած այցելության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Պետական միջոցներին ձեռք գցած պաշտոնյան պետք է ամենազզվելի մարդը լինի մեր հանրության համար», եւ ընդգծեց, որ այդ մթնոլորտի ձեւավորման գործում չափազանց մեծ է ՎՊ դերը:

Մինչդեռ պաշտոնյաների հանդեպ զզվանքի մթնոլորտ ձեւավորելու համար որեւէ մեկի դերի անհրաժեշտությունը չկա: Պետական միջոցները յուրացնող պաշտոնյաները վաղուց արդեն չափազանց զզվելի են մեր հանրության համար: Այլ բան է, որ նրանք զզվելի չեն իշխանության համար: Հակառակ պարագայում՝ իշխանությունը գոնե նվազագույն փորձեր կաներ նման կադրերից ձերբազատվելու համար:

Երբ մեկուկես տարի առաջ ՎՊ-ն հանդես եկավ պետական միջոցների յուրացման մասին առաջին ցնցող բացահայտումներով, զզվանքի զգացողությունից հոգնած հանրության մեջ որոշակի հույս արթնացավ, որ ահա, վերջապես պետական ատյանի հայտնաբերած եւ հրապարակած աղաղակող այդ փաստերի արդյունքում տվյալ պաշտոնյան կկանգնի դատարանի առջեւ: Նման բան տեղի չունեցավ: Ավելին, հետագա ամիսներին ՎՊ հրապարակած տվյալների արդյունքում պարզվեց, որ ՀՀ գրեթե բոլոր նախարարություններում աշխատում են «զզվելի պաշտոնյաներ», որոնք յուրացնում են պետական տասնյակ, հարյուրավոր միլիոնները: Ու թեեւ, ըստ ՀՀ նախագահի, Վերահսկիչ պալատի հնչեցրած փաստերը իրավապահ մարմինների ուշադրության կենտոնում են, սակայն ՎՊ կողմից դատախազություն ուղարկված 21 գործերից որեւէ մեկի հիման վրա մինչ օրս որեւէ քիչ թե շատ «զզվելի» պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ թե ինչո՞ւ, այս հարցին ՀՀ նախագահի պատասխանը հետեւյալն էր. «Միշտ չէ, որ թերությունը բավարար է, որպեսզի մարդուն քրեական պատասխանատվության կանչես»:

Անշուշտ, պաշտոնյային քրեական պատասխանատվության ենթարկելու համար թերի աշխատանքը գուցե եւ բավարար չէ, սակայն նրան պաշտոնից հեռացնելու համար՝ ավելի քան բավարար պատճառ է: Ուստի, ցանկալի կլիներ, որ ՎՊ բացահայտումները զզվանքի մթնոլորտի ձեւավորումից զատ, ձեւավորեին նաեւ պատասխանատվության մթնոլորտ՝ գոնե թերացած պաշտոնյային աշխատանքից հեռացնելու չափով:

Ենթադրենք՝ վերահսկողական մարմինների հայտնաբերած թերացումների համար մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հեռացվեն իրենց պաշտոններից: Ի՞նչ կփոխի դա:

Հովհաննես Հովհաննիսյան- Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ

Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում փոխել իր շրջապատը, առավել եւս՝ գործադիր իշխանության որեւէ մեծ կամ մանր չինովնիկի նեղություն տալ: Կադրային առկա ստատուս քվոն նրան լիովին բավարարում է, իսկ մնացյալն ընդամենը դատարկ խոսակցություններ են: Բայց կա մի բան. ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող մարդը պետք է իր խոսքերին տեր լինի: Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ պետական ունեցվածքին ձեռք գցող պաշտոնյան ամենազզվելին է, ուրեմն ինքն իր շրջապատում, կառավարությունում, բոլոր նախարարություններում պիտի խորը զզվանքով ման գա:

Այս իշխանությունները նման են «ՍՈՐՑՏփվօռ ՊՏՎՌՍ»-ի, որտեղ անգամ ոչ այնքան մեծ չինովնիկների փոփոխությունը կամ տեղաշարժը կարող է ցնցում առաջացնել, քանի որ անընդհատ վախ կա, որ տնակը կարող է փլվել: Սակայն, եթե մինչեւ անգամ գտնվեն 1-2 հարաբերականորեն անտեր փոքր եւ միջին մասշտաբի չինովնիկներ, ապա նրանց փոփոխությունից կամ նրանց պատժելուց որեւէ բան չի փոխվի: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին ընդառաջ հանրության համակրանքը շահելուն ուղղված քայլերին, ապա Սերժ Սարգսյանի համար արդեն շատ ուշ է: Անգամ եթե նա վարչապետ փոխի կամ նախարարներին հանի, միեւնույն է, դրանով նա արդեն հանրության համակրանքը չի շահի: Որովհետեւ այսօր կառավարման համակարգում նշաձողն այնքան է իջել, այդտեղ այնքան պատահական մարդիկ են հավաքվել, որ նրանց մեկը մյուսով փոխարինելը՝ հասարակության մեջ որեւէ էմոցիա չի առաջացնի:

Արամ Կարապետյան- «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Այս պահին արդեն իշխանությունների նման քայլը որեւէ արմատական փոփոխության չի հանգեցնի, քանի որ ամեն ինչ չափից շատ է խորացել: Անարդարությունն այնքան շատ է եւ ամենուր, որ նման քայլերով հասարակական գիտակցության մեջ որեւէ բան չի փոխվի: Դրա համար նման քայլերը պետք է իրականացվեն միշտ: Դա չպետք է ժամանակ առ ժամանակ կիրառվող քարոզչական արշավ լինի: Ավելին, բոլորովին կարիք չկա, որ երկրի նախագահը գնա վերահսկող մարմին եւ ասի, որ պետական միջոցները յուրացնողները վատն են: Դրա համար ամբողջ աշխարհում կա ընդունված մեխանիզմ եւ դրա համար որեւէ հերոսության կարիք չկա: Սակայն, ընդհանուր առմամբ, ինքնին երեւույթը դրական է, երբ մարդկանց, ովքեր, պարզ ասած՝ գող են, կոչ է արվում քշել իշխանությունից: Իսկ թե որքանով է այդ կոչն անկեղծ, դա պարզ կդառնա, երբ երեւա, թե հեռացվող պաշտոնյաները ո՞ր թիմից են, ինչքանո՞վ են մոտ կանգնած Սերժ Սարգսյանին: Այսինքն, եթե դա պիտի լինի այլ թիմերից, ապա դա կընկալվի ընդամենը որպես միջթիմային հաշվեհարդար, երբ մի թիմ գործողություն է անում այլ թիմի դեմ: Բայց հիմա Սերժ Սարգսյանն այնպիսի իրավիճակում է, որ ես ոչինչ չեմ բացառում:

Արշակ Սադոյան-ԱԺԴԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ

Նման քայլեր հիմա էլ երբեմն արվում են, թեեւ դրանք պայմանավորվում են իբրեւ թե առողջական խնդիրներով, սեփական դիմումի համաձայն եւ այլն: Այսինքն, երբ կան տվյալ պաշտոնյայի թերի գործունեության մասին բավարար փաստեր, ապա նրան հեռացնելը խնդիր չէ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենավերադաս օղակները եւս որոշակի հակումներ ունեն պետական միջոցների հանդեպ, որեւէ երաշխիք չկա, որ երեւույթը չի շարունակվի: Ուստի, պաշտոնյաների չարաշահումների դեմ ամենահզոր զենքը դա հանրային կարծիքն է, որի ձեւավորման մեջ կարեւորագույն դեր ունեն լրատվամիջոցները: Չնայած մեզ երբեմն թվում է, թե անկախ մամուլի հրապարակումները ազդեցություն չեն ունենում, իրականում դրանք շատ մեծ զսպաշապիկ են հանդիսանում այդ պաշտոնյաների համար: Եվ եթե իշխանություններն առաջիկայում հրապարակավ աշխատանքից հեռացնեն իրենց դիրքը չարաշահող պաշտոնյաներին, դա կլինի մեր բոլորիս՝ ԶԼՄ-ների, շահագրգիռ կազմակերպությունների, քաղաքական գործիչների եւ Հանրային խորհրդի համատեղ ջանքերով ստեղծված զսպաշապիկը, որի շնորհիվ վախ կառաջանա բոլոր այն պաշտոնյաների մոտ, ովքեր պետական միջոցներն օգտագործում են սեփական շահի համար:

Արծվիկ Մինասյան- ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

Անշուշտ, նման քայլը անպատժելիության մթնոլորտի վերացման առումով դրական արդյունք կունենա, սակայն խնդիրն այն է, թե որքանով է ներկայացվող մեղադրանքը լինելու հիմնավորված, փաստարկված եւ տրամաբանության շրջանակներում: Մասնավորապես, եթե նախարարին պետք է մեղադրանք ներկայացվի ինչ-որ ներկայացուցչական ծախսերի հավելագրումների մեջ, ինչը հաճախ է արվում, կամ որեւէ ծրագրի իրագործման ժամանակային թերացումներում, ապա չեմ կարծում, որ դրանք այն խախտումներն են, որոնց համար պետք է պաշտոնանկ անել:

Ամեն դեպքում, նախ պետք է վերացնել հնարավոր չարաշահումների հիմքերն ու պատճառները, ապա միայն անցնել այդ գործողությունները կատարած անձանց պատժելուն: Քանի դեռ պետական պաշտոնյան չունի երաշխավորված սոցիալական փաթեթ, այդ պաշտոնյայից ազնիվ աշխատանք ակնկալել հնարավոր չէ: Ուստի, մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք պրոֆեսիոնալ եւ արդյունավետ կառավարման համակարգ ունենալ, պաշտոնյան այդ համակարգում պետք է պաշտպանված լինի:

Ահարոն Ադիբեկյան-սոցիոլոգ

Եթե լինի նման մեկ-երկու դեպք, ապա նման քայլը կլինի հերթապահ զոհաբերություն՝ իրավիճակը պահպանելու համար: Սակայն այսօրվա Վերահսկիչ պալատի թե կազմը, թե ֆունկցիոնալ նշանակությունն ու լիազորությունները խոսում են այն մասին, որ ՀՀ նախագահի մտադրությունները բավական լուրջ են, եւ նա ուզում է այդ կեղտը հանի-թափի դուրս եւ բարձրացնի իր կառավարման արդյունավետությունը: Բայց ես ուզում եմ նշել, որ այս կամ այն պաշտոնյային պաշտոնից հեռացնելով՝ խնդիրը չի լուծվի, պետք է հստակ մեխանիզմը, համակարգը դնել այնպես, որ ով էլ գա տվյալ պաշտոնին, չկարողանա չարաշահումներ անել, իսկ նման փորձի դեպքում հայտնվի քրեական պատասխանատվության առջեւ: Մինչդեռ այն, ինչ այսօր է՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որը չի բերում քրեական պատասխանատվության, նշանակում է, որ կառավարման համակարգը արդյունավետ չէ: Ուստի մի քանի պաշտոնյաների պաշտոնանկությամբ՝ ոչ հանրային ընկալման, ոչ էլ կառավարման արդյունավետության բարձրացման առումով, որեւէ էական բան չի փոխվի: Արտասահմանում անգամ բարոյական սխալի դեպքում առաջին դեմքերը հրաժարական են տալիս: Մինչդեռ մեզանում, եթե անգամ լուրջ հանցագործություն, անգամ մարդասպանություն են կատարել, մեկ է՝ պինդ նստած են մնում իրենց տեղերում, քանի որ մեզանում նշանակման համակարգն այլ է: Միով բանիվ, դրվագային միջամտությունները մեծ օգուտ չեն կարող տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել