Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկակի ստանդարտներ են կիրառվում

Հունվար 30,2010 00:00

Հատուկ քննչականը ամփոփում է

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ամփոփեց 2009թ. ընթացքում ՀՔԾ գործունեությունը: Նա տեղեկացրեց, որ քննիչների վարույթում քննվել է 198 քրեական գործ, որից 27-ը՝ փոխանցվել է 2008 թ.-ից, 76-ը ստացվել է այլ մարմիններից, իսկ 5-ը վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից:

Վարույթում քննված քրեական գործերից 65-ը եղել է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ, 26-ը՝ սեփականության, 22-ը՝ կյանքի եւ առողջության, 17-ը՝ հասարակական անվտանգության, 1-ը՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված:

Ըստ Ա. Միրզոյանի, հաշվետու ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 71 քրեական գործ՝ 125 անձի, նրանց թվում՝ դատաիրավապահ մարմինների 61 աշխատակցի վերաբերյալ: 71 քրեական գործից լսվել եւ դատաքննությամբ ավարտվել է 44-ը՝ 73 անձի նկատմամբ: 41-ով՝ 70 անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ: 3 քրեական գործի (3 անձի նկատմամբ) վարույթ կարճվել է՝ ՀՀ քրդատօրի 35 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ կողմերի հաշտվելու պատճառով: Արդարացման դատավճիռներ չեն կայացվել, մեղադրողն առաջադրված մեղադրանքից չի հրաժարվել:

27 քրեական գործով՝ 52 անձի նկատմամբ դատաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ՀՔԾ պետը հավելեց, որ 30-ը՝ 54 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ի դեպ, արձանագրված 236 997 500 դրամ վնասից 212 442 016 դրամը գոյացել է դատարան ուղարկված ընդամենը 3 քրեական գործերով:

Ա. Միրզոյանը նշեց, որ 162 000 000 դրամը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետախուզության վարչության օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանի ու մյուսների կողմից կեղծ եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 39 914 016 դրամը՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի բաժնի նախկին աշխատակից Զաքար Զաքարյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց գույքը հափշտակելու, 11 528 000 դրամը՝ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Երեմ Մեսրոպյանի կողմից պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելով գիշերային պահպանության համար տարբեր կրպակների վաճառողներից պարբերաբար գումարներ պահանջելու եւ ստանալու վերաբերյալ քրեական գործերն էին:

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության, գիտության եւ կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի, ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, նախարարությունների, մարզպետարանների, վարչական տարածքների գործունեության հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությանը ենթակա ոչ մի քրեական գործ չի քննվել եւ կարծել, թե այդ բնագավառներում կոռուպցիոն բնույթի չարաշահումներ տեղի չեն ունեցել կամ չեն ունենում, այնքան էլ իրատեսական չէ»,- տեղեկացրեց ՀՔԾ պետը:

Դիմումներ են ստացվել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 9-ը, ՀՀ Ազգային ժողովից՝ 3-ը, ՀՀ կառավարությունից՝ 2-ը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից՝ 33-ը:

Ա. Միրզոյանի ամփոփիչ զեկույցում խոսք գնաց նաեւ «երկակի ստանդարտների» կիռաման մասին: «Դատապարտյալին խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոց փոխանցելու համար 5-10 տարի ազատազրկում նախատեսող՝ ՀՀ քրօրի 266 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ բուժսպասարկման բաժնի մասնագետ Արեգ Օհանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ ծառայության քննիչի միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը մերժել է՝ առաջադրված մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ չլինելու պատճառաբանությամբ, փաստորեն, կանխակալ իրականացնելով արդարադատություն: Հաշվի չեն առնվել ՀՀ քրդատօրի 135 հոդվածի պահանջները: Այդ դեպքում մեղադրյալը չի խոստովանել, թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը չի նշել: Իսկ դրան հակառակ՝ մեկ այլ քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժնում ընդամենը 2 գլուխ ոչխար հափշտակելու եւ վերադարձնելու պայմաններում 2 անձի նկատմամբ ոստիկանության բաժնի միջնորդությունը բավարարվել է եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանքը, երբ կալանավորվածներից մեկը 21 տարեկան է, երկկողմանի ծնողազուրկ, մյուսը՝ 22 տարեկան, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ եւ որեւէ կերպ չեն խոչընդոտել նախաքննությանը»,- նշեց Ա. Միրզոյանը:

Ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ քրեական գործերը եւ նյութերը ՀՔԾ են ուղարկվում ուշացումով, այն դեպքում, երբ ստացման պահին հայտնի է ենթակայության հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել