Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ՞Ն Է ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ, ԹԵ՞ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ

Հունվար 30,2010 00:00

Երեկ լսվեց «Առավոտ» օրաթերթի հայցը՝ ընդդեմ Լիդա Նանյանի

\"\"Անցյալ տարվա օգոստոսի 19-ին մեր օրաթերթը՝ ճշտելու համար, թե ի՞նչ նպատակներով է ծախսվել 2005թ.-ից մինչեւ օրս մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացվող 70-ական միլիոն դրամը, էլեկտրոնային հարցումներ էր ուղարկել բոլոր մարզպետներին, այդ թվում՝ նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին: Սակայն այս պաշտոնյան հարցմանը չէր պատասխանել: «Առավոտը» «Տեղեկատվության ազատության կենտրոնի» (ՏԱԿ) օգնությամբ դատի էր տվել մարզպետուհուն: Մեր օրաթերթը վիճարկում է մարզպետի անգործությունը, ինչը ենթադրում է 50 հազար դրամի չափով վարչական տույժ:

Երեկ վարչական դատարանի Գյումրում նստավայրում, դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ, լսվեց «Առավոտի» հայցը: Պատասխանող կողմը՝ Շիրակի մարզպետարանի իրավաբան Գեղամ Բաղդասարյանը, մինչեւ վերջ պնդում էր, որ մարզպետարանը հարցումը չի ստացել, այլապես մարզպետարանն այնքան «թափանցիկ» է, որ չէր խախտի որեւէ մեկի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նույնը փաստեց նաեւ մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանը: Ըստ վերջինիս՝ իրենք այնքան բարեխիղճ ու բաց են աշխատում, որ պատրաստ են համագործակցել ցանկացած կազմակերպության ու անհատի հետ: Դատալսումը միգուցե վերածվեր «Գովք մարզպետի», եթե մարզպետարանցիներն իրենց հետ դատարան հրավիրած չլինեին ընդհանուր բաժնի պետ Գրիգոր Պապոյանին: Վերջինս այնպիսի հայտնագործություններ արեց ու այնպես փոխեց դատի ընթացքը, որ սկսվեց վիճաբանություն ծավալվել մարզպետարանի էլեկտրոնային հասցեի գործել-չգործելու շուրջ: Նախ Գ. Պապոյանը հայտնեց, որ մարզպետարանի էլեկտրոնային հասցեները՝ [email protected], [email protected], մոտ մեկ տարի չեն գործում, եւ դրանք աշխատակիցների կողմից օգտագործվում են ինֆորմացիա տեղադրելու, խմբագրելու համար: «Եթե այդ հասցեները չլինեն, մենք չենք կարողանա փոփոխություններ կատարել»,- նշեց Գ. Պապոյանը: Սա առավել քան զարմացրեց «Առավոտի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանին, ով հայտարարեց. «Հասցեները կամ լինում են, կամ չեն լինում: Եթե հասցեն բացվում է, ուրեմն տեղեկություններ էլ եք ստանում: Ես այսօր առավոտ ողջույնի խոսքեր եմ ուղարկել այդ հասցեով եւ այն տեղ է հասել»: Մարզպետարանի մասնագետը նորից պնդեց. «Դա չգործող էլեկտրոնային վիրտուալ հասցե է, եւ միայն փոփոխություններ կատարելու համար է, բայց նամակներ չենք ստանում, կառուցվածքն այդպիսին է»: Փաստաբանը ստիպված նորից ճշտեց, թե արդյոք մասնագետը նկատի ունի «շնիկո՞վ» հասցեն: Գ. Պապոյանը հաստատեց, որ հենց դա էլ նկատի ունի: «Եթե էդ հասցեն կա եւ օգտագործվում է ձեր կողմից, եթե էդ հասցեով նամակ է գնացել, այն հասած կլինի»,- կրկնեց փաստաբանը: Մարզպետարանի իրավաբան Գ. Բաղդասարյանն էլ ասում էր, թե «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը մարզպետարանի էլեկտրոնային հասցեն պիտի ճշտած լիներ ոչ թե տարածքային կառավարման նախարարության էլեկտրոնային կայքից, այլ՝ հենց մարզպետարանից: Իրավաբանի ասելով, իրենք պատասխանատվություն չեն կրում նախարարությյան կայքի համար: Իրենց հետաքրքիր չէ, վերջինս ճի՞շտ է տեղադրել իրենց հասցեն, թե՝ ոչ: Նա նաեւ փորձում էր արդարանալ, որ այդ հասցեները մեկ տարի շարունակ չեն գործել եւ տարածքային կառավարման նախարարությունը ութ ամիս է՝ նոր հասցե է տրամադրել: Այս «փաստարկները» չբավարարեցին մեր օրաթերթի ներկայացուցչին, ով հարցրեց, թե ինչո՞վ կապացուցեն, որ հասցեները չեն գործում: Փաստաբանը այս հարցը հստակեցնելու համար դատարանին միջնորդեց տեղում նամակ ուղարկել մարզպետարանի էլեկտրոնային հասցեներին ու համոզվել՝ դրանք գործո՞ւմ են, թե՞ ոչ: «Եթե տարածքային կառավարման նախարությունը ձեզ նոր հասցե է տրամադրում, դա բնավ չի նշանակում, թե ձեր հասցեն չի գործում: Օրինակ, ես, որպես ֆիզիկական անձ, երեք հասցե ունեմ: Այնպես որ, մի հասցեի գոյությունը մյուսին չի բացառում»,- ասաց փաստաբանը: Վերջինս միջնորդեց նաեւ հարցաքննել «Առավոտի» հարցումն ուղարկած լրագրող Արամ Զաքարյանին ու ստուգել նրա էլեկտրոնային հասցեն, համոզվելու՝ օգոստոսի 19-ին Շիրակի մարզպետարան հարցում ուղարկվե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը բավարարեց փաստաբանի երկու միջնորդությունն էլ:

«ԱՌԱՎՈՏ»

Եթե անգամ ընդունենք, որ մարզպետարանի էլեկտրոնային հասցեները իրականում չեն գործում, ապա՝ ավելի վատ մարզպետի համար, քանի որ վերջինս մեկ տարի շարունակ այս մասին չի բարձրաձայնել: Երեկ ՏԱԿ-ի՝ ընդդեմ արտակարգ իրավիճակների նախարարության հայցն ավարտվել է հօգուտ ՏԱԿ-ի: Մանրամասները՝ «Առավոտի» հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել