Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանձնատուն՝ պուրակի փոխարեն

Հունվար 30,2010 00:00

\"\"
Երեկ արված այս լուսանկարում հստակ երեւում է, որ պուրակի ծառաշատ հատվածի մի մասը վերածվել է շինհրապարակի:

\"\"
Պուրակի փոխարեն կառուցվելու է այս առանձնատունը:

Մայրաքաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող մոտ 2000 քմ տարածությամբ պուրակի մի մասում երեկ մոտ 20 տարվա վաղեմության ծառեր են հատվել: Դրանց տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է առանձնատուն կառուցել: Թաղամասի բնակիչները պատմում են, որ նշված տարածքը երկար տարիների վաղեմություն ունի. «Այդ տարածությունը 50 տարի առաջ գերեզմանոց էր, ավելի ուշ՝ թաղամասի բնակիչներն այնտեղ ծառեր տնկեցին, տարածությունը տեսքի բերեցին եւ գեղեցիկ պուրակ դարձրին»: Թաղամասի բնակիչ Դավիթ Ավետիսյանը «Առավոտին» պատմեց, որ նախորդ շաբաթ օրը՝ հունվարի 15-ին, թաղամասի բնակիչներով անակնկալի են եկել, երբ տեսել են մի խումբ շինարարների հայտնվելը. «Պուրակի մի եզրում գտնվում էր գազաբաշխիչ կայան եւ դրա շուրջը 120 քմ տարածք էր, որն ամբողջությամբ առողջ ծառերով էր պատված, շինարարները 17 ծառ կտրեցին, հետո իմացանք, որ 180 քմ հող են զավթել ու սեփական տուն են կառուցում»: Շենքի բնակիչների պատմելով՝ իրենք է՛լ ավելի են զարմացել, երբ, իրենց բողոքներին ի պատասխան, շինարարները ցույց են տվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ դեռեւս 2006 թվականին Երեւանի քաղաքապետարանը այդ տարածք հատկացրել է «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վարդան Հարությունյանին: Թաղամասի բնակիչ Դ. Ավետիսյանի խոսքով՝ նախատեսվում է երեք հարկանի առանձնատուն կառուցել, իսկ շինարարությունն արդեն սկսվել է. «Ծառերը կտրեցին ու տան հիմքերն արդեն գցել են: Ամբողջովին տարածքը փորել են: Տեսնելով մեր վրդովմունքը՝ շինարարներն ավելի ինտենսիվ են աշխատում»:

Բնակիչները նաեւ պատմեցին, որ հունվարի 25-ին իրենք բողոքով դիմել են նախագահի վերահսկողական ծառայություն, Ազգային ժողով, քաղաքապետարան, դատախազություն. «70 բնակիչների ստորագրահավաք ենք կազմակերպել եւ տարածել բոլոր հնարավոր ուղղություններով, բայց ոչ մի գործնական քայլ դեռեւս չենք տեսնում, շինարարությունը շարունակում է արագ տեմպերով առաջ ընթանալ»:

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը «Առավոտին» պարզաբանեց. «Շենքերի բակային մասում կա խաղահրապարակ եւ պուրակ, դրանց միջնամասում կային մի քանի տարբեր շինություններ, կար նաեւ մոտ 180 խմ խարխուլ շինություն, որը եւ հիմա նախատեսված է կառուցապատման համար, սեփականատիրոջը տրվել է նախագիծ եւ բնակելի տան շինարարության թույլտվություն: Պուրակն իր տեղում է, խաղահրապարակը՝ իր տեղում, այդ միջնամասային տարածքը ի սկզբանե եղել է շինությամբ ծանրաբեռնված եւ, բացի նախատեսվող կառուցապատումից, այնտեղ կան այլ շինություններ եւս՝ էլեկտրաենթակայան, ավտոտնակներ, իսկ բնակիչների այն հայտարարությունները, թե այնտեղ կային ծառեր եւ դրանցից 17-ը կտրել են՝ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ, ըստ էության, այնտեղ չէին կարող ծառեր լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել