Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 ԷԺԱՆԱԳԻՆ ԳՐՉԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄԸ՝ $100

Հունվար 30,2010 00:00

Մեր երկրում մաքսատուրք են պահանջում անգամ արտերկրից ուղարկված նվերների ու անձնական իրերի համար

Չնայած կառավարության ղեկավարը պարբերաբար գովերգում է Պետական եկամուտների կոմիտեին՝ լավ աշխատանքի ու բարձր ցուցանիշներ ապահովելու համար, այնուամենայնիվ, բազմաթիվ տնտեսվարողներ վստահեցնում են, որ, ինչպես եւ նախկինում, հիմա էլ կոմիտեն շատ հարցերում խոչընդոտում է տնտեսվարողների աշխատանքին:

«Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մար տիրոսյանը թեեւ մոտ 18 տարվա գործարարի փորձ ունի մեր երկրում, բայց այս տարիների ընթացքում մշտապես խնդիրներ է ունենում կոմիտեի հետ:

Պարոն Մարտիրոսյանn ասում է. «Այսօր հարկային մարմինների վրա դրված են դատական իշխանության ֆունկցիաները: Հարկային տեսչությունը կարող է գալ եւ հիմնարկի դրամարկղի, դրամարկղային գրքի եւ հաշվեհամարի վրա կալանք դնել, իհարկե՝ հիմնավորումով, օրենքով, բայց այդ օրենքը Սահմանադրությանը հակասում է: Սահմանադրության մեջ գրված է, որ սեփականությունից կամ սեփականությունը կառավարելու իրավունքից անգամ ժամանակավորապես կարող է զրկել միայն դատարանը»: Գործարարի ներկայացմամբ՝ պարզվում է, որ մենք ունենք բազմաթիվ օրենքներ, որոնք հակասում են Սահմանադրությանը: Վերջերս պարոն Մարտիրոսյանը մեր թերի օրենքների պատճառով հերթական խնդրի առջեւ է կանգնել: Դյուսելդորֆում բիզնես-ցուցահանդեսի մասնակցության ժամանակ նա, ծանոթանալով բիզնեսի նոր ոլորտներին, 20-30 կատալոգ է վերցրել, որպեսզի փոստով ուղարկի Հայաստան: Իսկ Հայաստանում ընդամենը երկու՝ «Հայփոստ» եւ «EMS» ընկերություններն ունեն փոստային ծառայության լիցենզիա, ինչը նշանակում է, որ եթե արտերկրում այս ընկերությունները ունեն կետեր, ապա ձեր փոստը առանց մաքսազերծման կհասցնեն ձեր նշած հասցեով: Սակայն այս ընկերությունները ոչ բոլոր երկրներում են գործում: Դրանց մասնաճյուղերը չկան, ասենք, Գերմանիայում, ՌԴ-ում, Իտալիայում եւ շատ այլ երկրներում: Ուստի, պարոն Մարտիրոսյանն իր կատալոգներն ուղարկել է ցուցահանդեսի սրահում տեղակայված «UPS» փոստային ընկերության միջոցով: Պարոն Մարտիրոսյանի պատմելով՝ վճարելով 94 եվրո, նրան վստահեցրել են, որ իր փոստը կհասցնեն իր նշած հասցեով, այսինքն՝ տուն: Սակայն գալով Հայաստան, գործարարն ընդամենը ծանուցագիր է ստացել, որ իր ծրարը գտնվում է մաքսայինում: «Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները դրան նայում են որպես տրանսպորտային գործ, ներմուծում: Եվ, փաստորեն, իմ փոստը ես պետք է մաքսազերծեմ եւ մեծ գումարներ վճարեմ, այն դեպքում, երբ ես այդ կատալոգները ստացել եմ անվճար: Արտերկրի իմ ընկերներից մեկն ինձ սկավառակ էր ուղարկել, որտեղ ընդամենը իր նկարներն էին, եւ կրկին այն փոստային ծառայությունով, որը մեր երկրում լիցենզիա չունի: Փաստորեն, մի նկար ստանալու համար ես մաքսատուրք պետք է վճարեմ»,- «Առավոտին» դժգոհեց պարոն Մարտիրոսյանը: Նրա պատմելով՝ բիզնես-կատալոգները մաքսազերծելու համար գործարարը նախ պետք է պարտադիր բրոքերի հետ համագործակցի, նրան վճարի 24 հազար դրամ, եւ 36 հազար դրամ՝ մաքսազերծման գումար: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Ամեն քայլի խոչընդոտներ են առաջացնում: Ես լիազորել եմ մեկ այլ անձի՝ իմ գործերն անելու համար, բայց մաքսայինը պահանջում է լիազորագիրը նոտարով հաստատել: Հետո՝ սոցքարտ, հետո՝ գրանցման հասցե եւ այդպես շարունակ: Դեպք է եղել, երբ սովորական 3 հատ գրիչ մաքսազերծելու համար ես վճարել եմ $100: Այս ամենից խուսափելու համար, ի՞նչ է, ես աշխարհով մեկ պետք է «Հայփոստին» գովազդեմ, բոլորին խնդրեմ՝ ինձ ինչ-որ բան ուղարկելիս «Հայփոստի» մասնաճյու՞ղ փնտրեն, եւ այն դեպքում, երբ ընկերությունը ոչ բոլոր երկրներում է աշխատում»:

Նմանատիպ խնդիրները կարծես թե անպակաս են Ա. Մարտիրոսյանից: Արտերկում բնակվող ընկերներից մեկն էլ նրան 10 փոքր սրվակ շամպուն է ուղարկել, բայց դրանք իսկական պատուհաս են դարձել: Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ բավական չէ՝ այդ փոքրիկ սրվակներով նվերի համար պետք է ԱԱՀ վճարի, դեռ մի բան էլ իրենից պահանջում են այդ շամպունները տանել Ստանդարտների ազգային ինստիտուտ՝ փորձաքննության, քանի որ Հայաստանում նման շամպուններ չկան: Որպեսզի պարզեն՝ այդ նվերները համապատասխանո՞ւմ են հայաստանյան ստանդարտներին, գործարարը պետք է 50-60 հազար դրամ վճարի: Իսկ նվերների ԱԱՀ-ն էլ տրանսպորտային ծախսով են հաշվում: Այսինքն՝ 100 եվրո տրանսպորտի ծախս է եղել, ուստի դրա 20%-ը գանձում է մաքսայինը: «Այդ բոլոր կառույցները՝ ստանդարտների ինստիտուտները եւ այլն, ժողովրդին կեղեքելու համար են: Եվ ես կապ եմ տեսնում այդ մարմինների միջեւ: Նրանք օրենքներ չեն խախտում, պարզապես օրենքը հնարավորություն է տալիս իրենց սրտի ուզածով գործել: Այդ իրերը ես ստացել եմ, իմ անձնական օգտագործման համար է, իսկ օրենքով, եթե անձնական իրը չի գերազանցում 50 հազար դրամը, ապա ես կարող եմ առանց խոչընդոտի ստանալ դրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել