Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի գործը՝ ՄԻԵԴ-ում

Հունվար 30,2010 00:00

Օտարերկրացի է, ուրեմն թաքնվելո՞ւ է

\"\"Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս Հայաստանի իշխանություններից պարզաբանումներ է խնդրել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործի առնչությամբ։ Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Իսկ նրա փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումում վիճարկվել են Սեֆիլյանի ազատության իրավունքի խախտումները՝ բնակարանի, անձնական կյանքի, նամակագրության եւ Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս ՀՀ կառավարության եւ դատարանների կողմից դրսեւորած խտրական վերաբերմունքը: «Այսինքն՝ Սեֆիլյանի նկատմամբ կայացված կալանքի մի քանի որոշումներ կայացվել են՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նա օտարերկրյա քաղաքացի է: Կալանքի մասին որոշումներում հենց այդպես էլ նշված է՝ «հաշվի առնելով, որ օտարերկրյա քաղաքացի է, ուրեմն քննությունից կթաքնվի»՝ առանց պատճառաբանելու, թե ի՞նչ ուղիղ կապ ունի օտարերկրյա քաղաքացի լինելը քննությունից թաքնվելու հետ»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ ըստ այդ տրամաբանության, բոլոր օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում միանգամից պետք է կալանավորել՝ որեւէ մեղադրանք առաջադրելուց հետո:

Ըստ փաստաբանի, ՄԻԵԴ-ն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է գործի բուն եւ կից ներկայացված նյութերը եւ այդ առնչությամբ իր հարցերն է ուղղել ՀՀ կառավարությանը: Հայցադիմումում նշված բոլոր երեք պահանջների վերաբերյալ առանձին հարցերի խումբ է ներկայացվել ՀՀ կառավարությանը եւ մինչեւ 2010 թվականի մայիս ամիսը ժամկետ է տրամադրված՝ հարցերին պատասխանելու համար: Ըստ ընթացակարգի ՀՀ կառավարության ներկայացրած պատասխանները կուղարկվեն հայցվոր կողմին՝ դրանց առնչությամբ մեկնաբանություններ անելու եւ հիմքերի առկայության դեպքում փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր 2006-ին։ Նրան ձերբակալեցին 2006-ի դեկտեմբերի 10-ին, իսկ 2007-ի օգոստոսին առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Սեֆիլյանի պաշտպանները մշտապես պնդել են, որ մեղադրանքն անհիմն է, եւ Սեֆիլյանը կալանքի տակ է պահվել ապօրինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել