Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆ՝ 2010

Հունվար 30,2010 00:00

\"\"Կհաջողվի՞ Իրանին օգնել Հայաստանին ու Ռուսաստանին՝ կանխելու ԼՂ հարցի արագընթաց կարգավորումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ու խնդրի լուծումը, հայաստանյան ընդդիմության ու նաեւ Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կանխատեսմամբ, մոտ է հանգուցալուծմանը: Իհարկե, սա այն է, ինչ ՀՀ գործող իշխանություններն ամենաքիչն են ուզում: Նրանք, նաեւ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը ավելի հարմարավետ են զգում ԼՂ հիմնախնդրի ստատուս քվոյի պահպանման պայմաններում: Թվում է, թե այս՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը կարող է էլի ձգվել, եթե միայն Իրանը կատարի այս խնդրում իրեն վերապահված դերը: Ու հենց այս համատեքստում է, որ առավել քան ուշագրավ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հունվարի 20-21-ին Իրան կատարած այցելությունը: Այն, ի դեպ, մինչ օրս էլ որոշակի ինտրիգներ է պարունակում, եւ ամենեւին էլ պարզ չէ, թե ինչ կամ ում հանձնառությունն էր կատարում Քոչարյանը Թեհրան մեկնելով: Իհարկե, պաշտոնական աղբյուրներն ու Քոչարյանի գրասենյակը հայտարարում են, թե դա Իրանի պետական հրավերով տեղի ունեցած, բայց մասնավոր այց էր: Սակայն ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող ակտիվ զարգացումների, դիվանագետների իրար հաջորդող ու փոխադարձ այցելությունների համապատկերը միանգամայն այլ ենթադրությունների կամ վերլուծությունների տեղիք է տալիս: Եթե սրան հավելենք նաեւ Թեհրանում՝ Քոչարյանի հետ հանդիպումներում հնչած՝ Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը որպես «տարածաշրջանի երկրների կայունությունը եւ անվտանգությունը խաթարող երեւույթ», նաեւ՝ «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու՝ օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են» որակումները, այդ ենթադրությունները, թերեւս, ավելի առարկայական կդառնան: Դրա համար նախ պետք է հետեւել, թե Քոչարյանի՝ Թեհրան գնալուց առաջ եւ գալուց հետո, ԼՂ հիմնախնդրով պայմանավորված, ինչ «տեղաշարժեր» են եղել: Նախ՝ հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելեց Մոսկվա եւ իր ռազմավարական դաշնակցին հորդորեց աջակցել ԼՂ հարցի արագ կարգավորմանը: Հաջորդ օրը Հայաստան ժամանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս արանքում, համենայնդեպս՝ հունվարի առաջին տասնօրյակում, իբր, մասնավոր եւ ապաքաղաքական այցով Մոսկվա մեկնեց նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այդ փաստը «7օր» կայքի հետ զրույցում հաստատել էր նաեւ նրա մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել: Հետո Ստեփանակերտ այցելեց եւ ԼՂՀ նախագահի հետ հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Հաջորդ օրը Մոսկվա մեկնեց Սերժ Սարգսյանը: Հունվարի 20-ին, երբ Երեւանում էին եւ ապա Բաքու պիտի մեկնեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, իրանական կողմի հրավերով Թեհրան մեկնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը: Հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հաջորդ օրն եւեթ Հայաստան եկավ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Հիմա էլ ադրբեջանական աղբյուրների ասելով, փետրվարի 1-ին Իրանի փոխարտգործնախարար Հասան Գաշգավին կայցելի Ադրբեջան, իսկ փետրվարի 20-ին Իրան կմեկնի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովն ու կհանդիպի Իրանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ:

Ընդգծենք, որ բոլոր այս այցելություն-հանդիպումների քննարկման առանցքային թեման ԼՂ հարցի կարգավորումն է:

Բայց այս ինտենսիվ այցելությունների ընթացքում, «Առավոտի» քաջատեղյակ աղբյուրների հավաստմամբ, եղել է նաեւ մի այց, որը մինչ օրս էլ ծածուկ է պահվում: Մեր ունեցած տեղեկություններով, հունվարյան այն օրերին, երբ Մոսկվա էր այցելել Բակո Սահակյանը, ՌԴ մայրաքաղաքում է եղել նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հերքեց այդ տեղեկությունը: Բայց մոսկովյան աղբյուրները պնդում են դա՝ ասելով, թե Քոչարյանն այդ ընթացքում երկու անհաջող փորձ է արել հանդիպելու ՌԴ վարչապետ Պուտինի հետ, բայց ապարդյուն: Ի վերջո, հյուրընկալված լինելով մոսկվաբնակ գործարար Արա Աբրահամյանի տանը, Քոչարյանին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ:

Բանն այն է, որ, մեր աղբյուրների ասելով, իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելուց առաջ Քոչարյանը Պուտինի հետ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ որոշակի երաշխավորված պայմանավորվածություններ է ունեցել: Եվ Ս. Սարգսյանի հանձնարարականով էլ Մոսկվա կատարած նրա այցի նպատակը հենց այդ խոստումը Պուտինին հիշեցնելն ու որոշակի աջակցություն ստանալն է եղել: Ենթադրվում է, որ երաշխիքները ռազմավարական նշանակություն չեն ունեցել: Դրանք վերաբերել են նրան, որ ԼՂ հարցում Ռուսաստանը նախաձեռնություն կդրսեւորի, որպեսզի կարողանա հնարավորինս ձգձգել խնդրի լուծումը: Բայց դա անելու համար ռուսները պետք է որոշակի ֆոն ստեղծեին, ինչն էլ արեցին Քոչարյանին Թեհրան գործուղելով:

Իսկ ինչո՞ւ առաջ եկավ Իրանի գործոնը: «Իրանին ակտիվացնելու հարցում շահագրգիռ են թե՛ Մոսկվան, թե՛ Երեւանը: ՀՀ իշխանությունը դրանով փորձում է հնարավորինս ձգձգել ԼՂ հարցի լուծումը: Ս. Սարգսյանը ձգտում է հայ-թուրքական հարաբերություններում ռեալ առաջընթաց արձանագրել, որպեսզի հետո, դրա դրական էֆեկտի վրա, անդրադառնա նաեւ ԼՂ հարցի լուծմանը: Ռուսաստանին դա եւս շահավետ է: Նա այլեւս չի կարող պասիվ մնալ կամ շարունակել հարցը ձգձգողի դերում լինել ու հիմա ուզում է ազդել, գոնե, կարգավորման տեմպի վրա, որովհետեւ միայն այս գործընթացի պահպանման դեպքում է, որ կարող է տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը: ՌԴ-ին դեռ ժամանակ է պետք Ադրբեջանի հետ իր հարաբերությունները ճշտելու համար, մյուս կողմից՝ ՌԴ-ն պատրաստ չէ ո՛չ կարգավորման հովանավորը լինել, որովհետեւ նման մշակույթ ռուսական քաղաքական վերնախավում ձեւավորված չէ (ՌԴ-ն չի կարողացել հետխորհրդային տարածքում որեւէ հակամարտություն կարգավորել՝ ո՛չ Մերձդնեստրում, ո՛չ էլ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում), ո՛չ էլ պատրաստ է տարածաշրջանում իր դիրքերը զիջել: ՌԴ-ն հիմա սերտ համագործակցության ծրագրեր է մշակում նաեւ Թուրքիայի հետ, իսկ վերջինս շահագրգիռ է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանը, ուստի՝ ՌԴ-ն բացահայտորեն չի կարող դեմ գնալ նաեւ իր գործընկերոջ պահանջին: Այս իմաստով ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ ՀՀ-ի համար ԼՂ հարցի լուծման արագընթաց տեմպերը դանդաղեցնելու, կանխելու համատեքստում շատ կարեւոր խաղացող կարող է լինել Իրանը: Ու բնավ պատահական չէր, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկավ հենց Ռուսաստանը»,- բացատրեց մեր աղբյուրը՝ չցանկանալով բացահայտել իր ինքնությունը: Նրա ասելով, Իրանը մեր տարածաշրջանում այն երկիրն է, որը շահագրգիռ չէ ԼՂ հարցի կարգավորմամբ, որովհետեւ այդ խնդրի ցանկացած տարբերակով կարգավորում ենթադրում է ԼՂ շրջակա շրջանների վերադարձ, այդ թվում այն երեքի՝ Հորադիզ, Ֆիզուլի եւ Ջաբրայիլ, որոնք սահմանակից են Իրանին, եւ որտեղ ենթադրաբար տեղակայվելու են միջազգային խաղաղապահ, այդ թվում՝ ամերիկյան ուժեր, ինչը Իրանի համար, իհարկե, անցանկալի է, առավել եւս, որ Իրանի ղեկավարությունը նաեւ հասկանում է, որ ԼՂ կարգավորողը ոչ թե Ռուսաստանն է լինելու, այլ Արեւմուտքը: «Իրանն ինքը տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող գործոն է»,- ասաց մեր աղբյուրը՝ հիշեցնելով, թե ՀՀ քաղաքական էլիտայում ժամանակին կասկածներ կային, որ «Հոկտեմբերի 27»-ի հետ որոշակի առնչություններ ունեն նաեւ Իրանի հատուկ ծառայությունները: ՀՀ խորհրդարանում ահաբեկչությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ԼՂ խնդրի կարգավորումը դարձյալ մոտ էր հանգուցալուծմանը, ինչը կանխվեց ոճրագործության արդյունքում: Հիմա էլ ԼՂ կարգավորման հանգուցալուծումը մոտ ու անկասելի է թվում: Սա, ըստ մեր աղբյուրի, մանավանդ ԵԱՀԿ համանախագահների այցի օրերին Քոչարյանի՝ Թեհրան մեկնելը այլ բան չէր կարող նշանակել, քան Ղարաբաղի հարցով արտաքին աշխարհին ուղղված մեսիջ՝ առ այն, որ Իրանը կարող է Հայաստանում կամ Ադրբեջանում իրավիճակն էլի ապակայունացնել, եթե առարկայանա կարգավորման գործընթացը: Այլ խնդիր է, որ այսօրվա Իրանը ուղղակի ե՛ւ իր ներքին, ե՛ւ աշխարհի հետ ունեցած խնդիրների պատճառով այլեւս այդքան ուժ չունի՝ ազդելու տարածաշրջանային քաղաքականության վրա: Մյուս կողմից՝ ռուսական գործոնը չպետք է մոռանալ, եւ հնարավոր է, որ արտաքուստ իրանական գործոնի քողի տակ թաքնված լինեն հենց ռուսական շահերն ու քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել