Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ն առաջարկում է դադարեցնել «Ժառանգության» գործունեությունը

Հունվար 30,2010 00:00

Եվ ստեղծել միջուկային զենք

«Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, քանի որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները, պետությունների ինքնիշխանությունը եւ այլն»,- ըստ լրատվական կայքերի՝ երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա կարծում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին. «Եթե Թուրքիան կարողանում է դադարեցնել ազգային փոքրամասնության կուսակցության գործունեությունն իր տարածքում, եւ Եվրոպան դրան ծափ է տալիս, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող դադարեցնել ոչ ազգային փոքրամասնության կուսակցության՝ «Ժառանգության» գործունեությունը, որն ուղղակի հակապետական է։ Այն Հայաստանի հետ պատերազմական կամ համարյա պատերազմական վիճակում գտնվող Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին նպաստող բացահայտ եւ անսքող գործունեություն է ծավալում»: Իր կարծիքը պարոն Բաբուխանյանը համեմել է հետեւյալ համեմատությամբ. «Դա նույնն է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սովետմիության մեջ գտնվեր մի քաղաքական ուժ, որը գնար Հիտլերի հետ համագործակցելու, որպեսզի Սովետական Միությունում Ստալինին փոխեն, դեմոկրատիա ստեղծեն։ Բնականաբար, նման հակազգային, հակապետական գործունեությունը իրավական դաշտում պետք է ունենա իր արձագանքը, ինչը լրիվ բնորոշ է ժողովրդավարական պետություններին»։ Այս առիթով «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ «Առավոտին» փոխանցեց. «Հումորով ենք վերաբերվում թերթ-կուսակցությունների հայտարարություններին»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ հավաստի տվյալներ կան, որ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության ղեկավարներին ֆինանսավորում է կոալիցիոն երեք կուսակցությունների օլիգարխներից մեկը: Ընդ որում, նա նշել է, որ Բաբուխանյանը, հավանաբար, չգիտի, թե իրականում ով է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցում: «Բաբուխանյանը թող իրազեկ մարմիններին ապացուցի, որ «Ժառանգության» գործունեությունը հակապետական ուղղվածություն ունի»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:

Ասուլիսի ընթացքում ՍԻՄ նախագահը դաժան քննադատության է ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահին դրվատել է՝ Եվրոպայի եւ Թուրքիայի «պորտը տեղը դնելու» վերջին քայլերի համար:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Հայկ Բաբուխանյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է մեկ ամիս վերջնաժամկետ սահմանի Թուրքիայի համար, իսկ այդ ընթացքում ընդունի օրենք՝ ստորագրությունը հետ վերցնելու մասին, ինչպես նաեւ՝ նախապայմանների ցանկ պատրաստի: Ըստ բանախոսի, պետք է առաջ քաշել հետեւյալ նախապայմանները. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, 100 մլրդ դոլար փոխհատուցում վճարի եւ 1918-20թթ. բռնակցված տարածքները, մասնավորապես՝ Կարսի նահանգը վերադարձնի։ «Եթե մեկ ամսվա մեջ Թուրքիան չի վավերացնում, մենք այդ օրենքը դնում ենք գործողության մեջ, որից հետո արդեն Թուրքիայի հետ պետք է խոսել այն լեզվով, որը երեւի ինքն ավելի լավ կհասկանա»,- ասել է բանախոսը։ Նա նաեւ առաջարկել է, որ ՀՀ-ն միջուկային զենք ստեղծի՝ Թուրքիայից պաշտպանվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել