Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հունվար 30,2010 00:00

Այս փաստերն արձանագրված են ԵԽԽՎ զեկույցում

\"\"ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկեց Ֆրանսիայի պատվիրակ Միշել Հունոլթի (լուսանկարում) զեկույցը «Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների եւ Թրակիայում մահմեդական փոքրամասնության խղճի ազատության եւ մարդու այլ իրավունքների մասին»: Թեեւ այս հարցը վերաբերում էր նաեւ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներին՝ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության որեւէ անդամ առաջարկներ չէր արել բանաձեւի նախագծի վերաբերյալ: Նաեւ չմասնակցեցին քննարկմանը. ելույթի համար հերթագրվել էր Արմեն Ռուստամյանը, բայց նրա հերթը չհասավ:

Ներկայացնենք զեկուցողի բացատրական հուշագրից այն մանրամասները, որոնք վերաբերում են Թուրքիայում ապրող հայերին: Այստեղ նշվում է, թե ճշգրիտ տվյալներ չկան ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների մասին, բայց հայ քրիստոնյաները շուրջ 65 հազար են: Հավելենք, որ երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ընթացքում ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշել է ավելի պակաս տվյալներ: Ըստ նրա՝ այժմ Թուրքիայում բնակվում է 55-60 հազար հայ, մինչդեռ անցած դարի 20-ական թվականներին նրանք շուրջ 200 հազար էին:

ԵԽԽՎ զեկուցողը նշում է, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչում է միայն հայկական, հունական եւ հրեական համայնքները: Սակայն նաեւ նշված է, որ նրանք էլ, մասնավորապես Ստամբուլում հայկական պատրիարքությունը, ճանաչված չեն իբրեւ իրավաբանական անձ՝ դրանից բխող հետեւանքներով, որ վերաբերում են սեփականության իրավունքին ու գույքի կառավարմանը: Զեկուցողը Թուրքիայում իր հանդիպումների ժամանակ տեղեկություն է ստացել, թե այդ երեք համայնքների կրոնական առաջնորդներն անպտուղ փորձեր են արել՝ բանակցելու կառավարության հետ այս հարցի շուրջ:

Բացատրական հուշագրում արձանագրված է, որ հայկական ուղղափառ համայնքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել Թուրքիայի համալսարանում ունենալ մի բաժին, որտեղ կկարողանային ուսուցանել իրենց կրոնի պատմությունը: Միշել Հունոլթը Թուրքիա այցի ընթացքում իշխանություններին առաջարկել է Ստամբուլի համալսարանում վերաբացել Աստվածաբանության ֆակուլտետը:

Փաստաթղթում արձանագրված է. «Ոչ մահմեդական փոքրամասնությունների այն ներկայացուցիչների երեխաներին, որոնք չունեն Թուրքիայի քաղաքացիություն՝ թույլ չի տրվում հաճախել ազգային փոքրամասնությունների դպրոցներ: Օրինակ՝ հայ գործարարների եւ դիվանագետների երեխաները չեն կարող հաճախել հայկական դպրոցներ, քանի որ դա արգելված է օրենքով (հետաքրքիր կլիներ պարզել, թե ում նկատի ունի նա «հայ դիվանագետ» ասելով՝ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ՝ հետեւաբար եւ այդպիսի ներկայացուցչություններ.- Ա. Ի.): Զեկուցողը կարծում է, որ դժվար է հասկանալ այս արգելքի իմաստը, որը թվում է ուղղակի խտրական, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներն աշակերտների մշտական պակաս ունեն»: Նա նաեւ համարում է, թե նպատակահարմար կլիներ վերացնել Թուրքիայի քաղաքացիության այդ պարտադիր պահանջը: Համադրենք ես մի տվյալ Ռուբեն Մելքոնյանի երեկ հայտնած տեղեկություններից. այժմ Ստամբուլում գործում են 17 հայկական դպրոցներ՝ նախկին 32-ի փոխարեն, ու պատճառն աշակերտների թվի մշտական կրճատումն է. «Ամեն տարի հայկական դպրոցները կորցնում են 150-200 աշակերտ: Եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա տարիներին կփակվեն եւս մի քանի հայկական դպրոցներ»:

Մեջբերման արժանի է նաեւ ԵԽԽՎ զեկուցողի բացատրական հուշագրի 128-րդ կետը. «Թեեւ թուրքական իշխանությունները հարգում են կրոնական փոքրամասնությունների անձեռնմխելիությունը՝ չի կարելի անտեսել այն փաստը, որ Թուրքիայում ոտնձգություններ են կատարվում կրոնական փոքրամասնությունների պատկանող անձանց, հոգեւորականների, պաշտամունքի վայրերի եւ սեփականության նկատմամբ: Հայկական ծագում ունեցող լրագրող Հրանտ Դինքը սպանվեց 2007-ին, երեք բողոքական քրիստոնյաներ էին սպանվել 2007-ի ապրիլին Մալաթիայում, 2006-ին իտալացի կաթոլիկ հոգեւորականը սպանվեց Թուրքիայի իրենց թեմում, հարձակում է կատարվել հունական ուղղափառ համայնքի սեփականության վրա, երեք հարձակում է եղել սինագոգերի վրա (1986-ին, 1992-ին եւ 2003-ին), իր հրեական հավատքի պատճառով սպանվեց մի ատամնաբույժ եւ այլն»:

Հ. Գ. Այս ամենը հաշվի առնելով՝ ուշագրավ է, որ հունվարի 26-ին, երբ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում Հունաստանի վարչապետ Գեորգեոս Պապանդրեուն՝ Թուրքիայի պատվիրակ Էրթուղրուլ Կումչուօղլուն դեռ նրան մեղադրեց, որ չեն ճանաչում Հունաստանի թուրքական փոքրամասնության ընտրված ներկայացուցիչների՝ մուֆթիների իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել