Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՏ ԿԱՆՉՎԵԼ»

Հունվար 30,2010 00:00

\"\"Այս հեռանկարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի բացառում այն դեպքում, երբ Թուրքիան կշարունակի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով:

  – Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հարցը վերջին շրջանում շատ ավելի ակտիվ կերպով շաղկապվում է ղարաբաղյան հարցի հետ, եւ թուրք-ադրբեջանական պաշտոնյաները ամեն առիթով խոսում են հայկական զորքերի դուրսբերման, տարածքային ամբողջականության եւ այլնի մասին: Իսկ հայկական կողմն սկսել է շատ ավելի կոշտ հայտարարություններ անել, քան արվում էր մինչ այժմ: Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակային փոփոխությունը:

– Գաղտնիք չէ, որ թուրքական կողմն անթաքույց օգտագործում է ամեն պատեհ կամ անպատեհ առիթ, որպեսզի ձգձգի արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում, որ կարողանա իր եւ Ադրբեջանի համար որքան հնարավոր է շատ օգուտներ քաղել: Պարզ է, որ այդ երկիրն այս նպատակն ունեցել է նաեւ նախկինում, պարզ է նաեւ, որ Թուրքիան անընդհատ պետք է փորձի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով: Ոչ ոք չէր ասում, թե սա անհնարին է: Բայց դա իրենց խնդիրն է, իսկ մենք մերն ունենք եւ անվարան գնալու ենք դեպի մեր նպատակների իրականացում: Վստահ եմ, Թուրքիան հենց սկզբից էլ ներքուստ համոզված էր, որ իրեն չի հաջողվելու մոլորեցնել միջազգային կառույցներին եւ առաջին հերթին՝ Հայաստանին: Իմ տպավորությամբ, այդ երկրի որոշ պաշտոնյաներ այս պահին խիստ դժվարին վիճակում են, տվել են խոստումներ, որոնք չեն կարողանում կատարել: Կարծում եմ, Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցից հետո Թուրքիայի համար շատ բան պետք է առավել պարզ լիներ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւս մեկ անգամ վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, կարեւորեց արձանագրությունների շուտափույթ վավերացումն ու դրանց իրագործումը: Թուրքիան ուղղակի չի կարող այս ամենից հետեւություններ չանել: Եվ հարցի ձգձգումն ամենեւին նրա օգտին չէ:

– Մամուլում տեղեկություններ կան, որ ՌԴ նախագահը իբր երկու ամիս ժամանակ է տվել Հայաստանին «գրավյալ» հինգ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման համար, եւ որ ՀՀԿ նախագահը հանրապետականներին հորդորել է այս ամենը ներկայացնել դրական լույսի ներքո: Դուք որպես հանրապետական՝ ստացե՞լ եք նման հրահանգ:

– Ես ուղղակի այդ տեղեկությանը հումորով եմ վերաբերվում, այդպիսի «առաջադրանք» ոչ մեկը մեր երկրին չի կարող տալ: Դա մի բան է, որն անիրականանալի է եւ չի տեղավորվում որեւէ երեւակայության մեջ:

Նախագահ Սարգսյանը եւս որեւէ մեկին նման հանձնարարական չի տվել: Չի կարող նման բան լինել:

– Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին երեկ հայտարարեց, որ թուրքական կողմը շատ ճիշտ դիրքորոշում է բռնել, եւ քանի դեռ «գրավյալ» տարածքները չեն ազատվել, ոչ մի սահման թուրքերը չեն բացելու: Այս իրավիճակում մեր երկրի քաղաքական ուժերի, խորհրդարանի պատասխանը ո՞րը պետք է լինի:

– Մեր պատասխանը պետք է լինի այն, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ՍԴ հայտնի որոշման ոգով եւ այդ որոշման մեկնաբանություններում հնչած բոլոր այն դրույթներին համապատասխան, այսինքն՝ առանց նախապայմանների, եւ վավերացումը պետք է լինի միայն եւ միայն թուրքական խորհրդարանի կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո: Համոզված եմ, թուրքերը փորձելու են եւ արդեն սկսել են վավերացումը ձգձգել՝ տարբեր հիմնազուրկ պատճառաբանություններով, բայց եւ երկար չեն կարող ձգել, քանի որ, կարծում եմ, միջազգային կառույցները, խնդրով շահագրգիռ երկրները արդեն շատ հստակ տեսնում են, որ հարցի ձգձգումը թուրքական կողմի մեղքով է: Օրենսդրական նախաձեռնություններ մենք արդեն նախապատրաստում ենք՝ մեզ հետ հետագայում նախապայմանների լեզվով խոսելու դեպքում մեր ստորագրությունն այդ արձանագրություններից կարող ենք եւ ետ կանչել:

– Չե՞ք գտնում, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների վիճակը շատ ավելի լարված է, քան արձանագրությունների ստորագրման պահին:

– Համամիտ եմ, իրավիճակը հիմա շատ ավելի լարված է, եւ կարծում եմ, հետագայում ավելի կլարվի, քանի որ թուրքական կողմի համար այնքան էլ ընդունելի չէ միջազգային իրավունքից բխող այս արձանագրությունների վավերացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել