Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԵՔՍՈՒԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ ՍՆՎԵՔ

Հունվար 29,2010 00:00

Սեքսից առաջ օղի մի խմեք

Եթե սեքսով զբաղվելու համար կոնկրետ օր եք որոշել, ապա սնունդ ընդունեք սեքսից առնվազն 40 րոպե առաջ, այն էլ ոչ մեծ քանակությամբ, որպեսզի ձեր ստամոքսը չծանրաբեռնվի։ Եթե ստամոքսը լիքն է հեղուկներով կամ տարբեր սննդատեսակներով, ստամոքսի հատվածում արյան կուտակում է լինում, որի պատճառով էլ թուլանում է սեռական համակարգի ակտիվությունը։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը։ Նրա խոսքերով, սեքսով պետք է զբաղվել կիսադատարկ ստամոքսով, այսինքն՝ ոչ շատ սոված, ոչ էլ շատ կուշտ վիճակում։
Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետի, պետք է ճիշտ սնվել ոչ միայն սեքսով զբաղվելու օրերին, այլ նաեւ ամեն օր՝ օգտագործել այնպիսի սննդատեսակներ, որոնք օգտակար են օրգանիզմի համար. «Կան կերակուրներ, որոնք լավ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա, դրանք քիչ քանակությամբ խոլեստերին պարունակող մթերքներն են, կենդանական ծագման սպիտակուցները, բանջարեղենը, մրգերը, որոնց մեջ շատ է ցինկը, երկաթը։ Շատ օգտակար են նաեւ ծովամթերքները։ Կան սննդատեսակներ, որոնք բարերար ազդեցություն ունեն հենց սեռական համակարգի վրա, դրանք առաջին հերթին սպիտակուցային միացություններն են՝ կաթնաշոռը, պանիրը, թթվասերը եւ այլն, կենդանական սպիտակուցները՝ միսը»։ Ինչ վերաբերում է հեղուկներին, ապա, սեքսապաթոլոգի կարծիքով, ուտելու ժամանակ դրանք մեծ քանակությամբ պետք չէ օգտագործել։ Չնայած դրան, նա խորհուրդ է տալիս սեքսից անմիջապես առաջ քիչ քանակությամբ թույլ ալկոհոլային խմիչք օգտագործել, մանավանդ, երբ ունեք նյարդային համակարգի լարվածություն կամ էմոցիոնալ անկայուն վիճակում եք. «Կարող եք, ասենք, կարմիր գինի, շամպայն խմել կամ էլ ոչ թունդ որեւէ խմիչք, բայց՝ ոչ օղի։ Այդ խմիչքները նպաստում են էմոցիոնալ վիճակի բարելավմանը, որի հետեւանքով սեքսուալ ազդակներն ակտիվանում են»։
Սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ այն կարծիքին է, որ պետք չէ սեքսից առաջ մեծ քանակությամբ ոգելից խմիչք օգտագործել. «Ալկոհոլի եւ սեռական հարաբերությունների կապը շատ անմիջական է։ Շատերը, հատկապես երիտասարդները, կարծում են, որ սեքսից առաջ պետք է շատ ալկոհոլ օգտագործել, այն ակտիվացնում է սեռական համակարգը, սակայն դրա չափից շատ օգտագործումը հակառակ ազդեցություն է ունենում սեռական օրգանների վրա՝ թուլացնելով նյարդային համակարգը։ Ալկոհոլը բացասական է ազդում տղամարդու տեստոստերոն հորմոնի վրա, որն էլ ապահովում է սեռական օրգանների ակտիվությունը։ Սակայն պետք է ասել, որ մեկ գավաթ կամիր գինին շատ օգտակար է մարսողության եւ սեռական ակտիվության համար»։ Ըստ սեքսոլոգի՝ եթե արդեն ապրում եք սեռական կյանքով, ցանկալի է, որ միշտ հետեւեք ձեր սննդակարգին: Վ. Շահրամանյանը եւս փաստեց. «Պետք է շատ օգտագործել հատկապես սպիտակուցներ, բնականաբար՝ քիչ օգտագործել ածխաջրերով հարուստ ուտելիք, ճարպոտ սնունդ։ Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, շատ ենք օգտագործում հենց ճարպոտ կերակուրներ։ Եթե նախընտրում եք որպես սպիտակուց՝ միս ուտել, ապա այն չպետք է խառնել այլ սննդատեսակի հետ, ասենք՝ շաղախեք ինչ-որ ճաշով։ Եթե սպիտակուցները, տվյալ դեպքում՝ միսը, խառնում եք այլ սննդատեսակի հետ, ապա սպիտակուցը կորցնում է իր բարերար ազդեցությունը։ Ճիշտ չէ սնվելու ժամանակ հայկական սեղաններից անպակաս ջրեղենի օգտագործումը՝ թեկուզ հանքային ջրի կամ բնական հյութերի: Դրանք պետք է ըմպել ուտելուց առաջ կամ 1 ժամ հետո, քանի որ հեղուկը սննդի հետ միասին դժվարացնում է մարսողությունը, իսկ եթե մարսողական համակարգը նորմալ վիճակում չէ, չի կարող սեքսուալ ակտիվություն լինել։ Եթե ուտելուց հետո շատ եք ծարավում, ապա կարելի է խմել ընդամենը 1 գավաթ սուրճ»։
Մեր այն հարցին, իսկ կա՞ն կոնկրետ համեր, օրինակ՝ քաղցրը, կծուն կամ թթուն, որոնք լավ են անդրադառնում սեռական ակտիվության վրա, Վ. Շահրամանյանը պատասխանեց. «Հատկապես արեւելյան երկրներում, Հնդկաստանում, Իրանում ընդունված է, որ կծուն գրգռում է սեռական ցանկասիրությունը, սակայն դրա ազդեցությունը, այսպես ասած, երկարատեւ չէ, բացի այդ, կծու չափից շատ կամ երկարատեւ կիրառելով՝ ստամոքսը կվնասվի։ Քաղցրն էլ ցանկալի չէ շատ օգտագործել, ավելի ճիշտ կլինի սեւ շոկոլադ ուտել, մանավանդ մեկ գավաթ սուրճի կամ շամպայնի հետ։ Շատերի կողմից ընդունված ելակն այնքան էլ բարերար ազդեցություն չի թողնում սեռական գրգռվածության վրա, ավելի շուտ միջին ազդեցություն ունի, դրա փոխարեն կարելի է օգտագործել նռան հատիկներ կամ նռան հյութ, այն շատ օգտակար է եւ դրական է ազդում սեռական ակտիվության վրա։ Օգտակար է նաեւ նարինջը, այն կարելի է անգամ մեծ քանակությամբ օգտագործել՝ հենց սեքսուալ ակտից առաջ։ Թուրինջն (գրեյփֆրութ) էլ վատ չէ, սակայն այն ավելի շատ նպաստում է ավելորդ կալորիաների այրմանը, քան սեքսուալ ակտիվությանը։ Ինչ վերաբերում է թթվին, ապա դրա օգտագործումը սեքսուալ ակտիվության համար՝ ոչ սառն է, ոչ էլ տաք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել