Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ «ՍՏԻՄՈՒԼ» Է ՏԱԼԻՍ

Հունվար 29,2010 00:00

Լողով զբաղվող հաշմանդամություն ունեցող պատանիները անցյալ տարի լողի դաշնության կազմակերպած մրցումների ժամանակ բարձր հորիզոնականներ են գրավել:

\"\"

Մրցաշարերում հաշմանդամ երեխաների ցուցանիշները
սպասվածից ավելին էին:

«9 տարեկանից լողի եմ գնում: Ջուր շատ եմ սիրում, միշտ ցատկով եմ ջուրը նետվում։ Հիմա 2 մարզիչ ունեմ, բայց շատ մարզիչներ եմ փոխել: Ամեն տարի 1-2 անգամ գնում ենք Ծաղկաձոր կամ Սեւան, որպեսզի լող պարապենք, ավելի լուրջ ենք այդտեղ մարզվում: Պարապմունքներն օրը 2 անգամ են եւ ավելի երկար, մարզիչներն էլ ավելի խիստ են: Բայց ընդհանուր առմամբ՝ շատ ավելի հետաքրքիր է անցնում: Բացի լողից, Ծաղկաձորում նաեւ ֆուտբոլ ենք խաղում, բասկետբոլ: Իմ կյանքի ամենալավ օրերից մեկն այն էր, երբ եկան Ռուսաստանի ազգային հավաքականի լողորդ մարզիկները։ Նրանք մեզ լավ խորհուրդներ տվեցին՝ ասելով, որ պետք է ավելի կարգապահ լինել եւ աշխատել ուղղել  սխալները: Հավաքների ժամանակ դահուկ էլ ենք քշում, առաջնություն էլ ենք անցկացնում: Նաեւ ձիարշավարան ենք գնում: Այնքան ենք հմտացել, որ առանց օգնության ենք արդեն ձի հեծնում»,- այսպես սկսեց ներկայացնել իր սպորտային կյանքը 13-ամյա Տիգրանը։ Նա ձեռքի եւ ոտքի \"\"շարժունակության հետ կապված խնդիր ունի, սակայն դա նրան բոլորովին էլ չի խանգարում լողի ասպարեզում ձեռքբերումներ ունենալ. «Անցած տարի մասնակցել եմ Հայաստանի պատանիների լողի առաջնության՝ երեխաների եւ պատանիների երկու լողի մրցումների, մեկ անգամ գրավել եմ 1-ին, երկրորդ անգամ՝ 2-րդ տեղը, բայց երկու դեպքում էլ 50 վայրկյանում եմ անցել 50 մետրանոց մրցատարածությունը, ակնթարթների տարբերություն է եղել: Ասեմ, որ պարապմունքների ժամանակ շատ ավելի քիչ ժամանակում եմ նույն տարածությունն անցել»: Այս մրցումներն անցկացվում են միայն հաշմանդամություն ունեցողների միջեւ։ Քանի որ Հայաստանում չեն գործում հաշմանդամային սպորտի դասակարգման համակարգերը, մրցումների ժամանակ հաշվի են առնվում երեխաների կարողությունները։
Տիգրանը, բացի հաշմանդամային սպորտի մրցումներից, ցանկանում է մասնակցել նաեւ միջազգային պրոֆեսիոնալ լողի առաջնությունների, մրցանակներ ստանալ։ Նա հիմա սովորում է 7-րդ դասարանում։ Տարված է աշխարհագրությամբ։ Դպրոցում գերազանցիկ է, սակայն այս տարի հարվածային է լինելու: Ասում է, որ պատճառը քիմիան է: Նա այդ առարկան լավ չի սովորել: Իսկ ընդհանրապես սիրում է համակարգչային խաղեր, հատկապես՝ «կռիվ խաղեր»:
Մեր հարցին, թե սիրած էակ ունի՞, քանի որ արդեն բարձր դասարանում է սովորում, պատասխանեց, որ դեռ չունի, իսկ դպրոցական նստարանին իր կողքը տղա է նստում։
\"\"14-ամյա Մարգարիտան դեռ չի որոշել, թե ինչ ասպարեզում կմասնագիտանա։ «Լողից բացի՝ ոչնչի մասին չեմ մտածում։ Դեռ 8-րդ դասարանում եմ, կորոշեմ»,- ասում է նա։ Մարգարիտայի սիրած առարկան ռուսաց լեզուն է։ Ի՞նչ է անում այն օրերին, երբ լողի պարապմունքներ չկան, պատասխանեց. «Դասերից  հետո փոքրիկ քույրիկիս հետ եմ խաղում, Մանանան 2 տարեկան է, շատ եմ սիրում նրան։ Հետո պարում եմ, շատ եմ սիրում պարել, բայց ոչ հայկական մեղեդիների տակ»: Մարգարիտան դժվարությամբ է քայլում, լողի պարապմունքների ժամանակ որոշ վարժություններ դժվարությամբ է կատարում, սակայն անցյալ տարվա մրցումներում աղջիկների մեջ զբաղեցրել է առաջին տեղը: «Որոշ պարապմունքների ժամանակ մենք 25 մետր ենք լողում եւ հետո շրջադարձ կատարելով՝ հետ լողում նույն 25 մետրը: Դա մեզ ավելի հեշտ է, իսկ միանգամից  50 մետր լողալը՝ դժվար»:
Մարգարիտայի հետ լողի պարապմունքների է հաճախում նաեւ նրանից մեկ տարով մեծ եղբայրը՝ Արմանը: Նա լողով չի զբաղվում, քանի որ ջուր այնքան էլ չի սիրում։ «Ես ցանկանում եմ հրաձգությամբ զբաղվել: Ոչ մի անգամ չեմ կրակել, \"\"սակայն շատ եմ սիրում այդ մարզաձեւը։ Միայն դրանով եմ ուզում զբաղվել»,- ասում է նա:
Արմանն էլ է դժվարությամբ քայլում: Ասում է, որ երկու տարեկանում ոտքի ջիլը  ձգվել է: Նա մեզ հետ կիսվեց նաեւ ապագա պլաններով. «Վարսավիր եմ ուզում դառնալ եւ գեղեցկացնել կանանց ու տղամարդկանց: Բայց քույրիկս չի թողնում դիպչեմ իր վարսերին, վախենում է վնասեմ»։ 
\"\"13-ամյա Թամարան լողի պարապմունքների ժամանակ ոտքն ու ձեռքը դժվարությամբ է շարժում, սակայն չի զլանում ամեն անգամ նորից փորձել: Ասում է, որ դեռ այնքան էլ լավ չի ստացվում: Չնայած դրան, անցյալ տարվա մրցումներում գրավել է  2-րդ տեղը՝ 50 մետրն անցնելով 1 րոպե 5 վայրկյանում: Թամարայի ներկայացմամբ՝ լողն իրեն օգնել է, որ մարմնի մկաններն ավելի լավ աշխատեն, եւ իրեն ավելի լավ է զգում. «Ջուր շատ եմ սիրում, չեմ ցանկանում այլ սպորտաձեւով զբաղվել»։ Նա ընկերություն է անում հիմնականում տղաների հետ. «Ընկերուհիներ չունեմ, տղաների հետ եմ մոտիկ, նրանց հետ խաղեր ենք խաղում: Քանի որ ֆիզկուլտուրա չենք անում, այդ ժամերին ենք խաղում»։ Նա ասում է, որ քնել շատ է սիրում, բայց առավոտյան դասի գնալու համար ստիպված է լինում շուտ արթնանալ. «Համակարգչով էլ եմ շատ զբաղվում: Շորեր եմ նկարում եւ տիկնիկներիս համար կարում եմ: Փորձում եմ նրանց վրա: Հայոց պատմություն եմ շատ սիրում, երեւի պատմաբան կդառնամ»:
\"\"Ջրում շունչը պահելու առումով Տիգրանի հետ հաճախ մրցում է 12-ամյա Արտակը։ «Տիկոն ինձ հաղթում է, բայց՝ ոչինչ։ Ընդհանուր առմամբ չգիտեմ ինչքան ժամանակ եմ կարողանում ջրի մեջ շունչս պահել»,- պատմում է Արտակը։ Նա քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, բայց ասում է, որ ջրի մեջ կարողանում է ազատ քայլել, ջրից դուրս է դժվարությամբ քայլում: Անցյալ տարի հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կազմակերպած լողի մրցումներում նա գրավել է 3-րդ տեղը՝ 50 մետրն անցնելով 1 րոպե 44 վայրկյանում։ «Պարապմունքների ժամանակ անցնում էի 2 րոպեից ավելի ժամանակում: Ընդհանրապես, ջուրը շատ եմ սիրում: Սեւանն եմ շատ սիրում, որ արագ եմ մտնում՝ ջրի սառնությունը չեմ զգում»,- ասում է նա։ Արտակը պատմեց նաեւ, որ Ծաղկաձորում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ մի անգամ ձի վարելիս համարյա ընկել է թամբից. «Ձին խրտնեց, ու ես կախվել էի ձիուց: Բայց չէի վախեցել»:
Նա ընտանիքում միակ երեխան է, բայց ունի զարմիկներ եւ զարմուհիներ, որոնց հետ շատ է կապված: Սովորում է 6-րդ դասարանում: Շատ ընկերներ ունի։ Արտակի խոսքերով, ինքը շատ սիրում է խաղալ. «Ընկերներս ինձ հաճախ են տանում դուրս։ Ձմռանը սահնակ ենք քշում: Բայց երբ դպրոցից տուն եմ գալիս՝ առաջինը դասերս եմ անում, հետո դնում եմ ատամներս ուղղելու սարքը: Ես ատամներիս սարքը օրական կրում եմ 5 ժամ, այդ ընթացքում նստում եմ համակարգչի դիմաց, խաղեր եմ խաղում: Այդ սարքը միայն տանն եմ դնում, քանի որ լողի ժամանակ եթե դնեմ, հաստատ կխեղդվեմ, որովհետեւ բերանս բաց է մնում: Եթե դասերի ժամանակ սարքը դրած խոսեմ՝ լեզուս  կվնասեմ: Երեկոները հիմնականում մարտաֆիլմեր եմ նայում կամ սերիալներ: Երբ մեծանամ՝ կավագործ, համակարգչի մասնագետ կամ էլ լողի մասնագետ եմ դառնալու: Ինձ կավագործությունով զբաղվել սովորեցրել են հենց ֆեդերացիայում, մի քանի ափսե, բաժակ եմ պատրաստել: Կավագործությունն ինձ շատ է դուր եկել»:

Հ. Գ. Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2009 թվականին՝ «Հայկական ճամբար» հ/կ-ի կողմից, ֆինանսավորվում է Եվրոպական միությունից՝ «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում։ Ֆեդերացիան կազմակերպում է տարբեր հաշմանդամային մարզաձեւերի մրցումներ՝ սեղանի թենիսի, լողի, գոլբոլի, ձիավարության, բոչիայի (հաշմանդամների խաղ՝ գնդերով), լեռնադահուկային եւ առագաստանավային սպորտի։
Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը հաշմանդամային սպորտով սկսել է զբաղվել 1994 թվականից. «Ես հրավեր ստացա առագաստանավային հաշմանդամային սպորտին մասնակցելու, քանի որ մարզաձեւի մասնագետն էի: Սպիտակցի հաշմանդամ երեխաների հետ պարապեցինք, մեկնեցինք մրցման եւ գրավեցինք 11-րդ տեղը»։ Ս. Ռոստոմյանն այս աշխատանքների հիմքը դրել է դեռ «Հայկական ճամբար» հ/կ-ում: Եվ հիմա համեմատում է այդ  գործունեության անցյալն ու ներկան. «Սկսել են ավելի շատ հաշմանդամներ սպորտով զբաղվել: Ուրախալի է նաեւ, որ կան մարզիչներ, որոնք փորձում են աշխատել հաշմանդամ երեխաների հետ»: Նշենք, որ երեխաների լողի եւ այլ մարզաձեւերի պարապմունքների վճարներն անում է ֆեդերացիան։ Երեխաների մրցանակային կարգերը մրցույթից հետո նրանց են շնորհվել Հայաստանի Հանրապետության լողի դաշնության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել