Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հունվար 29,2010 00:00

\"\"Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հանդիսություն, որի ընթացքում կցուցադրվի նրա՝ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած, ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա շրջագայած «Սահման» ֆիլմը:
Հ. Խաչատրյանը ծնվել է Ախալքալաքում, հետեւաբար օժտված է ջավախեցուն հատուկ բոլոր լավագույն հատկանիշներով ու ուրույն աշխարհընկալմամբ: Նա ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի կինոռեժիսորական ֆակուլտետը: Ռեժիսորի օգնական եւ ռեժիսոր է եղել վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա՝ «Հայֆիլմում»:
Հ. Խաչատրյանի գործերը բազմաթիվ մրցանակներ են շահել միջազգային կինոփառատոներում: Նա 2003-ին արժանացել է Հայաստանի պետական, իսկ 2007-ին՝ Արքայազն Քլաուսի մրցանակի (Նիդեռլանդներ): Հ. Խաչատրյանը ստեղծում է հոգեւոր կինո («Մեր թաղի ձայները», «Հյուրընկալելով հրամանատարին», «Մի եղելության խրոնիկա», «Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից», «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Քամին ունայնության», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման»), տրվում դրան՝ առանց իրեն խնայելու: Նրա ֆիլմերը առաջին հայացքից պարզ են թվում, բայց խորը շերտեր ունեն, առանց ավելորդ «զիզիբիզիությունների» են: Հ. Խաչատրյանի կինոգեղագիտությունը գուցե հասու չէ ամեն մեկին, որովհետեւ ֆիլմերի ասելիքը ենթաասելիք էլ ունի: Տարիներ առաջ իր նման խենթերի հետ ստեղծեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը Երեւանի գունապնակում նոր, կարեւոր մի գույն ավելացրեց, բրենդ դարձավ երկրի համար, իսկ իրեն՝ հիմնադրին, մեր սփյուռքահայ հայրենակիցները եթե ոչ անունով, ապա  ճանաչում են գոնե որպես «միսթր ափրիկոտ»:
Հ. Խաչատրյանը իր հարցազրույցներում միշտ էլ հայտարարել է, որ կինոն կարեւոր գործիք է, իսկ «Ոսկե ծիրանը» ոչ թե սոսկ փառատոն, այլ՝ ռազմավարական ու մշակութային ծրագիր, որի նպատակն է կինոլեզուն դարձնել միջոց՝ օտարներին մեր մասին խոսել տալու, մեր պատմությունը «դուրս տանելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել