Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դրամարկղային» մտածողություն եւ ինքնակոչ աստղեր

Հունվար 29,2010 00:00

\"\"Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը մտահոգված է

«Բոլոր արվետագետներն աշխատում են միմիայն Երեւանի համար»,- ասում է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը:
Պալատի շենքը 54 տարվա պատմություն ունի: Մշակույթի պալատի տնօրենը չի հիշում այնպիսի մի տարի, որ Պալատը ներկայացումներով ու համերգներով  զբաղված չլիներ: Դա՝ անցյալում, իսկ այսօր դժվարությամբ է մտաբերում, թե վերջին անգամ երբ է իրենց շենքում մշակութային միջոցառում եղել:
«Էջմիածինը միշտ մոտ է եղել մշակույթին: Արդեն շուրջ 50 տարի տնօրինում եմ Էջմիածնի մշակույթի տունը: Այդ տարիների ընթացքում հասարակության տարբեր շերտերի եմ հանդիպել, բայց ներկայիս սերնդի պես սերունդ՝ առաջին անգամ եմ տեսնում, այլ արժեհամակարգ ունի: Ճիշտ է, երիտասարդությունը մշակութասեր է, բայց մարդիկ ավելի շատ տարված են իրենց առօրյա խնդիրներով, կենցաղով…»,- նեղսրտում է Ռ. Վարդանյանը:
Նա փաստում է, որ Էջմիածնում թատերական ներկայացումների սով է. «Անցյալում ժամանակ չէինք ունենում տեղավորելու ներկայացումները, այնքան խիտ էր մեր գրաֆիկը… Այսօր տարիներով ոչ մի երեւանյան թատերախումբ չի այցելում մեզ: Պատճառը հավանաբար ծախսերը չհանելն է: Օրինակ, եթե Սունդուկյանի անվան թատրոնը գա Էջմիածին, եւ մենք չկարողանանք հանդիսատես ապահովել նրա համար, թատրոնը մինուսով կաշխատի: Պարզ է, որ դա ոչ մեկին ձեռք չի տա, դրա համար էլ չեն գա: Նյութականի խնդիրն է…»: Ռ. Վարդանյանը ղեկավարում է նաեւ տիկնիկային թատրոն. «Փորձում եմ քչից շատից ինչ-որ բան անել, բայց միայն թատերախումբ ունենալը շատ քիչ է: Այսօր ներկայացում իրագործելը լուրջ պրոբլեմ է»:
Ռ. Վարդանյանի կարծում է. «Եթե մենք ունենանք այնպիսի մշակույթի նախարարություն, որը կանհանգստանա նաեւ մարզերի համար ու կստեղծի համապատասխան աշխատանքային պայմաններ, վիճակն այլ կլինի…»:
Մշակույթի տան տնօրենը համոզված է, որ Էջմիածնում ոչ միայն էստրադային, այլեւ անգամ դասական երաժշտության կարոտ կա. «Ախր էստրադայի ներկայացուցիչներն էլ չեն գալիս: Եթե գալիս են, ապա ընդամենը «էժանագին» խմբեր, ու արդյունքում էլի մենք ենք տուժողը… Հենց այդ խմբերի համերգներին է երիտասարդությունը մեծ ակտիվությամբ հաճախում: Բայց վստահեցնում եմ՝ բարձրակարգ երաժշտության կարիք ժողովուրդը հաստատ ունի: Առիթ է եղել, Արամ Ղարաբեկյանն իր կամերային նվագախմբով այստեղ է եղել ցրտին, դահլիճը լեփ-լեցուն է եղել: Եթե Էջմիածինը Երեւանից ընդամենը 20 կմ է հեռու, եւ այդ է վիճակը, էլ ի՞նչ խոսենք մյուս մարզերի մասին»:
Տնօրենից տեղեկացանք, որ մշակույթի տան շենքը հիմնանորոգման կարիք ունի: «Վերանորոգման խնդիր կա, բայց դա լուծվող հարց է: Շենքի վերանորոգումից հետո հաստատ շատ բան կփոխվի դեպի լավը: Հարցն այն է, որ ժողովուրդն այսօր սովորել է հեռուստացույցով համերգներ, ներկայացումներ դիտել, ու եթե այսպես շարունակվի՝ մարդիկ տնից դուրս չեն գա…»:
Ռ. Վարդանյանը, իրեն համարելով մշակույթի մարդ, անչափ մտահոգված է. «Ինձ վաղվա սերունդն է հետաքրքրում: Երիտասարդությունը իսկական արվեստից հեռանում է: Նրանց դասականն այլեւս չի ձգում: Մի անգամ նեղ շրջանակում երիտասարդների հետ զրուցեցի, ասացին՝ սեւ ու սպիտակ ֆիլմ չենք նայում… Բայց ինչպե՞ս կարելի է սեւ եւ սպիտակ, օրինակ՝ «Համլետը» չդիտել: Սրանում արվեստի աշխատողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետեւ «դրամարկղային» են մտածում… Իսկ այդպես սերունդ չես դաստիարակի՝ միայն ինքնակոչ աստղերի ետեւից գնալով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել