Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ

Հունվար 29,2010 00:00

Հինգշաբթի օրը Ժնեւում մեկնարկել է Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման շուրջ բանավեճերի իններորդ փուլը: Խորհրդակցություններին, որոնք ընթանում են ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Օսեթիայի պատվիրակությունները: «Newsru»-ի մատուցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է լուծել Վրաստանի ապառազմականացման խնդիրն ու վերականգնել նրա ռազմական հարձակողական այն վիճակը, որը կար մինչեւ 2008թ. օգոստոսը, եւ որը համալրվել է մասնավորապես ԱՄՆ-ի կողմից այդ երկրին զենքի մատակարարման հաշվին: ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ Վրաստանի ռազմական հզորացումը հեռանկարում կարող է հանգեցնել Անդրկովկասում իրավիճակի լարմանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով տարածաշրջանի երկրների համար:
Ռուսական կողմը պատրաստվում է պնդել նաեւ, որ իրավական տեսանկյունից պարտադրող փաստաթղթեր ստորագրվեն մի կողմից՝ Վրաստանի եւ մյուս կողմից՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջեւ՝ ուժի չկիրառման մասին, որովհետեւ մտավախություն կա, որ Վրաստանը կարող է կրկին հարձակվել այս միավորումների վրա: Ռուսների ասելով՝ խորհրդակցության ժամանակ ներկայացվելու են այս մտավախություններն ամրապնդող որոշակի ապացույցներ:
Մինչդեռ Վրաստանը, ի դեմս այդ երկրի փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլիի (նկարում), պնդում է, թե ինքը խնդիրը ռազմական ուժով լուծելու մտադրություն չունի, որովհետեւ հասկանում է, որ այդ դեպքում պատերազմելու է Ռուսաստանի հետ: Փոխվարչապետը հայտարարել է, թե Վրաստանը մտադիր է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել խաղաղ մեթոդներով՝ այդ տարածքները «ապաբռնազավթման» ենթարկելու միջոցով: Այդպիսի ծրագիր Վրաստանը խորհրդակցության մասնակիցներին արդեն ներկայացրել է՝ պահանջելով նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում տեղակայված ռուս սահմանապահներին փոխարինել միջազգային ոստիկանական ուժերով: Այդ նախաձեռնությունը ռուսական կողմն արդեն հասցրել է որակել որպես սադրիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել