Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարաք Օբաման առաջին անգամ տարեկան զեկույց ներկայացրեց

Հունվար 29,2010 00:00

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում հանդես է եկել «Երկրում տիրող իրավիճակի մասին» իր առաջին՝ 80 րոպե տեւած տարեկան զեկույցով, որի առանցքային թեմաները ֆինանսական ճգնաժամը հաղթահարելն ու գործազրկության դեմ պայքարն են եղել: ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաեւ առողջապահական, գլոբալ ջերմացման խնդիրներին:
BBC-ի մատուցմամբ՝ նա հայտարարել է, թե 2010թ.-ին իր համար առաջնահերթություն է լինելու աշխատատեղեր ստեղծելը, իսկ արդեն 2011-ից պետական ծախսերը կսառեցվեն: Օբաման, իր առաջիկա հնգամյա ծրագրերի առնչությամբ խոսելով, հայտարարել է նոր նպատակների՝ ԱՄՆ-ից արտահանման ծավալները կրկնապատկելու մասին, ինչը, նրա ասելով, թույլ կտա երկրում 2 մլն աշխատատեղ բացել: Օբաման հավելել է, թե փորձելու է ընդունել տալ աշխատանքի մասին նոր օրենք, որի նախագծին Կոնգրեսի ստորին պալատն արդեն հավանություն է տվել: Նա Սենատին կոչ է արել հետեւել այդ օրինակին:
Օբաման ասել է, թե՝ երկու տարի առաջ, երբ ինքը եկավ իշխանության, «երկիրը երկու պատերազմ էր վարում, տնտեսությունը հետընթաց էր ապրում, ֆինանսական համակարգը կոլապսի մեջ էր, եւ կառավարությունը թաղված էր պարտքերի մեջ», եւ իր որոշ՝ ոչ ժողովրդահաճ միջոցառումները, այդ թվում՝ բանկերին պետության կողմից ցուցաբերված աջակցությունը, արդարացվեցին, որովհետեւ, հակառակ դեպքում, եթե ֆինանսական համակարգը փլվեր, գործազրկության մակարդակը երկու անգամ ավելին կլիներ, քան այսօր է: Օբաման նաեւ հայտարարել է, թե ամերիկացի բոլոր զինվորականները Իրաքից պետք է վերադառնան տուն՝ արդեն այս տարվա ամռանը. «Պատերազմն ավարտվել է, մենք պատրաստ ենք Իրաքի իշխանություններին աջակցել տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու, նաեւ ընտրություններ անցկացնելու համար»: Աֆղանստանի վերաբերյալ Բարաք Օբաման ասել է, որ առջեւում դժվար օրեր են, բայցեւ վստահեցրել է, որ ԱՄՆ-ն տիրապետում է իրավիճակին: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նրա ելույթը 10 անգամ ընդհատվել է ներկաների բուռն ծափահարություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել