Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ» ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվար 29,2010 00:00

Մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել սիրել ռուսերենը

Օրերս ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ «Ռուսական արջուկ» փորձնական մրցույթին մասնակցած դպրոցների եւ պատվոգրերի արժանացած երեխաների մրցանակաբաշխությունը: Միջազգային մրցույթն անցկացվել է 2009թ. նոյեմբերի 12-ին՝ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Դրան մասնակցել են Վ. Մայակովսկու անվան թիվ 7, Ա. Չեխովի անվան թիվ 55, Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 եւ ՌԴ-ի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցներից 258 երեխաներ:
«Առավոտը» մրցույթի անցկացման եւ դրա արդյունքների մասին մանրամասներ ստացավ «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանից: Նրա փոխանցմամբ՝ «Ռուսական արջուկ» մրցույթը սկիզբ է առել ՌԴ-ում՝ 10 տարի առաջ: Այն անցկացվում է աշխարհի 10 երկրներում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում: Օրինակ՝ ԱՄՆ-ում, ըստ Դ. Սահակյանի, հիմնականում մրցույթին մասնակցում են ՌԴ դեսպանատանը կից դպրոցների կամ ռուսական համայնքի երեխաները: Ինչպես «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը, այնպես էլ «Ռուսական արջուկը» անցկացվում է նույն օրը՝ բոլոր մասնակից երկրներում: Պարզապես այս տարի գրիպի համաճարակի հետ կապված՝ եղան երկրներ, որոնք մրցույթի անցկացումը հետաձգեցին: Այս մրցույթի մասնակցությունը եւս կատարվում է  կամավորության սկզբունքով: Իսկ ՀՀ-ում այս տարի անցկացվել է փորձնական մրցույթ, դպրոցներն էլ ընտրվել են հիմնադրամի կողմից:
Դ. Սահակյանից հետաքրքրվեցինք՝ մրցույթի արդյունքում ի՞նչ պարզեցին դպրոցներում ռուսերենի դասավանդման առումով, քանի որ ներկայումս ծնողները հաճախ են դժգոհում ռուսերենի դասավանդումից: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Մրցույթի անցկացման մեր նպատակը առարկայի նկատմամբ երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնելն էր, ոչ թե նպատակ ունեինք պարզել լեզվի լավ կամ վատ դասավանդման մակարդակը: Դա բխում է նաեւ նրանից, որ մրցույթում առաջադրված  խնդիրները հաղթահարելու համար հաճախ պետք չէ պատասխանը իմանալ, այլ տրամաբանորեն տալ պատասխանը: Եթե մաթեմատիկա առարկայի դեպքում տրամաբանական, հետաքրքրաշարժ խնդիրներ ասելով՝ ավելի հեշտ են մարդիկ հասկանում, թե մոտավորապես ինչի մասին է խոսքը, ապա լեզվի պարագայում մի փոքր այլ է»:
Դ. Սահակյանին խնդրեցինք փոքր-ինչ մանրամասնել մրցույթի անցկացման մեխանիզմները: Զրուցակիցս պատասխանեց. «Երեխաները մրցույթին մասնակցում են դպրոցում: Մրցույթի անցկացման օրը դպրոցները ստանում են փաթեթները եւ բաժանում մասնակից երեխաներին: Թեստը բաղկացած է 30 հարցից, որոնց ճիշտ պատասխանը երեխան պետք է ընտրի պատասխանի 5 տարբերակներից: Թեստը հաղթահարելու համար տրվում է 75 րոպե ժամանակ»: Այս մրցույթը համեմատելով «Կենգուրուի» հետ՝ Դ. Սահակյանն ասաց. «Ի տարբերություն «Կենգուրուի», այստեղ հաղթողները որոշվում են ոչ թե ըստ երկրների, այլ՝ հավաքած միավորներով»:
Մեր այն դիտարկմանը, թե այդպիսով ՀՀ-ի երեխաները, որոնց համար, ի տարբերություն ռուսների, ռուսերենը օտար լեզու է, չե՞ն հայտնվում անհավասար պայմաններում, «Այբի» գործադիր տնօրենը պատասխանեց. «Երբ կամավորության մասին է խոսքը, ինքը՝ երեխան է մտածում, մասնակցե՞լ, թե՝ ոչ: Այստեղ խոսքը բուհ ընդունվելու կամ դպրոցի քննություն հանձնելու մասին չէ, ինչը բոլորի համար է եւ կարեւոր պայմաններից մեկը հավասարությունն է: Սակայն մյուս կողմից էլ նկատենք, որ չնայած ՀՀ-ում կազմակերպված մրցույթի ժամանակ մասնակցում էին նաեւ ոչ հայազգի երեխաներ, բայց դիպլոմների արժանացած 26 երեխաների շարքում միայն 1-2-ն էին ռուսներ»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսերենի նկատմամբ հետաքրքրության մի փոքր պակաս է նկատվում, դրա համար է «Այբը» բերել այս միջազգային մրցույթը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Երբ մենք բերեցինք «Կենգուրուն», հայտարարեցինք, որ դրան հաջորդելու են այլ միջազգային մրցույթներ: Բայց քանի որ «Ռուսական արջուկն» անցկացնելու գործընկեր ունեինք՝ հանձին «Ռոսսոտրուդնիչեստվոյի», ուստի դրա անցկացումն ավելի արագ կազմակերպվեց: Անցյալ տարի հայկական թիմը մասնակցեց նաեւ Ուկրաինայում քիմիայի միջազգային մրցույթին, իսկ այս տարի աշնանը նախատեսում ենք միջազգային մրցույթի հիման վրա ՀՀ-ում անցկացնել համահայկական քիմիական մրցույթ»: «Կենգուրու» մրցույթի հայտագրումն էլ կանցկացվի փետրվարի 1-24-ը, մրցույթը՝ մարտի 18-ին: «Այբը» պատրաստել է նաեւ այս մրցույթին նվիրված ֆիլմ, որը կտրվի դպրոցներին եւ այլ հետաքրքրված կազմակերպությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել