Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

19. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հունվար 29,2010 00:00

\"\"\"\"
 93- ամյա Գյուլվարդ Մելիք- Մուրադյանը:        Հայկ Մելիք- Մուրադյանի ճակատային նամակները:

\"\"
Մեսրոպավանի շրջանի հայ կամավորները
1941 թ. ճակատ մեկնելուց առաջ:

Երիտասարդ տղաների մի խումբ էր հավաքվել փողոցի անկյունում: Բարձրաձայն կատակում էին, որը լսելի էր հեռվից:
– Գնանք սառը միս առնենք, մի քիչ էլ օղի, խմենք՝ լավանանք,-  ասաց գանգուր մազերով տղան:
– Տո, սառը միս պետք չի, թարմ կառնենք,-  արձագանքեց մեկ ուրիշը:
– Փող չկա…
– Աշխատանք ունե՞ք, տղաներ,-  դիմեցի ես:
– Աշխատանք ունենանք՝ ցերեկվա այս ժամին այստեղ ի՞նչ գործ ունենք: Դուք նկարում էլ ե՞ք,-  դիմեց տղաներից մեկը:
– Եթե ցանկանում եք, խնդրեմ,-  պատասխանեցի ես:
– Տո, ոչ մի լուսանկարել,-  բորբոքված խոսեց մեկը,-  էդ էր մնացել, թող գնա ստից:
– Տղա ջան, հանգստացիր, ես քեզ չեմ լուսանկարի:
– Ինչո՞ւ:
– Ֆոտոգենիկ չես:
Հռհռոց տարածվեց:
– Որ պետք լինի՝ քեզ կքշեմ մեր թաղից: Էդ էր մնացել. նկարեն ու թերթում տպեն…
– Լավ, հայրիկ, ներիր նրան, տղայի մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է,-  ասաց տղաներից մեկը:
Շարունակեցի փողոցն ի վեր բարձրանալ:
Հաջորդ փողոցում դիմեցի առաջին իսկ պատահած մարդուն՝ Վլադիմիր Ենգոյանին.
– Ինձ Սարի թաղի հին բնակիչներն են հետաքրքրում: Կարո՞ղ եք օգնել այդ հարցում:
– Իհարկե,-  պատրաստակամությամբ պատասխանեց Վլադիմիրը,-  մեր հարեւանուհին՝ Գյուլվարդ տատը զրուցասեր կին է, կպատմի ամեն ինչ:
– Իսկ դու ի՞նչ ես անում:
– Ոչ մի: Սեզոնային արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստան, ձմռան շեմին վերադառնում:
Քիչ անց Գյուլվարդ տատի դուստրը՝ Թամար Մուրադյանը ներս հրավիրեց: 93- ամյա Գյուլվարդ տատը տեղաշորում էր պառկած: Տեսնելով ինձ, անհանգիստ շարժումներ արեց, կանչեց դստերը, ուզեց վեր կենալ տեղից:
– Անհարմար է էս վիճակում հյուր ընդունել,- ասաց նա՝ տեղում հարմար դիրք գրավելով, հարդարելով մազերը,- Թամար, հյուրին վառարանին մոտ նստեցրու՝ չմրսի:
– Ոչինչ, տատի, մի անհանգստացիր, ես եկել եմ անցյալից զրուցելու: Որտե՞ղ ես ծնվել:
– Նասրվազ գյուղում, հնում Մեսրոպավան էին ասում, Մեսրոպ Մաշտոցի սիրելի գյուղն է եղել: Իսկ դու որտեղացի՞ ես:
– Արցախի Մարտակերտի շրջանից:
– Հա, շատ տեղեր եմ եղել, բայց Մարտակերտում չեմ եղել:
– Ձեր գյուղից ի՞նչ ես հիշում:
– Անդրանիկ զորավարը հորս՝ Առաքելի հետ մեր տուն եկավ: Գյուղի տակ հողամաս ունեինք, Հասար էր կոչվում, հայրս երկու ոչխար մորթեց: Ես երկու տարեկան էի: Հետո ամուսնացա ու Գյաղ գյուղը տարան: Ամուսինս՝ Հայկ Մելիք- Մուրադյանը, գյուղի կոլտնտեսության առաջին նախագահն էր: Երբ 41-ին կամավոր պատերազմ մեկնեց, կոլտնտեսությունը ես էի ղեկավարում: 1942- ին Հայկը զոհվեց: Հիշում եմ, Երեւանից Հունանյան ազգանունով միլիցիայի մի աշխատող էր եկել, մեր տանը հյուրասիրվել: Երբ 1949 թվականին Երեւան տեղափոխվեցի՝ չէին գրանցում: Գտա Հունանյանին, նա էլ օգնեց գրանցվելու հարցում: Երեւանում տրամվայի, ավտոբուսի տոմսավաճառ էի աշխատում: Աղջիկս՝ Թամարը, Մանկավարժական ինստիտուտն է ավարտել, 152- րդ դպրոցում երկար տարիներ դասվար ու մեթոդիստ է աշխատել, հիմա թոշակի է անցել: Գյուղում ամեն տարի սրբավայրեր էինք գնում: Հիշում եմ Օձասարի լիճը, Նահատակը, որտեղ թաքնվել է Հռիփսիմե կույսը: Ի՞նչ պատմեմ, բալա ջան, որդիներիս՝ Անուշավանին ու Լավրենտիին կորցրի: Տղա ջան, Թամարն ասաց, որ հեռուստատեսությունում ես աշխատել: Բա չե՞ն ամաչում, էդ ինչե՞ր են ցույց տալիս հեռուստացույցով. որը բացում ես՝ սպանություն, գողություն, բռնաբարություն: Բա երեխաները ի՞նչ են սովորելու դրանցից: Հասկանում եմ՝ նոր ժամանակներ, նոր սերունդ… հիշում եմ, մենք էլ երիտասարդ էինք, կոլխոզ էինք հիմնում, ասում էինք՝ մեծերը մեզ չեն հասկանում, բայց դուրս եկավ, որ նրանք ճիշտ էին: Ժողովրդի այլասերումը ճիշտ ճանապարհ չի:
Թամարը Մեսրոպավան եւ Գյաղ գյուղերի իրենց գերդաստանի հետ կապված հին լուսանկարներ փռեց իմ առաջ: Հետո ցույց տվեց իրենց տոհմածառը:
– Մեծ պապս երեք ամիս Ագուլիսում աշակերտել է Րաֆֆուն,-  ասաց Թամարը,-  ասում էր՝ Րաֆֆու գիրքը գտեք, տվեք կարդամ: Այն ժամանակ Րաֆֆին արգելված հեղինակ էր: 1988- ին գնացել էինք գերեզմանները: Հորս քեռուն՝ Եփրեմին, ճանապարհին թուրքերը սպանել էին, գլուխը կտրել, դրել ձիու վրա, գյուղ ուղարկել: Գերեզմանը սարքելիս գյուղի նոր բնակիչները՝ թուրքերը եկան, օգնեցին մեզ: Հիմա մատաղ էինք բաժանում, Եփրեմի աղջիկն ասում է՝ «Սրանք սպանել են հորս ու պիտի մատաղն էլ ուտե՞ն»:
Թամարը սեղանին փռեց մոր ստացած մեդալներն ու շքանշանները: Սակայն ինձ ավելի հետաքրքրեցին հոր՝ Գյաղի կոլտնտեսության նախագահ Հայկ Մուրադյանի ռազմաճակատային տասնյակ եռանկյունի նամակները՝ ուղղված կոլտնտեսությունում իրեն փոխարինած կնոջը՝ Գյուլվարդին: Նամակների մի մասը գրված է հրետանու կամ ինժեներական ծառայության, քիմիական պաշտպանության զինամթերքի ու սարքերի պահեստի թղթերի վրա: Ես ընթերցեցի այդ նամակներից մեկը. «Բարեւագիր սիրելի եւ անմոռանալի Գյուլվարթ ջան, ինձնից հարցնես, յես շատ լավ եմ, միայն ձեր կարոտն եմ քաշում: Գյուլվարթ ջան, ինձ համար շատ տխրություն է, քանի վոր ես այս նամակից տասնհինգ նամակ եմ ուղարկել, ու ձեզանից մի նամակ չեմ ստանում, չեմ իմանում ինչա պատահել: Նամակը ստանալուն պես ինձ հեռագրով կամ նամակով պատասխանիր, քանի որ զարմանում եմ քո համբերության վրա: Ինձ համար մի մտածիր, հարկավորա տեղի համար մտածել, քանի վոր առաջը ձմեռա գալիս, ինչ պիտի անես: Հարկավորա ցորեն, գարի, ինչ վոր հասնումա, չփչացնես, հավաքես քու ձմեռվա, քու տարվա զապաս վերցնես, նոր հավաքած խոտը հիմա մի փչացնիլ, խոտը պահի ձմեռվան, նոր դարման (ծղոտ- Բ.Կ.) հավաքի այգու մարաքը: Գյուլվարթ ջան, յես իմանում եմ, վոր փայտի նեղություն ես քաշում: Հարկավորա թութի ծառ կտրել: Տար Հարապետին, թող կտրի, պերի հավաքի տանը: Ցորենը վոր աղաս, ձմեռը նեղություն չես քաշի: Շատ բարեւներ մամայիս, քուր Փարուն, նա կարողանումա՞ կոլխոզում աշխատել: Բարեւիր ձեր բոլորին: 27/IX- 42 թ.»:
Գյուլվարդ տատը քիչ մտմտաց, ապա ասաց.
– Հա, տղաս, էլի դեպքեր հիշեցի: Մեծացել եմ, ի՞նչ անեմ, մոռանում եմ: Օրդուբադի կուսշրջկոմ էի գնացել ժողովի, ետ գյուղ գալիս հեռվում սարից իջնող առյուծ եմ տեսնում: Մեր կողմերում առյուծ չպիտի լիներ, բայց թե Իրանից էր եկել, թե որտեղից, չգիտեմ: Մեծ բաշն եմ հիշում, մեկ էլ՝ ահարկու մռնչոցը: Ձին չափ գցեցի, գյուղ հասա, թղթերը, նագանը, կնիքը, բանալիները դրեցի սեղանին, հայտարարեցի, որ այլեւս նախագահ չեմ ուզում աշխատել: Մի կերպ համոզեցին, որ մնամ: Գրագետ մարդիկ քիչ կային: Գյուղի մարդիկ չէին հավատում, թե՝ «Առյուծն ի՞նչ գործ ունի մեր կողմերում»: Երկու օր հետո մեր գյուղի որսկանը ասաց, որ առյուծը հազիվ է պրծել իր ձեռքից, նոր միայն հավատացին, որ իրոք առյուծի եմ հանդիպել: Մի դեպք էլ պատմեմ: Ամռանը բոլորս էլ տան հարթ կտրին ենք քնում: Այդ օրը աստիճանը թողել էինք տեղում, որ մեր հարեւանի հարսը՝ Էլիշկան, որը հացթուխ էր, ուշ ժամին գալիս՝ բարձրանա կտուր, նոր միայն վեր հանի աստիճանը: Նրանց կտուրը ցածր էր, վախենում էին մարդագելից, որը աստիճանով բարձրանում է կտուրն ու երեխաներ փախցնում: Էս Էլիշկան, որ գզգզված մազերով կանգնում է դիմացս, արթնանում եմ քնից ու կարծում եմ, թե մարդագելն է, ճչում, աղաղակում եմ: Ամբողջ գյուղը օգնության է գալիս, տեսնում, որ մարդագել չկա: Բայց մի քանի գիշեր տղամարդիկ հրացանները գրկած էին քնում: Մի քանի օր հետո կեսգիշերին մարդագելը, հա, կարծեմ բորենի են ասում, գալիս է, հարեւանի աղջկան՝ Աստղիկին է ոտից բռնում, քաշում, որ տանի: Մայրը մի կերպ երեխային խլում է բորենու երախից: Գազանը ճանկը գցում է երեխայի դեմքին: Գյուղի որսորդները սպանում են մարդագելին: Իսկ Աստղիկի դեմքին մինչեւ հիմա մնացել է գազանի չանչի հետքը:
– Իսկ ինչպե՞ս եղավ, որ Երեւան տեղափոխվեցիք:
– Ինձ շրջկոմում ուզում էին Ադրբեջանի Գերագույն խորհրդի դեպուտատ ընտրել: Հրաժարվեցի: Հայությունն արդեն հեռանում էր Նախիջեւանից: Ինձ էլ պիտի շիրմա սարքեին, թե՝ տեսեք, հայերին գնահատում ենք, առաջ քաշում, իսկ իրենք սուտ բողոքում են՝ իբր հալածում ենք: 1949-ին տեղափոխվեցինք Երեւան: Ոչ մի կերպ Երեւանում չէին գրանցում: Միլիցիան 24 ժամ էր տվել, որ ազատենք տունը: Հիշեցի, որ մեր գյուղը Երեւանից Հունանյան ազգանունով միլիցիայի մի աշխատող էր եկել մի հանցագործի հետքերով, ասել էր. «Եթե հարց լինի՝ Օրջոնիկիձեի միլիցիայի բաժանմունքում ինձ կդիմեք»: Գնացի մոտը, բաժնի պետն էր, ասաց՝ չեմ ճանաչում, բայց երբ հուսալքված դուրս էի գալիս, ետ կանչեց. «Դու կոլտնտեսության նախագահ էն կինը չե՞ս, որ հյուրասիրեցիր ինձ, հավ մորթեցիր, բոխին չեմ մոռանում, ի՜նչ համով էր, բեր թղթերդ մակագրեմ, կգրանցեն, երբ որեւէ դժվարություն լինի՝ էլի ինձ կդիմես»: Դուրս եմ եկել, Սիլաչիի շուկայի մոտ նստել քարին, մտածում եմ. «Բա որ գրած լինի՝ ձերբակալել, ի՞նչ պետք է անեմ»: Վախվխելով բացեցի, գրված էր՝ անմիջապես գրանցել: Մեր տունը միշտ նախիջեւանցիների հավաքատեղի է եղել: Մեր դուռը բաց էր բոլորի առաջ:
Քիչ անց հայտնվեցի բաղնիքի հրապարակում:
– Եթե ուզում ես ճիշտ բան գրել, 20- րդ փողոցը մտիր, խորհրդային ժամանակների ասֆալտ է: Շատերը մեջտեղն ուտում, կողքերը պտտվում են, իբր խաբար չեն: Ինժեներ եմ, ամեն գործ էլ արել եմ, տնօրեն էլ եմ եղել, հիմա 26 հազար դրամ թոշակ եմ ստանում: Դրանից բացի՝ ապրուստի ոչ մի աղբյուր չեմ գտնում: Երբ կարեւոր առաջարկություն եմ անում, ասում են՝ մեջն ի՞նչ ունես,- բարձրահասակ ու ժպտադեմ մի տղամարդ մոտեցավ:
– Դու ինձ չես ճանաչի, բայց ես քեզ հիշում եմ շարժման ժամանակներից,-  ասաց Նորայր Ասատրյանը,-  ինչո՞ւ իրար մեջ բաժան- բաժան արեցին Սարի թաղի զբոսայգին: Կարգին հանգստավայր էր, մեծ թե փոքր՝ սիրում էինք: Իսկ Մշակույթի պալատը, որտեղ հարյուրավոր երեխաներ պարի, երգի, թատրոնի, կար ու ձեւի խմբերի էին մասնակցում, երիտասարդները հանդիպում էին իրար միջոցառումներին, կինո էինք նայում՝ վաճառեցին: Սփյուռքահայ մի գործարար առաջարկեց իր օգնությունը պալատը վերանորոգելու հարցում, սակայն մերժեցին, քանի որ ավելի ձեռնտու էր վաճառել: Հիմա Սարի թաղի ժողովուրդը կտրվել է ամեն ինչից: Ես անչափ նվիրված էի շարժմանը, հավատում էի «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներին, բայց հիասթափված եմ: Ոչ ոքի չեմ հավատում: Կոշիկի արտադրության կոոպերատիվ ունեի, օրական 500 զույգ երկարաճիտ կոշիկ էի արտադրում: Երկրի ղեկավարներից մեկին դիմեցի, որ մեխանիզմ ստեղծեն մեր արտադրանքը դրսում հեշտ իրացնելու համար: Ասում է՝ ինքդ պետք է լուծես քո խնդիրները: Մեր տան դիմաց գրախանութ կար, Իշխան Սիմոնյանն էր գրավաճառը: Բանաստեղծ էր: Ասում էր՝ Հայաստանը կծաղկի, ամերիկացիների պես կապրենք, Երեւանը Փարիզից պակաս չի լինելու: Ասում եմ՝ հը, Իշխան… Ամաչում էր: Մեռավ խեղճը:
– Ի՞նչ մասնագետ ես, Նորայր,-  հարցրի ես:
– Ռոստովի երկաթգծի ինստիտուտն եմ ավարտել, հետո Մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտի տնտեսագիտական բաժինը: Աշխատել եմ տարբեր բնագավառներում: Հնաբերդ գյուղում 1987 թ. մետաքսի կոմբինատ եմ կառուցել: Տնօրենն էի: Իմ տան բակում կոոպերատիվ հիմնեցի, բարձրորակ արտադրանք էինք թողարկում: Բայց Հայաստանի կոշիկի արտադրությունը փլուզվեց իտալացիների առաջին իսկ հարվածից: Եվրոպայում կոշիկի հսկա մնացորդ կար, ամենը հետխորհրդային երկրներ լցրին, իսկ մենք այս խնդրում տեր չունեինք: Եվրոպացիք միլիոնավոր բանացրած ավտոմեքենաներ լցրին հետխորհրդային երկրներ: Գիտե՞ք, հայերս ծայրահեղական ժողովուրդ ենք, սպասում ենք մինչեւ վերջին շունչը, համբերում ենք, վերջին կետում նոր միայն արթնանում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել