Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիսատ մնացած շինարարություններ

Հունվար 29,2010 00:00

\"\"Սյունիքի մարզում այս տարի պետբյուջեով կապիտալ շինարարություն չի իրականացվի

Սյունիքի մարզում 2009 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսված ոչ բոլոր ծրագրերը իրականացվեցին: Ճգնաժամի եւ անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով տարվա չորրորդ եռամսյակ տեղափոխվելուց հետո էլ միջոցներ չգտնվեցին, եւ ծրագրերը «օդում մնացին»: Ի ցավ սյունեցիների՝ այդ ծրագրերն այս տարի էլ չեն իրականանա: 2010 թվականի ՀՀ պետական բյուջեով Սյունիքում կապիտալ շինարարության համար միջոցներ նախատեսված չեն: Խոսքը հիմնականում դպրոցաշինության մասին է: «2009 թվականին մարզի երեք դպրոցներում շինարարական աշխատանքների համար մրցույթներ հայտարարեցինք: Ամեն ինչ պատրաստ էր, բայց դրա համար նախատեսված 330 միլիոն դրամը այդպես էլ չհատկացվեց: 2010 թվականին էլ այդ դպրոցները հիմնանորոգելու համար միջոցներ նախատեսված չեն»,- ասում է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արշակ Ուստաբաշյանը:
Անավարտ է մնացել նաեւ Կապանի թիվ 3 կրթահամալիրի հիմնանորոգումը: 75 միլիոն դրամի աշխատանքներ արվել են, սակայն դեռ 130 միլիոն էլ պետք է՝ հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար: Գումարներ հայթայթելու աշխատանքները շարունակվում են:
2009 թվականին ամբողջությամբ հիմնանորոգվեցին Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք եւ Որոտան գյուղերի դպրոցները՝ համապատասխանաբար 60 միլիոն եւ 30,3 միլիոն դրամ գումարով:
Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, ապա 2010 թվականի պետբյուջեով Սյունիքի մարզային նշանակության ճանապարհների պահպանման, շահագործման եւ ձմեռային պահպանության աշխատանքների համար 105 միլիոն դրամ է նախատեսված: «Քաղաքաշինության նախարարության պատվերով՝ այս տարի կշարունակվեն Անգեղակոթ, Եղեգ, Տեղ գյուղերի դպրոցների կառուցման աշխատանքները: Կապի եւ տրանսպորտի նախարարության պատվերով էլ կշարունակվի Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու 244 կմ-ի վրա՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի Քարահուջ գյուղի սողանքային հատվածը շրջանցող 1,7 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Նախատեսված 798 միլիոն դրամից 2009 թվականին պետբյուջեից միայն 250 միլիոն դրամ է հատկացվել: Եվ քանի որ շինարարները աշխատանքները գերակատարել են, հատկացվել է նաեւ մնացած գումարը»,- ասում է Արշակ Ուստաբաշյանը:
2010 թվականին, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն Գորիս քաղաքի միջով անցնող միջպետական ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: 2009 թվականին այս հատվածում 217 միլիոնի աշխատանքներ են իրականացվել:
Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում անցած տարի, ճանապարհաշինության ոլորտում, ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով 4,8 միլիարդ դրամ է ծախսվել, որից պետական բյուջեից՝ 1 միլիարդ, իսկ 3,8 միլիարդը՝ Համաշխարհային բանկի միջոցներից, որով նորոգվել է մոտ 31,3 կմ ճանապարհ: Հիմնական աշխատանքները տարվել են Մեղրու տարածաշրջանում՝ 1,9 միլիարդով հիմնանորոգվել է Շվանիձոր-Ալվանք-Վարդանիձոր-Գուդեմնիս՝ 158 կմ ճանապարհահատվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել