Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՀԿ-Ն ՍՊԱՌՎՈ՞ՒՄ Է

Հունվար 29,2010 00:00

Վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են, որ ՀՀԿ-ական թեկնածուներն այս մարզում նկատելիորեն զիջում են մրցակից անկուսակցականներին եւ ԲՀԿ-ականներին:

Եթե մինչ 2007-2008 թվականները գրեթե կանխատեսելի էին բոլոր ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ ՀՀԿ-ականը միշտ հաղթելու էր, ապա վերջին ընտրությունները փաստում են, որ Հանրապետականի դիրքերը նկատելիորեն թուլացել են: Արարատի մարզում թե համայնքապետերի, թե այլ պատասխանատու պաշտոններում, որպես չգրված օրենք, ընտրվում կամ նշանակվում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախընտրած կադրերը, որոնք, փաստորեն, իրենց արդեն չեն արդարացնում: Հանրապետականի պարտությունների շարքը այս մարզում մեկնարկեց դեռեւս 2007 թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը, ավելի քան 2000 քվեով հաղթելով նախկին պատգամավոր Սամվել Սահակյանին, որը թեեւ անկուսակցական էր, սակայն նրա հաղթանակն ապահովելու համար աշխատում էր մարզի ողջ հանրապետական ռեսուրսը: Այնուհետեւ, 2008 թ. համայնքապետերի ընտրություններում հանրապետականները մեկը մյուսի ետեւից սկսեցին իրենց տեղերը զիջել կամ ԲՀԿ-ական, կամ անկուսակցական թեկնածուներին: Մի քանի համայնքներում՝ Արտաշատում, Մխչյանում, Դարակերտում, Գետազատում, Նորաբացում, ՀՀԿ-ական թեկնածուները ընտրվեցին, քանի որ միակ թեկնածուն էին՝ մրցակից չունեին: Շատ քիչ համայնքներում, օրինակ՝ Վեդիում, Այնթապում, մի քանի փոքր համայնքներում, ուր լուրջ ընտրապայքար կար՝ ՀՀԿ-ական թեկնածուները հաղթեցին: Սակայն, առավել շատ են դեպքերը, երբ հանրապետականները պարտվել են: Օրինակ՝ 2008-ի հոկտեմբերի 12-ին Մասիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում պարտվեց նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը՝ իր երկարամյա պաշտոնավարման աթոռը զիջելով հանրապետականից խռոված եւ ԲՀԿ շարքերը համալրած Դմիտրի Նազարյանին, այն դեպքում, երբ Հակոբյանին սատարում էր անձամբ Սերժ Սարգսյանը:
Նույն օրը՝ 2008թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀԿ-ի մեկ այլ պարտություն գրանցվեց Նոր Խարբերդում: Այստեղ Համլետ Ավետիսյանը պարտվեց ԲՀԿ-ական Կամո Կակոյանին: Հոկտեմբերի 26-ին Այգեստան համայնքի ղեկավարի ընտրություններում անկուսակցական Սոկրատ Հովսեփյանը ձայների մոտ եռակի առավելությամբ հաղթեց հանրապետական Տիգրան Հովսեփյանին: 2009 թ. նոյեմբերի 2-ին Մրգավան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց անկուսակցական Արմեն Հարությունյանը՝ ստանալով 598 քվե, իսկ ՀՀԿ-ական Սուրեն Դավթյանը՝ 445 ձայն: Դեկտեմբերի 27-ին Այգավան համայնքի ղեկավարի ընտրությունն էր. հանրապետական Ռոման Ղազարյանն ստացավ ընդամենը 280 ձայն, անկուսակցական Վահագն Ղուկասյանը՝ 1083: Մյուս անկուսակցական թեկնածու Աբրահամ Հարությունյանը նույնպես ձայների առավելություն ուներ հանրապետական թեկնածուի նկատմամբ՝ 778 քվե էր ստացել: Նոր Կյուրինում ԲՀԿ-ական Գեւորգ Օհանյանը նույնպես հաղթեց իր ՀՀԿ-ական մրցակցին՝ Մյասնիկ Գրիգորյանին:
Մարզի ամենաերկարամյա ՀՀԿ-ական գյուղապետերից է Այնթապ համայնքի արդեն նախկին ղեկավար Լեւոն Թարվերդյանը: Այս համայնքում միշտ եղել է ուժեղ ընտրապայքար, եղել են դեպքեր, երբ ընտրություններն ամփոփվում էին «մինի» պատերազմներով: Սակայն միշտ վերընտրվում էր ՀՀԿ-ականը: 2008թ. հոկտեմբերի 12-ին թեեւ Թարվերդյանը վերընտրվեց, սակայն չպաշտոնավարեց մինչեւ ժամկետի ավարտը. 2010թ. հունվարի 21-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ժամկետից շուտ դադարեցվեցին նրա լիազորությունները: Այստեղ սպասվող առաջիկա ընտրությանը, հավանաբար, դարձյալ կառաջադրվի Թարվերդյանի ամենաուժեղ մրցակիցը՝ ԲՀԿ-ական Սամվել Համբարձումյանը, որը վերջին ընտրության ժամանակ Թարվերդյանին զիջում էր 418 ձայնով: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Այնթապում էլ է հանրապետականը պարտվում: Փետրվարի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան նաեւ Ջրահովիտ համայնքում:
«Առավոտն» առաջիկայում կանդրադառնա այս ընտրական գործընթացներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել