Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջիպավորները» պարտքը համարեցին տված

Հունվար 29,2010 00:00

Երեկ Հայկական բանակի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ բազմաթիվ պաշտոնյաներ, ազատամարտիկներ ու երկրապահներ այցելել էին Եռաբլուր՝ զոհվածների հիշատակը հարգելու եւ բանակի կայացման գործում մեծ ներդրում ունեցած հերոսների շիրիմներին ծաղկեպսակ դնելու համար: Դա միջոցառման պաշտոնական մասն էր: Մինչ գերեզմանատեղի հասնելը, Եռաբլուրի հետնամուտքում ավտոմեքենաների, մարդկանց այնպիսի խառնաշփոթ էր, որ դա տեսնողը լրիվ պատկերացում կկազմեր, թե մեր պաշտոնյաներից ով իրականում որքան մեծ է գնահատում զոհվածների վաստակը եւ նրանց համար իրականում ինչ է Հայկական բանակի կազմավորումը: «Համերների» ու «ջիպերի» շարասյունը գրավել էր թիվ 100 եւ 123 երթուղայինների վերջնականգառը եւ նույնիսկ մտել Շահումյան փողոցի առանձին տների բակեր: Երբ մի պաշտոնյա վերջացնում էր «ծաղիկ դնելու պարտականությունը» եւ փորձում հեռանալ՝ նրա «տանկի վարորդը» ամենալպիրշ բառերով սկսում էր ճանապարհ բացել՝ մեքենան այնտեղից դուրս բերելու համար: Էլ չենք ասում, որ Եռաբլուր եկած «ջիպավորներից» շատերին մի քանի մեքենա թիկնապահ էին ուղեկցում: «Ջիպային» այդ աժիոտաժի մեջ աչքի էին ընկնում հատկապես զոհվածների սեւազգեստ մայրիկները, որոնք գլխաշորերով, իսկապես սգալով իրենց զավակների մահը, ցրտին կուչ եկած սպասում էին երթուղայինների ու երբեմն անհարկի ընկնում «ջիպավորների ոտքի տակ»՝ արժանանալով նրանց նախատինքներին, թե՝ «մայրիկ ջան, դեմդ նայի, կոշիկս կեղտոտեցիր, ոտ ա, հո պրոտեզ չի»:
Եռաբլուր այցելած ոչ մի մեծահարուստի ու պաշտոնյայի մտքով չանցավ կանգառում երթուղային սպասող հաշմանդամ ազատամարտիկներին, մեծահասակ սեւազգեստ կանանց կամ երկրապահներին իրենց մեքենայով տուն տանել կամ հասցնել իրենց ուզած տեղը: Նրանք, իրենց պարտքը համարելով տված՝ իրենցից գոհ նստում էին շքեղ մեքենաներն ու հեռանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել