Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՏԱՔ ՊԱՀԵԼՆ Է ՄԻ ԲԱՆ, ՈՉ ՍԱՌԵՑՆԵԼԸ

Հունվար 29,2010 00:00

\"\"Սեռական օրգանների առողջության համար ուրոլոգը խորհուրդ է տալիս աչալուրջ լինել

Ի տարբերություն կանանց՝ հայ տղամարդիկ սեռական ֆունկցիայի խանգարումների դեպքում անմիջապես դիմում են բժշկի: Ըստ բժիշկների՝ այդ առումով տղամարդիկ ավելի զգույշ են: Դրա պատճառը, ըստ բժիշկ, ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանի, ոչ թե մենտալիտետի հարց է, այլ տղամարդկանց համար սեռական ֆունկցիան կյանքի կարեւորագույն բաղադրիչներից է, եւ եթե նկատվում է սեռական ֆունկցիայի թեթեւ անկում, հաջորդ օրն իսկ տղամարդկանց մեծ մասը դիմում է բժշկի:
«Առավոտի» հետ զրույցում Ր. Ջանեցյանն ասաց, որ կան տղամարդիկ, որոնք խրոնիկական հիվանդություններ ունեն, բայց անտեսում են իրենց առողջությունը: Իսկ թե ինչո՞ւ սեռական դիզֆունկցիայի դեպքում կանայք ավելի քիչ են դիմում բժշկի, պարոն Ջանեցյանը այսպես մեկնաբանեց. «Մեր հասարակության մեջ կանայք պատրաստ չեն իրենց առողջությամբ լիակատար զբաղվելու: Պատճառները բազմաթիվ են. օրինակ՝ վերջին տարիներին ավելի զբաղված են աշխատանքով եւ հոգսերով: Կանանց հիմնական մասը չի դիմում բժշկի: Մեր կանայք մեծամասամբ ամոթխած են, շատ քչերն են դիմում եւ ասում՝ ես սեքսից հաճույք չեմ ստանում, կամ սեքսի ժամանակ ցավեր կան եւ այլն: Օրինակ, եթե սեռական ֆունկցիայի ժամանակ հաճույքի պակաս, ֆրիգիդություն կա կամ օրգազմ չեն ունենում, բազմաթիվ կանանց այս ամենը չի հուզում»:
Րաֆֆի Ջանեցյանի խոսքերով՝ տղամարդիկ ավելի հաճախ դիմում են շագանակագեղձի բորբոքման հարցով, որը 20-40 տարեկանների մոտ է նկատվում, իսկ 50-60 տարեկանները դիմում են շագանակագեղձի ադենոմայի դեպքում, երբ գեղձում հյուսվածք է առաջանում, որը խանգարում է միզարտադրությանը: 3-րդ տեղում շագանակագեղձի ուռուցքն է, որը հանդիպում է 45-60 տարեկանում: Շատ են լինում նաեւ միզուղիների բորբոքումներ, սեռական վարակներ, սեռական ֆունկցիայի խանգարում, անպտղություն: Դիմում են նաեւ տեստոստերոնի անբավարարության, այսպես ասած՝ տղամարդկանց կլիմաքսի խնդրով. ընդ որում, պարտադիր չէ, որ այս հիվանդությունն առաջանա միայն հասուն տարիքում: Ուրոլոգի պատմելով՝ վերջերս 18 տարեկան երիտասարդ է դիմել հենց այդ խնդրով: Ըստ բժշկի, պետք չէ հուսահատվել, դա բուժելի հիվանդութուն է: Պարզելու համար՝ կա՞ արդյոք տեստոստերոնի անբավարարություն, բժիշկը թեստ է անցկացնում: Այս հիվանդության ախտանիշերից է մազաթափությունը, գերգրգռվածությունը կամ սեռական ֆունկցիայի նվազումը, նյարդային վիճակը, հոգնածությունը, ամբողջ օրը հեռուստացույց դիտելը եւ այլն, սակայն նույնիսկ այս ամենը վերջնականապես չի հաստատում հիվանդության առկայությունը, բժիշկը պետք է մանրակրկիտ հետազոտի հիվանդին:
Ժողովրդի մեջ տարածված կարծիքը, թե շագանակագեղձի բորբոքման պատճառը մրսածությունն է, այնքան էլ ճիշտ չէ: Րաֆֆի Ջանեցյանի խոսքերով՝ պատճառները բազմաթիվ են՝ ձեռքբերովի բորբոքային հիվանդությունները, վարակները, իմունիտետի անկումը, ոչ կանոնավոր սեռական կյանքը կամ դրա բացակայությունը, նստակյաց կյանքը, խմիչքի չարաշահումը, գեղձի գերսառեցումն ու գերտաքացումը. «Այսինքն, եթե, օրինակ՝ պաշտոնյան ամբողջ օրը նստած է իր մեքենայում ու տակից տաքացվում է, նա հաստատ խնդիր կունենա: Այնպես որ՝ ոչ շատ տաքացնելն է մի բան, ոչ էլ սառեցնելը»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել, որպեսզի համարվի կանոնավոր, պարոն Ջանեցյանն ասաց. «Դա հայ ժողովրդին հուզող հարց է: Կանոնավորը դա ինդիվիդուալ է, կախված է մարդու սեռական ցանկությունից, զույգից, սեռական եւ ֆիզիկական կարողությունից: Սեռական ներքին մղում պետք է լինի, իսկ եթե կա մղում, ուրեմն պետք է անպայման զբաղվել սեքսով: Եթե չկա մղում, պետք է արթնացնել, այնպես չլինի, որ ամիսը մեկ զբաղվեն ու հոգեբանական, ֆիզիկական եւ նյարդային խնդիրներ առաջանա»:
Ըստ բժշկի՝ սեռական ֆունկցիայի խանգարումներն էլ մի քանի պատճառներ ունեն: Դրանք կարող են լինել ե՛ւ հոգեբանական, ե՛ւ օրգանական: Քիչ չեն դեպքերը, երբ սխալ բուժման կամ ոչ ճիշտ դեղորայք ընդունելու պատճառով, կրկին սեռական կյանքի դիզֆունկցիա է առաջանում: Իսկ երբ հոգեբանական խնդիրներ են առաջանում, Րաֆֆի Ջանեցյանը վստահեցնում է, որ սեքսը կարող է օգնել. «Օրինակ, սթրեսի եւ ընկճվածության դեպքում նույնիսկ խորհուրդ է տրվում զբաղվել սեքսով: Այսինքն, շատ ժամանակ սեքսը հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել