Լրահոս
Օրվա լրահոսը

Գառը՝ Իրան, տավարը՝ Թուրքիա

Հունվար 29,2010 00:00

Մսի դեֆիցիտի պատճառով, մսավաճառները մնացել են անգործ

Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի շուկաներում տավարի մսի դեֆիցիտ է: Եղածն էլ վաճառվում է 1750-1800 դրամով, այն դեպքում, երբ ընդամենը 1 շաբաթ առաջ տավարի մսի 1 կիլոգրամի գինը 1400 դրամից չէր անցնում: Մսավաճառները իսկական խառնաշփոթի մեջ են: Դեռեւս Ամանորից առաջ կրկնակի թանկացավ գառան միսը, ինչը պայմանավորված էր Հայաստանից ոչխարների հսկայական խմբաքանակի արտահանմամբ: Արդյունքում գառան մսի 1 կիլոգրամը թանկացավ մինչեւ 3000 դրամ: Այնուամենայնիվ, մսավաճառները կարողանում էին իրենց առեւտուրը կազմակերպել ու գոնե տավարի ու խոզի միս վաճառել: Բայց արի ու տես, որ ոչխար արտահանողի գործերն այնքան են լավացել, որ նա որոշել է տավարի միսն էլ արտահանել, մանավանդ որ, այն Թուրքիայում 3 անգամ ավելի թանկ է, քան՝ Հայաստանում: Երեկ, ԳՈՒՄ-ի մսի շուկայի առեւտրականների կեսից ավելին, միս չլինելու պատճառով՝ փակել էր իր կրպակները: Իսկ նրանք, ովքեր աշխատում էին, վաճառում էին խոզի միս, հիմնականում՝ ոչ տեղական, տավարի ոտքեր ու լավագույն դեպքում՝ մի քանի կիլոգրամ գառան միս: Մի քանի տասնյակ մսի կրպակներից ընդամենը 2-3-ում էր տավարի միս վաճառվում՝ ոսկորոտն ու ոչ այնքան թարմը՝ 1800, իսկ փափուկ միսն ու համեմատաբար թարմը՝ 2200-2300 դրամով:
Մեզ հետ զրույցում վաճառականները պատմում էին, որ ընդամենը 1 շաբաթ առաջ այնքան շատ միս էին ունենում, որ գյուղացիները առավոտ շուտ իրենց ոտքով բերում էին, խնդրում-աղաչում, որ գոնե 1200 դրամով վերցնեն, չէին կարողանում վերցնել: Նրանց պատմելով, հիմա արդեն գյուղացիները նույնիսկ 1600 դրամով չեն համաձայնում տեղում տավարի միսը վաճառել, քանի որ նրանցից շատերին արդեն ավելի բարձր են վճարել, որպեսզի անասունները չվաճառեն ու իրենց համար պահեն: Իսկ վճարողը, ըստ մսավաճառների, ԱԺ պատգամա վոր Ալեքսանդր Սարգսյանն է, ով իր համար հաջողակ բիզնեսի նոր ձեւ է գտել. գառան ու ոչխարի միսը արտահանում է Իրան, տավարի միսը՝ Թուրքիա եւ Դուբայ:
«Օրական 15 հազար դրամ եմ տալիս, բայց արդեն 2 օր է՝ օրը 10 հազարի միս չեմ ծախում, տիրոջը խնդրում եմ համբերի, որ մի բան ծախեմ, փողը հավաքվի՝ տամ: Բայց որ սենց շարունակվի, ստիպված ես էլ կողքիս կրպակների նման պիտի փակեմ: Հիմա բացում եմ, ասում եմ՝ գոնե մի բան ծախեմ, որովհետեւ գործ անես-չանես՝ կրպակի տիրոջը տեղի փողը պետք ա տաս»,- պատմում էր մսավաճառներից մեկը: Մեկ այլ մսավաճառի խոսքերով. «Շեյխերը ամեն օր ալլահին խնդրում են, որ հայերին հարիֆացնի, լավ, թարմ տավարի միսը բերեն իրենց տան, իսկ մենք էլ մնանք Հնդկաստանի փտած գոմեշների հույսին: Էդ որ լավ միս լինի՝ իրենք կուտեն, ինչի՞ են տալիս հայերին»:
Նշենք, որ վաճառականները տեղի վարձը վճարում են այն տանտիրոջը, ում տան առաջին հարկում գտնվում է իրենց կրպակը: Օրվա վարձը տատանվում է 10-25 հազար դրամի սահմաններում: Առեւտրականներից մեկն էլ խորհուրդ տվեց, որ եթե հանկարծ շուկայում տավարի էժան միս հանդիպի, ասենք՝ 1500-1600 դրամով, ոչ մի դեպքում չառնենք. «Էդ հաստատ հիվանդ անասունի միս ա»: Մեր այն հարցին՝ ի՞նչ է, շուկայում միսն ամեն օր չի՞ ստուգվում, նա պատասխանեց. «Հարցն էդ չի, կարող ա մարդու համար միսը վտանգավոր չլինի, բայց ինքը հյուծված, նիհար- միհար անասուն լինի, որ ուտես, էդ մսի համից բան չհասկանաս»: Առեւտրականներից մեկն էլ պատմեց, որ երեկ գնացել է Բարձրաշեն գյուղ՝ տավարի միս գնելու, բայց գյուղացիները 1 կիլոգրամը 1700 դրամից պակաս չեն համաձայնել վաճառել. «Դե պատկերացրեք, եթե ես 1700 դրամ 1 կիլոյին տամ, հետո էդ անասունը պետք ա մորթեմ, փորը թափեմ, միսը մշակեմ, ոսկորները հանեմ, էդ ստացվում ա, որ ես պատրաստի միսը պետք ա 3000 դրամից պակաս չծախեմ: Տենց ո՞նց կլինի, մարդիկ գալիս հազիվ կես կիլո, մի կիլո միս են առնում, մի կտոր բան դնես տոպրակի մեջ, ասես՝ 3000 փող տուր, ամոթ ա, չէ՞: Էրեկ էլ սաղ քաղաքի մսավաճառներով հավաքվել, չենք աշխատել, բունտ ենք արել: Ոչ գործ կա, ոչ բան, գնանք որտե՞ղ հացի փող աշխատենք»:
Մսի կրպակատերերից շատերն էլ երեկ անձամբ էին բացել կրպակներն ու առեւտուրն իրենք էին անում. «Աշխատողիս չեմ կանչել, որ ավել 5000 դրամ փող չտամ: Որտեղի՞ց տամ, հազիվ տեղի վարձն եմ փակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել