Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵԽԽՎ-ՈՒՄ

Հունվար 29,2010 00:00

Երեկ ԵԽԽՎ-ում քննարկվեց Դանիայի պատվիրակ Յորգեն Պոուլսենի «Փախստականների եւ տեղահանվածների գույքային հարցերի լուծման մասին» զեկույցը: Բնական է, որ այս հարցի նկատմամբ շահագրգիռ վերաբերմունք պիտի ցուցաբերեին Ադրբեջանի պատվիրակները: Գյուլթաքին Հաջիբեյլին զեկույցի մասին ներկայացրել էր հատուկ կարծիք: Իսկ երեկ էլ նա ելույթ ունեցավ ու դարձյալ խոսեց Ադրբեջանի «1 մլն փախստականների ու տեղահանվածների», «Հայաստանի կողմից օկուպացված տարածքների», «Ղարաբաղի անջատողական վարչակարգի» եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի մասին:
Ելույթ ունեցավ նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը եւ մասնավորապես հայտարարեց. «20 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանություն»: Նաեւ նշեց. «Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականությունը՝ սկսած 1988 թվականի Սումգայիթի ջարդերից, այնուհետեւ Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի, տխրահռչակ «Կոլցո» օպերացիայի ողբերգություններից, չի դադարում մինչ օրս՝ ստանալով հակահայկական նորանոր դրսեւորումներ։ Ադրբեջանցիների իրականացրած ոճրագործությունները ուղղակի սահմռկեցուցիչ էին։ Օրինակ, Կիրովաբադի ծերանոցի հայ կանանց կենդանի-կենդանի թաղել են գետի ափին, նույն ճակատագրին են արժանացել տասնյակ հայ տղամարդիկ, որոնց շղթայով իրար են կապել եւ այրել Կիրովաբադի «Էնգելս» կինոթատրոնի դիմացի հնոցատանը։ Եւ սա ընդամենը մեկ-երկու դրվագ է Ադրբեջանում հայերի հանդեպ կատարված ահասարսուռ հարյուրավոր սպանություններից»:
Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց տեղահանված անձանց սեփականության խնդիրները քննարկելիս չմոռանալ Ադրբեջանից վտարված գրեթե կես միլիոն հայության իրավունքները, «ովքեր ստիպված էին լքել Ադրբեջանը՝ հայերի հանդեպ իրականացված սպանությունների, ջարդերի եւ բռնության պատճառով»: Նրա ելույթը վերջինն էր, եւ այդ պատճառով չհետեւեց արդեն սովորական դարձած լեզվակռիվը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել