Ես ծնվեցի մի երկրում, որտեղ նիհար մարդկանց չէին հավատում, հրաշալի ու մոռացված երկիր, ուր ձյունը կայծկլտում էր անվախճան կապույտ երկնքի տակ, եւ գարնանային անձրեւները շարունակ վարար էին, իսկ կայծակները՝ տնամերձ, հարազատ, ինչպես անփութությանդ պատճառով ջղայնացած հորդ ձայնը: Ուր ձորերից բարձրացող մառախուղները քսվում-ծածկում էին հազարամյակներով անշարժացած ֆալոսների՝ համառորեն երկինք ձգվող քարե պատկերները, կիսավեր վանքերն ու գետնաքարշ խրճիթ-դպրոցները…
Ամեն ինչ կար այդ զարմանալի երկրում. հին մամռած գերեզմաններ, վիմափոր արձանագրություններ, շատ կարդալուց քրքրված գրադարաններ եւ անհայտ, բայց ցանկալի մի այլ կյանքի անհեռանկարում ապրող բազմաթիվ նիհար մարդիկ, որոնք համառորեն չէին հավատում նիհար մարդկանց: Մտածում էին՝ եթե մարդը խելացի է՝ պիտի հարստանա, եթե հարուստ է՝ պիտի լավ սնվի ու քիչ աշխատի, եւ եթե ապրուստը ճոխ է՝ պիտի պարարտ, հաստամարմին լինի…
Այսպես էին մտածում նիհար մարդկանց այդ հրաշալի երկրում, ուր ամեն ինչ կար, ամեն ինչ, բացի հուշարձաններից, չկային մարդկանց արձաններ:
Եվ ես՝ նորաթուխ պատանիս, որ արձաններ տեսել էի միայն գրքերում, գալով Երեւան՝ մինչեւ հոգուս խորքը ցնցված էի, երբ առաջին անգամ տեսա Խաչատուր Աբովյանի ու Նալբանդյանի հուշարձանները՝ կանգնած բաց երկնքի տակ, բնական՝ ինչպես սոսի ծառը, որպես հայրենի հողի էության հպարտ շարունակություն… Թեեւ նրանք նույնպես նիհար էին: Հետո, արդեն ավելի ուշ, ես ժամերով կանգնում էի մայրաքաղաքի հուշարձանների մոտ եւ փորձում էի հասկանալ պարզունակ մի բան, ո՞ւմ արձանն է կանգնեցնում ժողովուրդը, ո՞վ է այդ մարդը՝ հերոսը, ում աստվածացնում ու իր հետ անմահություն է տանում ազգը:
Այնինչ ամեն ինչ ավելի պարզ էր, քան կարելի էր ենթադրել. բրոնզաձույլ արձանը պատվանդանին բարձրացնելուց շատ ավելի առաջ ժողովուրդը իր հոգում է կանգնեցնում իր առաջնորդների, հերոսների եւ իր մեծերի հուշարձանները: Այն մարդկանց, որոնց խոսքն ու գործը չի խամրել, չի ծածկվել ժամանակների փոշով, մարդիկ, որոնք հաստատել-վավերացրել են մեր ազգային միտքը, որոնք ձեւակերպել են մեր հայրենիքը, մեր ինքնագիտակցությունը եւ մեր տեսակի ճանապարհը՝ այս խաբուսիկ հմայքի անողոք աշխարհում:
Եվ ահա մեր համազգային ընտրությունների նախօրեին ես նորից վերհիշեցի մեր մեծերին ու նրանց հուշարձանները, որովհետեւ գլխապտույտ առաջացնող հեռուստակարգախոսներում ինչ ասես հնչում է, բացի նրանց խոսքերից, ում ասես ցուցադրում են, բացի նրանցից: Բազմաթիվ ինքնագոհ ու պարարտ մարդիկ անվերջ ինչ-որ բան են խոստանում աղմուկից հալածական ժողովրդին, եւ Եղիշե Չարենցի արձանը գլուխը բռնած հետեւում է նրանց ու մեզ՝ ընտրողներիս:
Ի՞նչ է սա, հիշողության կորուստ, թե՞ հերոսի անկում: Ո՞վ է մեր ժամանակի հերոսը՝ օլիգա՞րխը, նրա թիկնապա՞հը, թե՞ անձնական օգտագործման կուսակցությունների ղեկավարները:
Եվ ստացվում է այնպես, որ մենք, կանգնեցնելով մեր մեծերի հուշարձանները, մոռանում ենք նրանց խոսքն ու գործը, որը պետք է դառնար մեր կողմնորոշման ուղենիշը, այսօր եւ ընդհանրապես:
Եվ հիմա, հետեւելով մեզ համակած պարտադրված վազքի այս անկազմակերպ երթին, մտածում եմ՝ գուցե ճիշտ էին մտածում մեր երկրում, որ չէին հավատում նիհար մարդկանց: Չէ՞ որ այսօրվա հերոսը փայլփլող երեսով պարարտն է՝ մոռացության տրված նիհար մեծերի արձաններին ու խոսքին օտար: