Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դատարաններն ամենակոռումպացվածներից են

Հունվար 29,2010 00:00

ԵԽԽՎ եւս մի փաստաթղթում բացասական գնահատականներ կան Հայաստանի վերաբերյալ

Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն քննարկեց Ֆինլանդիայի պատվիրակ Կիմո Սասիի «Դատական կոռուպցիա» զեկույցը եւ ընդունեց բանաձեւ: Երկու փաստաթղթերում էլ անդրադարձ կա Հայաստանին:
Մասնավորապես՝ բանաձեւում նշված է. «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ դատական կոռուպցիան խորը արմատավորված է Եվրոպայի խորհրդի անդամ շատ պետություններում, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի լրջագույն խնդիրների ենք բախվում այլ հասարակական եւ մասնավոր հաստատություններում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային սանդղակի» 2009-ի տվյալների համաձայն՝ Հայաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Վրաստանը եւ Մակեդոնիան այն շատ տագնապալի առանձնահատկությունն ունեն, որ հասարակության կողմից արդարադատական համակարգն ինքնին ընկալվում է իբրեւ ամենակոռումպացված հաստատություն»:
Իսկ զեկուցողի բացատրական հուշագրում մեջբերում է արված նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի 2008-ի զեկույցից՝ Հայաստան իր այցի վերաբերյալ: Համմարբերգը նշել էր, որ Հայաստանի դատական համակարգը դեռ տակավին «հեռու է անկախ համարվելուց», մասնավորապես՝ դատական իշխանության նկատմամբ գործադրվող ճնշումների պատճառով, «ներառյալ կենտրոնական եւ տեղական իշխանության եւ դատախազության կողմից գործադրվող անհարկի ներգործությունը»: Ընդ որում, նշված է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը համամիտ է այս գնահատականներին:
Հիշատակվում է նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոչը՝ ձեռնարկել միջոցներ, որպեսզի Հայաստանում դատավորների ընտրության գործընթացը դառնա ավելի թափանցիկ եւ արդարացի, ավելացվի նրանց աշխատավարձը՝ հույս ունենալով, թե այսպիսով կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Ուշագրավ է, որ Հայաստանի պատվիրակությունից եւ ոչ մեկը չմասնակցեց այս հարցի քննարկմանը: Ենթադրելի է, որ նրանք համաձայն էին մեր արդարադատության համակարգին տրված այս գնահատականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել