Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ԳՈՀ ՉԷ ՆԱԵՎ ՀՀ ԱԺ-ԻՑ»

Հունվար 29,2010 00:00

Զարմանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը Հայաստանին ու Ադրբեջանին երեկ կոչ է արել շուտափույթ համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը միտված սկզբունքները։ «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ գլխավոր դերը մենք տալիս ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրչիկի աշխատանքին։ Կարծում ենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների ձգձգումը կարող է բացասաբար ազդել նրա հետագա ընթացքի վրա եւ վերջնականապես խաթարել կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ»,- ասել է ԵԱՀԿ նախագահը: Սոչիի հանդիպումից հետո ԼՂՀ հարցի շուրջ առաջացած աշխուժությունն արդյոք արհեստական չէ՞, եւ եվրոպական պաշտոնյաների՝ իրար հետեւած հայտարարությունները հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին, արդյոք, ճնշումներ չե՞ն կողմերի վրա: Պատասխանելով «Առավոտի» այս հարցին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ԵԱՀԿ նախագահի հայտարարության մեջ արտառոց, արհեստական ոչինչ չկա: Ավելին, մեր զրուցակիցը բնական է համարում, որ ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը՝ Ղազախստանը ցանկանում է իր գործունեության մեկ տարվա ընթացքում կարեւոր արդյունքներ ստանալ, մանավանդ, որ այդ երկրի նախագահը դեռեւս 1990-ականների սկզբներին է ԼՂՀ հարցում աջակցության նախաձեռնություններով հանդես եկել: Այն, որ Սոչիի հանդիպումից հետո խոսակցություններ են պտտվում, թե կողմերի միջեւ համաձայնություն կա, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, իսկ ԵԱՀԿ նախագահը խնդրի կարգավորման հարցում իբրեւ գլխավոր դերակատարներ նշում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ մեր զրուցակիցը նկատում է. «Ֆորմալ տեսանկյունից, այո, կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են: Եթե համաձայնություն կա, որ ԼՂՀ-ն պետք է վերականգնվի իբրեւ կողմ՝ դրական է: Բացասականն այն է, որ նման փաստաթուղթ դեռեւս հրապարակված չէ: Ընդամենը խոսակցություններ են: Ավելին, ադրբեջանական կողմն էլ հերքեց այդ արտահոսքը»:
Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ, որ մշտապես, երբ խոսք է գնացել Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, ադրբեջանական կողմը շեշտել է, որ ԼՂՀ-ն պետք է ներկայանա երկու համայնքներով՝ ադրբեջանական ու հայկական:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ, ըստ լրատվական կայքերի, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Անկարան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ալիեւն ասել է, որ ինքն «առավել քան գոհ է» այս հարցում Թուրքիայի մոտեցումից, չնայած նախկինում սուր քննադատության էր ենթարկում Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով նաեւ այս հայտարարությունը՝ Ստեփան Գրիգորյանը զարմացավ, որ Ալիեւը գոհունակություն չի հայտնել նաեւ ՀՀ ԱԺ-ի քայլերից: «Այսօր Թուրքիայի եւ ՀՀ ԱԺ-ի քաղաքականությունը համընկնում են: Երկուսն էլ ձգձգում են արձանագրությունների վավերացումը՝ փաստորեն, աշխատելով հօգուտ Ադրբեջանի»: Քաղաքագետն այնուամենայնիվ պնդում է, որ ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են, ընդ որում՝ ամենատարբեր մակարդակներում, բայց՝ «Ալիեւը գոհ է, որովհետեւ արձանագրությունների վավերացումը ձգձգվում է: Թուրքիայի այդ քաղաքականությունը հասկանալի է՝ ցանկանում են այդ գործընթացից կորզել մաքսիմալը եւ ոչ միայն ԼՂՀ հարցում, այլեւ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ այլն: Իսկ այդ ձգձգումը բերում է նրան, որ ինքնըստինքյան Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարցերը անընդհատ միախառնվում են: Այս առումով Թուրքիայի քայլերն ինձ հասկանալի են, իսկ ՀՀ ԱԺ-ինը՝ ոչ: Միտումնավոր ձգձգելով արձանագրությունների վավերացումը՝ աջակցում ենք Ադրբեջանին: ՀՀ ԱԺ-ն դուրս է գալիս երկրի եւ հայ ժողովրդի շահերի դեմ: Ինչքան վավերացումը ձգում ենք, այնքան հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերը կապվում են միմյանց, եւ մեծանում է ճնշումների հավանականությունը: Վավերացնենք արձանագրությունները եւ դուրս գանք այս գործընթացից: Հայաստանի վավերացմամբ՝ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի վրա: Իսկ դրա մասին մենք չպետք է մտահոգվենք: Այսօր մենք էլ կարծես սկսում ենք «խաղեր» տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել