Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՆ

Հունվար 28,2010 00:00

Առաջնահերթության ստվերն ու լույսը

\"\"

Աստղիկ Եվանգուլյանը (Առաքելյանը) 13-ամյա որդուն՝ Արսենին, ամեն օր ուղեկցում է Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոց: Երեխան մանկուց հաշմանդամ է՝ անդամալույծ: Նույն դասարանում է սովորում մյուս որդին՝ Հովհաննեսը: Իսկ դուստրը՝ Քրիստինեն, 3-րդ դասարանում է: Արսենի սայլակը ժամանակավոր օգտագործման նպատակով տվել է մանկատունը: Այն արդեն փոքր է եւ 3 տարի առաջ պետք է փոխարինվեր այլ սայլակով: Սակայն հնարավորություններ այս ընտանիքը չունի: Երեխային դպրոց տանելու համար միայնակ մայրը վարձակալել է դպրոցի դիմաց գտնվող 12 հարկանի շենքի 12-րդ հարկում գտնվող բնակարանը: Այստեղ վառում են «թղթի վառարան», քանի որ 40 000 դրամով վարձակալած բնակարանում հոսանք չկա: Ջուրը դժվարությամբ է հասնում բնակարան:
Եվանգուլյանների ընտանիքը առաջնահերթության կարգով պետք է բնակարան ստանար Շենգավիթի թաղապետարանից: Ըստ Շենգավիթի թաղապետարանի 04.06.02թ. թիվ 77 որոշման. «Ելնելով բնակարանային անբավարար պայմաններից, Ա. Եվանգուլյանի (Առաքելյանի) ընտանիքին 4 անձով ընդունել բնակհաշվառման»: Սույն որոշման հսկողությունը դրվել է թաղապետի տեղակալի վրա:
8 տարի այս ընտանիքը սպասում է: Ի դեպ, ընտանիքն ընդգրկված չէ «Փարոսում», այն դեպքում, երբ մայրը չի աշխատում եւ չի էլ կարող աշխատել՝ հաշմանդամ երեխայի պատճառով, երբ խնամքին անչափահաս երեխաներ են, երբ չունեն կողմնակի եկամուտներ եւ շարժեր:
Երեխաներին երբեմն-երբեմն ձեռք է մեկնում «Հույսի ավան» բարեգործական կազմակերպությունը, նրանց ապահովելով սննդով:
«Հոգնել եմ գնալ-գալուց՝ կապված բնակարանի հետ: Պատասխանում են՝ նպաստ ես ստանում: Կարծես այդ 24 000 դրամով կարող եմ հոգալ վարձակալած բնակարանի եւ երեխաներիս ծախսերը: Արսենը պարբերաբար ցնցումների մեջ է, եւ ես ամեն անգամ երեխայի հետ կապված փաստի առաջ եմ կանգնում»,- ասում է Աստղիկ  Եվանգուլյանը:
Միայնակ մայրը դիմել է ՀՀ վարչապետին: Վարչապետին ուղղված նամակը փոխանցվել է քաղաքապետին: Այնտեղից էլ «պարզել» են, որ այս ընտանիքի անապահովության միավորը կազմում է 35.87, եւ ընտանիքի մայրը ստանում է ամսական 24 500 դրամ (այդ մասին գրված է եղել վարչապետին ուղղված նամակում եւ առանձնապես պարզելու խնդիր չի էլ եղել- Ռ. Մ.): Եվանգուլյանին քաղաքապետարանը խորհուրդ է տվել դիմել «Հույսի ավանին»:
Օգնության ակնկալիքով Ա. Եվանգուլյանը դիմել է ՀՀ նախագահին: Նախագահին հասցեագրված նամակը փոխանցվել է Շենգավիթի թաղապետին: Այնտեղից պատասխանել են. «Ազատ բնակֆոնդերի առկայության դեպքում բնակարանների հատկացումն իրականացվում է համաձայն թաղապետարանում բնակհաշվառման ընդունված հերթացուցակի՝ օրենքով ընդունված կարգի: Դուք թաղապետարանում ընդունված եք հաշվառման 04.06.02 թվականին եւ ներկայումս գտնվում եք առաջնահերթության հերթացուցակի 669 համարում: Թաղապետարանը Ձեր բնակարանային հարցին կանդրադառնա հերթացուցակում Ձեզ նախորդող քաղաքացիների բնակարանային հարցին լուծում տալուց հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել