Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ապացուցել է, որ ի վիճակի է ընդունել ցանկացած բարձրակարգ մրցում

Հունվար 28,2010 00:00

Փետրվարի 12-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի նախորդ առաջնության արդյունքներով լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած ազգային հավաքականներից ութը:

\"\"

Հայաստանը, չնայած վերջին առաջնությունում թիմային հաշվարկով գրավել էր 11-րդ տեղը, սակայն որպես մրցաշարի կազմակերպիչ՝ մասնակցելու արտահերթ իրավունք ունի:
Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը եւ ՀԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ, ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի խորհրդական եւ գործկոմի անդամ Ռազմիկ Ստեփանյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Պարոնայք Ստեփանյանն ու Ենոքյանը տեղեկացրին, որ ՖԻԼԱ-ն երեւանյան այս մրցաշար հրավերներ ուղարկել է Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, Վրաստանին, Հունգարիային, Կուբային եւ Ադրբեջանին: Նկատի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ իրենց ֆեդերացիան որոշել է թիմ չուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ երեւանյան այս մրցաշարն իրենց հավաքականի տարեկան միջոցառումների ծրագրերի մեջ ընդգրկված չի եղել, ասուլիսի մասնակից աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտեի անդամները սկզբից եւեթ հայտարարեցին. «Հավանաբար տեղյակ եք, որ մեր եւ հարեւան երկրի ազգային ֆեդերացիաները միմյանց հետ անմիջական կապ չունեն: Հաղորդակցությունն իրականացվում է ՖԻԼԱ-ի միջոցով: Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանական կողմը չի ժամանելու Հայաստան: Բայց քանի դեռ մենք ՖԻԼԱ-ից այդ բովանդակությամբ պաշտոնական գրություն չենք ստացել, այդ թեմային առնչվող հարցերին պատասխանել չենք կարող: Հայտերի ներկայացման վերջին ժամկետը լրանալուն դեռ երկու օր կա: Այս ընթացքում բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը: Սպասենք եւս երկու օր եւ նորություններ լինելու դեպքում մենք անպայման ձեզ տեղյակ կպահենք»:
Սակայն լրագրողների հարցերը մեծամասամբ հենց Ադրբեջանի դիրքորոշմանն ու հայկական կողմի՝ դրա հավանական պատասխանին էին վերաբերում: Պատասխաններն էլ հնարավորինս ամբողջական էին ու ամփոփ: Օրինակ. «Եթե վերջնականապես հաստատվի, որ նրանք չեն մասնակցելու, ՖԻԼԱ-ն ընտրություն կկատարի երեք այլ երկրների՝ Ուզբեկստանի, Շվեդիայի եւ Դանիայի միջեւ:
Չենք կարծում, որ Ադրբեջանի այդ որոշումը, եթե դա, իրոք, կայացվել է, քաղաքական որեւէ դրդապատճառ ունի: Մարզաձեւի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆեդերացիաները առաջինն էին, որ վեր կանգնեցին քաղաքական հարթությունից, դրսեւորեցին մարդասիրական մտածողություն, հավատարիմ մնացին օլիմպիզմի գաղափարներին: Մարզական ոլորտում հարաբերություններ հաստատելու հարցում նախաձեռնողը մենք եղանք, երբ 2007 թվականին Բաքվում մասնակցեցինք աշխարհի առաջնությանը: Ամեն բան նորմալ էր: Դրանից հետո՝ անցած տարի, հարեւան հանրապետության ձյուդոյի երիտասարդական հավաքականը Երեւանում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, ու ամբողջ աշխարհը տեսավ, որ ամեն բան ընթացավ բարձր մակարդակով, եւ որեւէ խնդիր չառաջացավ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մեր հավաքականներն էլ ի պատասխան նույն կերպ վարվեն եւ հրաժարվեն Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց, բանախոսները պատասխանեցին. «Եվրոպայի առաջնությանը դեռ երկու ամիս կա: Մենք հրաժարվելու խնդիր չունենք եւ հայտարարել ենք, որ անպայման մեկնելու ենք Բաքու: Իհարկե, Աստված մի արասցե, եթե այդ ընթացքում երկու երկրների հարաբերություններում արտակարգ իրադարձություններ չծագեն»:
Լրատվամիջոցներին հետաքրքրում էին նաեւ, թե մասնակիցների, մրցավարների եւ ՖԻԼԱ-ի ղեկավարությանը ո՞ր հյուրանոցներն են տրամադրվելու, չնայած Երեւանում մնալու անչափ կարճ ժամանակին, նրանց համար ճանաչողական ի՞նչ ծրագրեր են կազմվել, եւ նմանատիպ բազում այլ հարցեր, որոնց տրվեցին հիմնավոր պատասխաններ:
Հետաքրքիր էր նաեւ, թե ամբողջ միջոցառման համար որքա՞ն գումար է տրամադրվել: Ռազմիկ Ստեփանյանն այս հարցին պատասխանեց. «Երբ աշխարհի գավաթի խաղարկությունը Երեւանում կազմակերպելու որոշումը կայացվեց, Հայաստանի 2010 թվականի բյուջեն արդեն կազմված էր, եւ այս միջոցառումը, հասկանալի է, նախատեսված չէր: Սակայն մենք ունենք ՀԱՕԿ-ի եւ ըմբշամարտի ֆեդերացիայի ուժեղ նախագահներ, ովքեր իրենց վրա են վերցրել բոլոր ծախսերը, որոնք նախնական հաշվարկներով կազմում են $600 հազարին համարժեք դրամ: Համոզված եղեք, որ թե նախապատրաստության շրջանում եւ թե մրցումների օրերին չլուծված որեւէ խնդիր չի լինի»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց. «Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ապագայում մեզ մոտ նաեւ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն էլ անցկացվի»:
Ռազմիկ Ստեփանյանի պատասխանն այսպիսին էր: «Հայաստանն արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ ի վիճակի է կազմակերպել ցանկացած բարձրակարգ միջոցառում: Այնպես որ, դա միանգամայն հնարավոր է, ու այդ ուղղությամբ աշխատանքներ անպայման կտարվեն: Ավելին, եկեք մտածենք, թե ո՞րը մեզ համար ավելի շահեկան կլինի՝ ձեր ասած առաջնություննե՞րը, թե՞ օլիմպիական վարկանիշային որեւէ մրցաշար: Կարծում եմ՝ երկրորդ տարբերակն ավելի է արժանի ուշադրության: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ այդ հարցերն արդեն իսկ քննարկվում են: Եվ քանի որ տեսնում եմ, որ հարցերն սպառվում են, ձեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներիդ ուզում եմ մի բան հավաստիացնել: Ձեզանից շատ բան է կախված բոլոր ոլորտներում մեր հաջողությունների հարցում: Սպորտը, մասնավորապես ըմբշամարտը, մեզանում ավանդաբար հաջողություններ արձանագրող մարզաձեւերից է: Եվ ֆեդերացիան, նախագահ Սամվել Կարապետյանն ամեն բան անելու են նվաճումները բազմապատկելու եւ հայ մարզասերներին հնարավորին չափ շատ ուրախություն պարգեւելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել