Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության կազմկոմիտեն ընտրել է ոչ ամերիկյան կինոյի միակ անվանակարգի՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմի» 9 հավակնորդներին, որոնց շարքում այս անգամ էլ հայկական անուն չկա, տեղեկացնում է tert.am-ը: Ընտրությունը կատարվել է տարբեր երկրներից ներկայացված 65 հայտերից, որոնց թվում էին երկու հայ ռեժիսորների՝ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6» (Ռուսաստան) եւ Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմերը, որը մշակույթի նախարարության ընտրությամբ պետք է ներկայացներ Հայաստանը՝ «Օսկարի» նշված անվանակարգում: Շահնազարովի «Հիվանդասենյակ N6»-ը նկարահանվել է Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա, իսկ Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» նվիրված է իտալացի աշխարհահռչակ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ եւ քանդակագործ Տոնինո Գուերային։ Անցած տարի «Օսկարի» «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում Ռուսաստանը ներկայացնելու հնարավորություն ուներ ռեժիսոր Աննա Մելիքյանը՝ իր «Ջրահարս» ֆիլմով, որը լավագույնն էր ճանաչվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: «Օսկարի» նախապատրաստություններում մինչ օրս հնչած հայկական միակ ազգանունը Չալդրանյանն է, որի «Լռության սիմֆոնիան» 2002-ին էր հավակնում հայտնվել համապատասխան անվանակարգում, իսկ 2008-ին «Քրմուհին», տեխնիկական պատճառով, չէր հայտնվել հավակնորդների ցուցակում: