Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ. ԻՄ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Հունվար 28,2010 00:00

«Դրվագներ» բանակային կյանքից …

Բանակային կյանքի մասին տարբեր պատմություններ, անեկդոտներ, լավ եւ վատ խոսքեր են հյուսվում. ամեն դեպքում մեկի համար ծառայությունը պարտադիր է, որովհետեւ դա նախ եւ առաջ հայրենիքի նկատմամբ պարտք է, մյուսի համար էլ՝ անտեղի երկու տարվա կորուստ:
Երկու երկար ու ձիգ տարիներ, կարոտ, սպասումներ… Թերեւս այսպես են նկարագրում հայ զինվորներն իրենց զինծառայությունը:
Այսօր հայոց բանակը տոնում է իր 18-ամյակը: Տոնի առնչությամբ «Առավոտը» զրուցեց մեր հայրենիքի պաշտպաններից մի քանիսի հետ՝ տեղեկանալու, թե ինչպե՞ս է ընթանում զինծառայությունը եւ ընդհանրապես ի՞նչ են մտածում նրանք…
Օրինակ, Հյուսիսարեւելյան սահմանային գոտու N զորամասի 21-ամյա ծառայող Արտակ Գեւորգյանը ութ ամիս է՝ գտնվում է ծառայության մեջ: Նրա խոսքով, այդ ամիսների ընթացքում իր կյանքը լիովին փոխվել է. «Բանակի մասին պատկերացումներս բոլորովին այլ էին, այստեղ ամեն ինչ նորմալ է, բանակում տղան դառնում է ավելի կայուն եւ ինքնուրույն: Այստեղ ամեն ինչ այլ է՝ մարտական պատրաստության պարապմունքներ, մարտական հերթապահություն եւ այլն»: Մասնագիտությամբ ֆինանսիստ Արտակը նշում է, որ բանակը տղամարդուն ինքնուրույն դառնալու ամեն հնարավորություն տալիս է, հարկավոր է միայն այդ հնարավորությունը ճիշտ օգտագործել. «Ծառայությունից առաջ մտածում էի՝ գուցե բանակը վատ անդրադառնա մասնագիտական հմտություններս պահպանելու հարցում: Բայց հասկացա, որ անգամ այդ խնդիրը չպետք է զորակոչվող ուսանողներին վախեցնի: Բանակը տղային իսկական տղամարդ է դարձնում, հատկապես, եթե 18 տարեկանում՝ չկազմավորված են գալիս: Այստեղ սովորում ես դժվարությունները միայնակ հաղթահարել եւ, անկախ քեզնից, տրամաբանությունդ, հոգեբանությունդ էլ է փոխվում»:
Նույն զորամասում ծառայող 19-ամյա շարքային Նարեկ Մուրադյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ամենաշատը բանակում կարոտն է տանջում. «Այստեղ հասկանում ես՝ ինչ բան է կարոտը: Անգամ ամենաչնչին բաները սկսում ես կարոտել՝ մեկի ժպիտը, մյուսի ժեստերը, էլ չեմ ասում մայրիկի պատրաստած սննդի մասին… Երեւի ամենաբարդ բանը, որին հարմարվել եմ, դա բանակային սնունդն էր. սկզբում շատ անսովոր էր եւ դժվար էր այստեղի սննդով քաղցը հագեցնել: Շատ եմ սիրում ոլոռով ապուր, խոստովանում եմ՝ այն բանակում շատ համեղ են պատրաստում»: Իսկ թե ինչ է իր մեջ փոխել զինծառայությունը, Նարեկն ասաց. «Մինչեւ բանակ գալս ժամանակը չէի գնահատում, շատ էի անտեղի ժամանակ ծախսում: Այժմ ազատ ժամանակս անցկացնում եմ գիրք կարդալով»:
 Այս զորամասի մեկ այլ ծառայող՝ 19-ամյա շարքային Մանվել Եսայանն էլ, որը ծառայության մեջ է շուրջ մեկ տարի, նշում է, որ բանակային կյանքն այնքան էլ սարսափելի չէ, որքան խոսում է հասարակությունը. «Ծառայության ընթացքում ոչ մի արտասովոր բան չի լինում, պարզապես ավելի համակարգված եւ ռեժիմով ես ապրում: Իհարկե, շատ են դժվարությունները, բայց դրանք տղամարդու համար են: Այն, որ ասում են՝ տղաները վախենում եմ ծառայությունից, սուտ է. մեկ օր այցելելով որեւէ զորամաս, բոլոր բացասական կարծիքները կվերանան, քանի որ ամեն հայ տղայի մեջ էլ զգացվում է ազգին ծառայելու պատրաստակամությունը»: Մեզ հետ զրույցում Մանվելն ասաց, որ սիրած աղջիկ ունի եւ իր համար միակ դժվարությունը վերջինից հեռու գտնվելն է. «Հեռավորությունը մարդու մեջ շատ բան է փոխում, սա միայն կհասկանա նա, ով երբեւէ երկար ժամանակով բացակայել է տնից, ընտանիքից, սիրած աղջկանից…»: Մանվելը կատակով ավելացրեց, որ զինվորները հաճախ գեղեցիկ սեռին տեսնելու, նրանց հետ շփվելու կարիք են զգում. «Ախր առանց աղջիկների՝ կյանքը շատ անհետաքրքիր է: Երկու տարի առանց նրանց ապրելը՝ մեծ տղամարդկություն է պահանջում…»:
Սիսիանի զորամասերից մեկում մեկուկես տարվա զինծառայող Մուշեղի կարծիքով էլ՝ ծառայելը պարտադիր է յուրաքանչյուր հայ տղայի համար. «Սովորում ես ինքնուրույն ապրել, կոփվում ես ամեն առումով»: Նա եւս սիրած աղջիկ ունի, որի հետ միայն հեռախոսով է խոսում ու համաձայն է այն մտքին, որ «եթե զույգերն իրար սիրում են, հեռավորությունը չի կարող նրանց բաժանել կամ զգացմունքները սառեցնել…»:
Զրուցեցինք նաեւ Հյուսիսարեւելյան սահմանային գոտու N զորամասի գրադարանավարուհու՝ Ժաննա Գիսայանի հետ: Նրա բնութագրմամբ, զինվորները շատ ընթերցասեր են. «Արդեն 9 տարի աշխատում եմ այստեղ: Ու ամեն տարի նոր զորակոչի հետ հասցնում եմ կրկին զարմանալ գրականության հանդեպ տածած նրանց սիրուց: Նշեմ նաեւ, որ մեր զինվորները հիմնականում հայկական դասականներին են նախընտրում՝ «Սամվել», «Գեւորգ Մարզպետունի», եւ «Աստվածաշունչ»:
Հյուսիսարեւելյան սահմանային գոտու N զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Թաթուլ Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում բանակային կյանքը մեծ դժվարություններ է ներկայացնում, մասնավորապես՝ սահմանային գոտիներում ծառայող զինակոչիկների համար. «Դիրքեր ունենք, որ այսօր շատ բարդ պայմաններում են գտնվում, մասնավորապես այս ցրտաշունչ եղանակներին: Բարդությունները կապված են զինվորների հիգիենայի, սննդի հետ: Օրինակ՝ զինվորները կարող են 3 կիլոմետր իջնել դիրքերից՝ սնունդ, ջուր վերցնելու համար: Եղանակային պայմանները մի-քիչ դժվարացնում են ծառայությունը, իսկ դրանից տուժում են սահմաններում ծառայող զինվորները. շատերի համար այդ պայմաններում ծառայելը դժվար է»:
Նա, կարեւորելով զինծառայությունը, ասաց. «Իրականում այն բոլոր դժվարությունները, որոնք նշեցի, մարտիկի համար են: Զինծառայողի համար դրանք պետք է դժվարություն չհանդիսանան: Մեզ մոտ ծառայող երիտասարդների համար այդպես է. նրանք սովորել են այդ պայմաններին, նրանց համար առանց այդ դժվարությունների՝ ծառայությունը ծառայություն չի թվա: Հայ տղաներն ինչով են տարբերվում մյուս ազգերի ծառայողներից. նրանց հոգեբանության մեջ մտած է, որ իրենք դա անում են ազգի համար: Մենք հասկանում ենք, որ զինվորների համար դժվար է, բայց նաեւ հասկանում ենք այն, որ յուրաքանչյուր ծառայող գալիս է հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու»: Մայոր Ղազարյանը նկատում է, որ հայ երիտասարդները շատ ջերմ են, սիրառատ եւ տղաների խնդիրը հիմնականում կարոտն է: «Կարոտը հաղթահարում են կապի միջոցներով: Այն ժամանակվանից, ինչ բջջային հեռախոսներ տրամադրվեցին ստորաբաժանումներին՝ նամակ գրելը մոռացվեց, նվազեց: Հիմնականում SMS-ներով են հաղորդակցվում,- վկայեց Թ. Ղազարյանը՝ հավելելով,- օր օրի մեր բանակը հզորանում է, մեր տղաները շատ առույգ են, համարձակ: Զինվորների անունից փոխանցում եմ, որ մեր սահմանները անառիկ են, ամեն գնով պատրաստ ենք դիմակայել թշնամու ոտնձգություններին եւ պաշտպանվել: Յուրաքանչյուր զինվոր այսօր զգում է իր առջեւ մեծ պատասխանատվություն՝ կյանքի գնով պաշտպանելու սահմանները: Հավաստիացնում եմ՝ յուրաքանչյուր զինծառայող պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել